Re: Անապատականություն և Վանականություն
Եթե 4-րդ դարում անպատականության դասական կենտրոնը Եգիպտոսն էր, ապա 5-6-րդ դարերում այդ կենտրոնը տեղափոխվեց Պաղեստին: Դրան մեծապես նպաստում էր նաև 4-րդ դարի վերջից դեպի այդ երկիրը սկիզբ առած ուխտագնացության մեծ թափը:
Դեռևս 4-րդ դարի առաջին կեսից Պաղեստինում անապատականությունն իր սկզբնավորությունն առավ Անտոնի աշակերտ Իլարիոն Գազացու շնորհիվ, ով կարճ ժամանակում Գազայում հազարավոր հետևորորդներ ունեցավ:
Երուսաղեմից հարավ` Հուդայական անապատում, մեծ ճանաչում ձեռք բերեց Եպիփան Կիպրացին:
Պաղեստինում մեծ տարածում գտան նաև կանանց մենաստանները: Հռոմեացի հարուստ ազնվականուհի Մելանյա Ավագը Ձիթենյաց լեռան վրա հիմնեց կանանց առաջին մենաստաններից մեկը: Բազմաթիվ նման մենաստանների հիմնադրումով նշանավորվեց նաև երկու այլ կանանց` Պավլայի ու Մելանյա Կրտսերի անունները: Պաղեստինյան վանականության առանձնահատուկություններից մեկը նրա էթնիկական բազմազանությունն է. ստեղծվում էին ինչպես հունական ու ասորական, այնպես էլ հայկական ու լատինական, իսկ ավելի ուշ` նաև վրացական վանական համայնքներ: Անապատականության մեծագույն հանգրվաններից էր նաև Ասորիքը` ներկայիս Սիրիան: Ասորական անպատականության նշանավոր դեմքերից էին Հակոբ Նիզիբիացին, Մար Ավգինը (Եվգենիոս), Հուլիանոսը և Եփրեմ Ասորին: Իսկ Սեբաստիայի հայազգի եպիսկոպոս Եվստաթեոսը հայտնի է իբրև Հարավային Պափլագոնիայի, Պոնտոսի և Հայաստանի վանական կյանքի հիմնադիր:
Լիբանանից հարավ` մինչև Հայաստան, մեծ տարածում ունեին միայնակյաց ճգնավորները, որոնց ինքնազրկանքներն ու ճգնությունները երբեմն ծայրահեղ դրսևորումներ էին ստանում: Նրանք մարմինը չարչարող քուրձ էին հագնում,սնվում էին խոտերով, իրենց շղթայում էին ժայռերին, ապրում էին գուբերում և այլն: Ավելի ուշ զարգացավ սյունակյացությունը, երբ ճգնակյացներն իրենց կյանքն անց էին կացնում հատուկ սյուների վրա, ուր կարող էին միայն կանգնել կամ ծնկել` ապրելով բաց երկնքի տակ` բոլորովին անպաշտպան տարերքի հարվածների դիմաց: Սրանցից հատկապես նշանավոր էր Սիմեոն Սյունակյացը, որ իր կյանքի մեծ մասն անց էր կացրել շուրջ տասնութ մետրանոց սյունի վրա, որտեղից նա քարոզում էր իր հազարավոր հետևորդներին և բժշկում իր մոտ բերված հիվանդներին:
Վանականությունը մեծ ծաղկում ապրեց Հայաստանին սահմանակից Կապադովկիայում` շնորհիվ կապադովկյան երեք մեծ հայրերի` Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու և Գրիգոր Նյուսացու: Բարսեղ Կեսարացին, որ դեռ վաղ հասակից հակված էր ճգնակեցության` շնորհիվ նման կյանքով ապրող իր մայր Էմիլիայի և քույր Մաքրինայի, ինչպես նաև Եվստաթեոս Սեբաստացու, մանրամասն ծանոթանալու համար Եգիպտոսի, Պաղեստինի ու Սիրիայի անապատականների կենցաղին` մեկնում է այդ երկրները և հարուստ փորձառություն ձեռք բերում: Պաքոմիոսից հետո նա դառնում է վանական կանոնադրություն գրած երկրորդ անձը: Նրա ՙՄեծ և փոքր վանական կանոնները՚ դառնում են արևելյան վանականության պաշտոնական կանոնադրությունը` մեծ արժեք ներկայացնելով նաև հետագայում արևմտյան վանականության համար: Բարսեղյան կանոնադրությամբ մեծ կարևորություն է տրվում վանականների հնազանդությանը վանահորը, որով վանականությունը ձեռք է բերում խիստ կազմակերպված բնույթ, ինչը կարևոր դեր է խաղում նրա հետագա զարգացման, տարածման և հարատևման մեջ:
Արևելյան վանականության հետագա կարևորագույն կենտրոններից մեկը դառնում է Կոստանդնուպոլիսը, իսկ ավելի ուշ` մինչև օրս ուղղափառ աշխարհում մեծ հեղինակություն վայելող Աթոս լեռան վանքերը:
Անապատականությունը դեպի Արևմուտք անցնում է մի փոքր ավելի ուշ` 5-րդ դարի սկզբին` արևելյան անապատականության ազդեցության շնորհիվ: Արևմտյան անապատականության հայրը համարվում է Հովհան Ոսկեբերանի աշակերտներից մեկը` Հովհաննես Կասսիանոսը, ով 415թ. Մարսելում հիմնում է Ս. Վիկտորի վանքը` մինչև կյանքի վերջը մնալով այդ վանքի վանահայրը: Արևմտյան անապատականության և վանականության ծաղկման մեջ մեծ երախտիք ունեն Հերոնիմոս Երանելին, Մարտինոս Տուրցին, Ամբրոսիոս Մեդիոլանցին, Օգոստինոս Երանելին, իսկ 6-րդ դարում Բենեդիկտոս Նուրչիացին գրում է արևմտյան վանականության պաշտոնական կանոնադրությունը, որով արևմտյան վանականությունը վերջնականապես ինքնուրույնություն է ստանում արևելյանից: Աստիճանաբար ստեղծվում են արևմտյան վանականությանը առանձնահատուկ միաբանությունները` օրդենները, որոնք առանցքային դեր են ստանձնում Կաթոլիկ եկեղեցու գործունեության մեջ:
Վանականությունն Արևելքում համընդհանուր կերպով իր ծաղկման գագաթանակետին մնում է մինչև 12-րդ դար, որից հետո այն սկսում է թուլանալ, իսկ Բյուզանդական կայսրության անկումից հետո վերջնականապես առանձին բեկորների է վերածվում` զուտ տեղային բնույթի դրսևորումներ ստանալով: Արևմտյան վանականությանը մեծ հարված են հասցնում Վերածննդի ու Բողոքականության առաջացումը և Ֆրանսիական հեղափոխություն հետևանքով հասարակական մտայնության համընդհանուր աշխարհիկացման գործընթացը:
|