View Single Post
Old 30 Aug 07, 18:32   #1 (permalink)
VIP Lord
VIP Ultra Club
KODAK's Avatar
Join Date: Jan 2007
Location: Nederland
Age: 41
Posts: 2,541
Rep Power: 20 KODAK is on a distinguished road
Send a message via ICQ to KODAK Send a message via MSN to KODAK Send a message via Yahoo to KODAK
Երազներ և ենթագիտակցություն

Երազներ և ենթագիտակցություն Ա.Ա.Նալչաջյան

Մարդկանց կյանքում առաջ եկող խնդիրների, նրանց հետաքրքրող երևույթների շարքում կան մի քանիսը, որոնք մշտական են, համամարդկային և հավերժական։ Ծնունդն ու մահը, երազներն ու ենթագիտակցական հոգեկանի այլ երևույթներ, ներշնչումն ու ինքնաներշնչումը, իշխանությունն ու ենթակայությանը, տաղանդն ու հանճարեղությունը, արտասովոր հիշողությունը, մեծ հաջողությունների հասնելու գաղտնիքները՝ ահա այդ հավերժական և հավերժ գրավիչ երևույթներից մի քանիսը։Այժմ պատասխանելու ենք մարդու քնին ու երազներին վերաբերող մի շարք առավել հետաքրքրական հարցերի։

– Արդյո՞ք աշխատում է քնած մարդու ուղեղը։

Դեռևս ոչ վաղ անցյալում նույնիսկ շատ հեղինակավոր գիտնականներ, հատկապես ֆիզիոլոգներ, կարծում էին, որ երբ մարդ քուն է մտնում, ապա նրա գլխուղեղի նյարդային բջիջները (նեյրոնները) դադարեցնում են իրենց աշխատանքը, արգելակվում են և հանգստանում։ Իսկ արթնանալիս նեյրոնները նույնպես «արթնանում» և սկսում են գործել։ Հենց արգելակումն էլ համարվում էր քնելիս մարդու հանգստանալու մեխանիզմը։ Եվ իսկապես, 7-8 ժամ տևող նորմալ քնից հետո մարդիկ իրենց թարմացած ու եռանդով լի են զգում, ֆիզիկապես, հաճախ նաև հոգեպես, իրենց հանգստացած են զգում։

– Բայց արդյո՞ք քնած ուղեղը հանգստանում է հենց արգելակման մեխանիզմի շնորհիվ։

Սկսած մեր դարի 50-ական թվականներից կատարվել են մի շարք հայտնագործություններ, որոնք վկայում են, որ հիշյալ տեսակետը շատ հեռու է իրականությունից, ժամանակակից մարդու գլխուղեղում կան մոտավորապես 15 միլիարդ, եթե ոչ ավելի, նեյրոններ, որոնց համատեղ աշխատանքի շնորհիվ էլ մարդը հոգեկան կյանք է ունենում և հարմարվում է կյանքի պայմաններին։ Պարզվում է, որ քուն մտնելիս և քնած ժամանակ մարդու գլխուղեղն աշխատում է նույնքան ակտիվորեն, որքան և արթուն վիճակում, իսկ քնի, այսպես կոչված, «արագ» (երազային, պարադոքսալ) փուլերում՝ նույնիսկ շատ ավելի եռանդով, քան արթնության վիճակում։ Քնելիս ուղեղի աշխատանքը ոչ թե արգելակվում է, այլ վերակառուցվում։

Իսկ աշխատող նեյրոնների թիվը նույնքան մեծ է, որքան և արթուն վիճակում։ Երազային փուլերում հատկապես ակտիվ է դառնում քնած մարդու, գլուխուղեղի աջ կիսագնդի աշխատանքը, որն ապահովում է մտապատկերներով հարուստ ենթագիտակցական ապրումների՝ երազների առաջ գալը։ Քնած մարդու հոգեկան գործունեությունը դառնում է ավելի արագընթաց և հուզականորեն հարուստ, իսկ այդպիսի հոգեկան գործունեություն հնարավոր է միայն ուղեղանյութի մեծ զանգվածների աշխատանքի շնորհիվ։ Քնած ուղեղն, այո, հանգստանում է, բայց հանգստանում Է իր աշխատանքի բնույթը փոխելու միջոցով։ Դրան նպաստում Է արտաքին աշխարհից գրեթե լրիվ զգայական մեկուսացումը, որի հետևանքով պայմաններ են ստեղծվում ներհոգեկան գործընթացների ակտիվացման համար։

– Որո՞նք են մարդու հիմնական հոգեվիճակները։

Մարդու կյանքը հոգեվիճակների հերթափոխություն Է։ Դրանք հիմնականում երկուսն են` արթնություն և քուն։ Այդ վիճակների հերթափոխությունը մենք տեսնում ենք արդեն նորածին երեխաների մոտ, որոնք թեև մեծ մասամբ քնած են լինում, բայց ունենում են կարճատև արթնության փուլեր, երբ սնունդ են ընդունում և նորից քուն են մտնում։ Բայց արդեն կյանքի ստաժին ա֊միսներին արթնության փուլերը քանի գնում ավելի երկարատև են դառնում։ Կյանքի սկզբնական շրջանում երեխան հիմնականում գտնվում է անգիտակցական վիճակում։ Այնուհետև ծագում Է գիտակցությունը, որի առկայությունն ապացուցվում է նրանով, որ անհատը կարողանում է հաշիվ տալ իրեն իր ապրումների և գործողությունների մասին, կարողանում է տեղորոշել իրեն տարածության և ժամանակի մեջ։ Արթուն վիճակն, այսպիսով, ունի իր մակարդակները սկսած աղոտ գիտակցության աստիճանից մինչև արտաքին երևույթների և սեփական անձի հստակ գիտակցումը։

Քնած վիճակը նույնպես միօրինակ չէ։ Քնած մարդն, անկախ իր կամքից, անցնում է այդ ընդհանուր (քնի) վիճակի մեկ փուլից մյուսին մինչև արթնանալը։ Հետազոտությունները պարզել են, որ գոյություն ունի քնի երկու տեսակ, այսինքն քնած վիճակի երկու ենթատեսակ՝ «դանդաղ» (կամ «օրթոդոքսալ») և «արագ» («պարադոքսալ» կամ երազային) քուն։ «Արագ» քնի փուլերում, որոնք զբաղեցնում են մարդու գիշերային քնի մոտավորապես 20-22 տոկոսը, աչքերն արագ շարժումներ են կատարում և, ինչպես պարզվում է, քնածը հիմնականում տեսողական պատկերներից կազմված երազներ է տեսնում։ Նա ունենում է նաև լսողական, շոշափելիքի և այլ զգայություններ, սակայն գերակշռում են տեսողական պատկերները։ Այս պատճառով էլ ավանդաբար ասում են, որ մարդը «երազ է տեսնում», բայց չեն ասում, թե նա «երազ Է լսում», թեև հոգեբանորեն դա ևս ճիշտ Է։ «Դանդաղ» քնի փուլում ևս կան հոգեկան ապրումներ, բայց դրանք հիմնականում անպատկեր են և, ինչպես ենթադրում են, ունեն վերացական մտածողության բնույթ։ Հենց այս փուլում Է, որ որոշ թվով քնած մարդիկ բարձրաձայն խոսում են՝ շարունակելով քնած մնալ։ Քնածի խոսքի ուսումնասիրությունը որոշակի հետաքրքրություն Է ներկայացնում մարդու ենթագիտակցության առանձնահատկությունները պարզելու տեսանկյունից։ Ավելացնենք, որ քնի օրթոդոքսալ փուլն, իր հերթին, ըստ խորության ունի չորս մակարդակ, որոնց միջև ֆիզիոլոգիական և հոգեբանական տարբերություններն ակնհայտ են։

Ի վերջո, կան նաև հոգեկանի հատուկ վիճակներ, այսպես կոչված, «տրանսի» տեսակներ, որոնցում նույնպես մարդիկ կարող են հայտնվել, սովորաբար, կարճատև ժամանակահատվածներում։ Դրանցից Է, օրինակ, մարդու հիպնոսացված վիճակը, որը նախկինում սխալմամբ նույնացնում Էին քնի հետ և «հիպնոտիկ քուն» էին անվանում։ Ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հիպնոսն Էապես տարբերվում Է քնի ինչպես դանդաղ, այնպես Էլ «արագ» փուլերից, քանի որ հիպնոսացված վիճակում գտնվող մարդը ընտրականորեն շատ զգայուն Է հիպնոլոգի խոսքի նկատմամբ, նրա հետ ունի հատուկ տեսակի կապ։ Հիպնոսի և ներշնչման միջոցով մարդու մեջ կարելի Է շատ էական հոգեբանական և նույնիսկ ֆիզիոլոգիական փոփոխություններ առաջ բերել, բուժել, նոր գիտելիքներ սովորեցնեք, մղել զանազան գործողությունների։

Ինչպես տեսնում ենք, մարդու հոգեկան գործունեությունը և կյանքի ընթացքում առաջ եկող հոգեվիճակները մեծաթիվ են, խիստ բարդ ու դրանց իմացությունն անհրաժեշտ Է մարդուն հասկանալու և օգնելու համար։ Հոգեվիճակների ուսումնասիրությունն ունի և գիտական, և գործնական մեծ նշանակություն։

– Կա՞ն, արդյոք, մարդիկ, ովքեր երազներ չեն տեսնում։

Ոչ, այդպիսի մարդիկ չկան։ Բոլոր նրանք, ովքեր քնում են, երազներ են տեսնում։ Մեր վերապահությունը պայմանավորված է նրանով, որ թեև քնի և արթնության հերթափոխությունը բնության օրենք է, սակայն լինում են նաև բացառություններ. եղել են և այսօր էլ կան փոքրաթիվ մարդիկ, ովքեր չեն քնում, միշտ արթուն են։ Համենայն դեպս նրանք այնպես չեն քնում, ինչպես մյուսները և լավագույն դեպքում որոշ ժամանակ հայտնվում են օրթոդոքսալ քնի առաջին, մակերեսային ստադիայում։ Դա, անշուշտ, նորմալ հոգեկան գործունեությունից կատարվող շեղում է, երբեմն ուղեղի այն բաժինների ախտահարման հետևանք, որոնք ապահովում են քնի և արթնության վիճակների հերթափոխությունը։

Այսպիսով այն բոլոր մարդիկ, ովքեր գոնե մի քանի ժամ կարողանում են քնել և հայտնվում են քնի «պարադոքսալ» փուլերում, անպայման երազներ են տեսնում և այն էլ բավականին մեծ քանակությամբ։ Երազ տեսնելն անհրաժեշտ է հոգեկան առողջության պահպանման համար։ Դա ապացուցվել է հատուկ հետազոտությունների շնորհիվ, որոնց ընթացքում մարդկանց ընտրականորեն զրկում էին քնի երազային փուլերում գտնվելու և երազ տեսնելու հնարավորությունից։

– Իսկ ինչո՞ւ են ոմանք պնդում, թե իբր երազներ չեն տեսնում։

Այո, հաճախ է պատահում, երբ մարդուն հարցնում ենք, թե արդյոք անցած գիշեր երազներ տեսել է, և նա պատասխանում է. «Այս գիշեր ես շատ ամուր եմ քնել և երազ չեմ տեսել»։ Իրականում նա տեսել է երազներ և այն էլ շատ, բայց չի հիշում դրանք։ Բանն այն է, որ արթնանալուց հետո երազները, փոքրաթիվ բացառություններով, արագորեն մոռացվում են, այնքան արագ, որ նույնիսկ մտապահելու ցանկության դեպքում մենք հազիվ կարողանում ենք առանձին պատառիկներ հիշել։

Եթե մարդ քնում է 7-8 ժամ, ապա մեկ գիշերվա ընթացքում 4-5 անգամ հայտնվում է քնի երազային («արագ») փուլում և, անկասկած, երազներ է տեսնում։ Քանի որ նա չի արթնանում, այդ երազներն առավոտյան հիմնականում մոռացվում են։ Մենք կարող ենք հիշել քնի վերջին պարադոքսալ փուլի երազները, այն էլ այն դեպքում, երբ արթնանում ենք հենց պարադոքսալ փուլի։

Գիտափորձերն անվերապահորեն ապացուցում են, որ երազ տեսնում են բոլորը, բայց հիշելու տեսակետից մարդկանց միջև կան անհատական տարբերություններ։ Միջին տարիքի մի մարդ պնդում է, թե ինքը երբեք երազ չի տեսնում և, իբր, հոգեբանները սխալ տեսություն են զարգացնում։ Նրան առաջարկում են քնել լաբորատորիայում։ Նա համաձայնվում է։ Հենց որ քնածը հայտնվում է քնի «արագ» փուլում (փորձված հոգեբանը քնածի արտաքին տեսքից, աչքերի շարժումներից, շնչառության առանձնահատկոլթյուններից և այլ նշաններից ելնելով անսխալ կերպով կարող է որոշել, թե նա քնի որ փուլում է գտնվում), նրան մեկ-երկու րոպե թույլ են տալիս մնալ այդ փուլում, այնուհետև արթնացնում և անմիջապես հարցնում են, թե ինչ երազ էր տեսնում։ Փորձարկվողն, իսկապես, երազ է պատմում։ Այն կարող է լինել ծավալուն կամ կազմված միայն առանձին պատկերներից, բայց միշտ վերարտադրվում է, թեև քիչ անց կարող է լրիվ մոռացվել։ Պարզվեց, որ հիշյալ փորձարկվողի երազները հիմնականում տհաճ էին։

Ի դեպ նշենք, որ չնայած տարածված հակառակ տեսակետին, բոլոր երկրներում կատարված համեմատական հետազոտությունները ցույց են տալիս, որ անկախ հասարակարգից, ազգությունից և մշակույթից, մարդիկ մեծ մասամբ տհաճ հուզականությամբ հագեցված երազներ են տեսնում։ Հաճելի երազները համեմատաբար փոքրաթիվ են։

– Ինչո՞ւ են երազներն այդքան արագ մոռացվում։ Քնից արթնանալուց հետո մարդկանցից շատերը կամ համոզված պնդում են, թե երազներ չեն տեսել, կամ էլ ասում են, որ զգում են, որ երազներ տեսել են, բայց թե ինչ, չգիտեն, չեն հիշում։ Երազները մեծ մասամբ, իսկապես, շատ արագ մոռացվում են։ Ինչո՞ւ։

Ամենից առաջ նշենք, որ ինչպես ցերեկային տպավորությունները կամ ձեռք բերված գիտելիքները, երազները նույնպես, որպես մեր հոգեկանի բովանդակություններ, ենթակա են մոռացման։ Բայց տեղեկությունների մոռացումը միշտ նույն կերպ չի կատարվում։ Այստեղ մեզ հետաքրքրող երևույթները լավ հասկանալու համար նկատի ունենանք մոռացման երկու տեսակետ՝ բացարձակ և հարաբերական (կամ ժամանակավոր)։ Բացարձակ մոռացում ասելով մենք նկատի ունենք այն երևույթը, երբ ընկալված տեղեկությունները, շրջապատող աշխարհի թողած տպավորությունները և մեր ապրումները անմիջապես կամ կարճ ժամանակ անց իսպառ ջնջվում են մեր հիշողությունից, երբ դրանք մեր ուղեղում ոչ մի կերպ չկան, որևէ հետք չեն թողել։ Տարեց մարդիկ, օրինակ, շատ արագ են մոռանում կյանքի վերջին շրջանի տպավորությունները, և դրանց մեծ մասը, հավանորեն, ենթարկվում է բացարձակ մոռացման։ Այսպիսի դեպքերում ասում են, որ ինֆորմացիան հիշողության օպերատիվ (կարճատև) մակարդակից չի անցնում տևական հիշողության մեջ։ Բայց մոռացման այս տեսակն ավելի հազվադեպ է, քան կարելի էր կարծել, եթե նկատի ունենանք, որ մարդիկ շատ հաճախ են գանգատվում իրենց «վատ հիշողությունից».

Ավելի հաճախ տեղի ունի այն, ինչ մենք հարաբերական կամ ժամանակավոր մոռացում անվանեցինք։ Այս դեպքում գիտելիքը կամ տպավորությունը կա մարդու գլխում, նրա հիշողության խորքերում, բայց նա չի կարողանում գիտակցորեն, իր ցանկությամբ վերհիշել այն, տեղափոխել իր գիտակցության ու վարքի ոլորտը։ Հաճախ է պատահում, որ մենք գիտենք, որ ինչ-որ բան գիտենք, բայց չենք կարողանում այդ «ինչ-որ բանը» բերել մեր գիտակցության մեջ։ Կամածին վերարտադրության մեխանիզմն այսպիսի դեպքերում չի աշխատում կամ միանգամից չի աշխատում։ Բայց պարզվում է, որ երբ մեր առջև խնդիր ենք դնում ինչ-որ տպավորություններ կամ նախկինում սովորած գիտելիքներ բերել մեր գիտակցության ոլորտը, ապա ոոոշ ժամանակ անց այդ գիտելիքն, իսկապես, կարծես ինքնաբերաբար, հայտնվում է մեր գիտակցության մեջ։ Դա կարող է լինել մարդու կամ առարկայի անուն, խնդրի լուծման եղանակ, բանաստեղծություն, տեղեկություն, որ մեզ խնդրել են փոխանցել մեկ ուրիշին և այլն։ Գիտակցության այդ հանկարծակի փայլատակումներն էլ հենց վկայում են, որ մենք շատ ավելին գիտենք մեր ենթագիտակցության մակարդակում, բայց այս պահին վերհիշել չենք կարող։

Երազները նույնպես ենթարկվում են հիշողության աշխատանքի հոգեբանական օրենքներին։ Պարզվում է, որ մեր տեսած երազները չեն քայքայվում ու մոռացվում, այլ որպես ենթագիտակցական կապակցված սյուժեներ, երազային բեմերի վրա ներկայացվող յուրահատուկ թատերական գործողությունների շարք, տպավորվում ու մնում են մեր հիշողության խորքերում։ Որոշ պայմաններում դրանք լրիվ կամ հատվածաբար կարող են վերարտադրվել։

– Բայց ավելի հաճախ երազները ոչ միայն մոռացվում են, այլ նույնիսկ մեծ ջանքերի գնով հնարավոր չի լինում դրանք վերհիշել։ Ինչո՞ւ։

Պարզվում է, որ պատճառները մի քանիսն են։
1) Դրանք, ինչպես ասացինք, հիմնականում տհաճ ապրումներ են, լի հետապնդման տեսարաններով, ագրեսիայով, սարսափով և այլն։ Իսկ ինչը տհաճ է, ավելի վատ Է հիշվում, քան հաճելին, այն, ինչը մարդուն թույլ է տալիս իր մասին դրական պատկերացում կազմել։ Մարդիկ հեդոնիստներ են (թեև լինում են նաև բացառություններ), այսինքն՝ մարդիկ գործում են ըստ հաճույքի սկզբունքի, ամենուրեք ձգտում են հաճույք ստանալ և խուսափել տհաճություններից ու տառապանքներից։ Կան, իհարկե, նաև մազոխիստներ, ովքեր տառապանք են որոնում և տառապելիս էլ հաճույք են ստանում, բայց մարդկանց մեծամասնությունը հաճույքի սկզբունքի հետևորդ է։ Գեդոնիստական սկզբունքը գործում է նաև հիշողության աշխատանքի ոլորտում, մարդիկ լավ հիշում են այն, ինչ իրենց հաճույք է պատճառել և համեմատաբար վատ այն, ինչ իրենց տհաճ է եղել։
2) երազների արագ մոռացման երկրորդ պատճառը հետևյալն է. արթնանալիս մարդու զգայարաններն սկսում են ակտիվորեն ընկալել արտաքին աշխարհը, նա վերհիշում է իր հոգսերն ու իրեն սպասող գործերը, իրեն ներկայացվող պահանջները և այս ամենն արագորեն լցնում է նրա գիտակցության ոլորտը։ Արթնության ժամանակ ստացված պատկերներն ու տպավորություններն արագորեն արտամղում են այն ենթագիտակցական բովանդակությունները, որոնք գիտակցության մեջ թափանցելու միտում ունեին, և դրանք մոռացվում են։ Սակայն պետք է միշտ հիշել նաև անհատական տարբերությունների մասին՝ կան երազներ լավ և վատ հիշող մարդիկ։ Սա շատ հետաքրքրական տարբերություն է և պետք է խորապես ուսումնասիրվի։ Հավանորեն ոմանց համար իրենց երազների բովանդակություններն ավելի ընդունելի են, քան մյուսների համար, այդ պատճառով էլ արտամղման մեխանիզմը նրանց հոգեկանում տարբեր արդյունավետությամբ է աշխատում։

– Մարդն ինչո՞ւ է երազներ տեսնում։ Որո՞նք են մարդու կյանքում երազների հիմնական ֆունկցիաները։ Իսկապես, գուցե առանց երազների քնելն ավելի օգտակար լիներ մարդուն։ Բնությունն ինչո՞ւ է մարդուն օժտել երազներ տեսնելու ընդունակությամբ։

Այս հարցի պատասխանը որոնելիս ճիշտ կլինի ղեկավարվել մի ընդհանուր սկզբունքով, բնությունը թեև ավելորդություններ ու շռայլություններ ստեղծում է, բայց ոչ այնքան հաճախ, ինչպես կարելի էր մտածել։ Երբ մենք հանդիպում ենք բնության որևէ երևույթի, այդ թվում նաև մարդկային որևէ հատկության, ապա շատ օգտակար է մտածել, թե ինչու, ինչ նպատակով է այն ստեղծվել, ինչ կարիքներ, ինչ պահանջմունքներ բավարարելու համար, ինչ նպատակի է այն ծառայում։ Սա, այսպես կոչված, ֆունկցիոնալ մոտեցումն է, որը շատ դեպքերում խիստ օգտակար է։ Նույն հարցերը մենք, բնականաբար, կարող ենք տալ երազների վերաբերյալ։ Ինչո՞ւ են երազներ առաջ գալիս, ի՞նչ նպատակի են դրանք ծառայում։
Այս հարցը բազմաթիվ հետազոտությունների առարկա է հանդիսացել սկսած 19-րդ դարից։ Այս խնդիրը գլխավորներից մեկն էր Զ. Ֆրոյդի տեսության մեջ։

Եթե ընդհանրացնելու լինենք մինչև այժմ ստացված տվյալները, որոնք, ի դեպ, շարունակում են ստուգվել ու ճշտվել, մարդու կյանքում երազների հիմնական ֆունկցիաները հետևյալներն են.
• Երազներում մարդիկ ինքնաբերաբար (այսինքն անկախ իրենց կամքից, առանց նպատակադրման) շարունակում են մշակել ու իմաստավորել այն տեղեկություններն ու տպավորությունները, որ ընկալել են ցերեկը, նախորդ օրերին կամ նույնիսկ ավելի վաղ։ Նոր գիտելիքները ենթագիտակցական մակարդակում կապվում են քնածի նախկին գիտելիքների ու փորձի հետ և հանգեցնում են ավելի խոր ըմբռնումների։
• Նշված իմացական ֆունկցիայի ավելի բարձր կարգի դրսևորումն այն է, որ երազներում կարող են կատարվել ստեղծագործական գործընթացներ, քնածն, անկախ իր կամքից, կարող է նոր արդյունքներ ստանալ այն խնդիրների վերաբերյալ, որոնցով զբաղվել է ցերեկը, բայց չի կարողացել լուծել։
• Երազներում մարդուն հուզող խնդիրները ներկայացվում են պատկերավոր ձևերով, հաճախ զանազան սիմվոլների օգնությամբ, որոնք մեկնաբանություն են պահանջում։ Այդ կերպ խնդիրներն ու դրանց լուծման փորձերն ավելի ակնառու են դառնում, իսկ երբեմն էլ իսկապես արժեքավոր լուծումներ են ստացվում։
• Երազներն անհրաժեշտ են մարդու հոգեկան առողջության պահպանման համար։ Ենթագիտակցական մակարդակում քննարկելով իր խնդիրներն ու կոնֆլիկտները երազ տեսնողը հաճախ արթնանում է ավելի հանգիստ հոգեվիճակում, հուզական տեսակետից ավելի լիցքաթափված։ Քնելն ու երազ տեսնելը մեղմացնում են մարդու դառնություններն ու հուսախաբությունները, ամրապնդում են հոգեբանական ինքնապաշտպանության նրա հնարավորությունները։ Ահա թե ինչու ամուր քնից հետո մարդիկ արթնանում են հոգեպես խաղաղված և նոր գործերի համար պատրաստ։ Որոշ հոգեբաններ վաղուց նկատել են, որ շատ երազներում պատկերավոր ձևով բավարարվում են մարդու այն ցանկությունները, որոնք իրական կյանքում չեն բավարարվել։ Այս գաղափարը հիմնականն է երազների ֆրոյդյան տեսության մեջ։ Նման խորհրդանշանային բավարարումն ինչ-որ չափով հանգստացնում է մարդուն, թեև, անշուշտ, լիարժեք բավարարման մասին խոսք լինել չի կարող։
• Ենթադրվում է, որ, հատկապես կյանքի առաջին շրջանում, երազներն անհրաժեշտ են ժառանգականորեն տրված բնազդները մարզելու և «բնական մարդ» տեսակի հատկանիշները պահպանելու համար։ Այդպիսին է, մասնավորապես, երազների և քնի հայտնի ֆրանսիացի հետազոտող Միշել ժյուվեի կարծիքը, որը նույն երևույթը տեսնում է նաև կենդանիների քնի և երազատեսության գործընթացներում։
Ընդհանրացնելով երազների ֆունկցիաների վերը տրված նկարագիրը կարող ենք ասել, որ քնելն ու երազներ տեսնելն օգնում են մարդուն իր կյանքի պայմաններին հարմարվելու գործում։ Այլ կերպ ասած, քունն ու երազներն ունեն հարմարվողական (ադապտիվ) նշանակություն։ Այս հիմնախնդրի ոաումնասիրությունը մեր օրերում շարունակվում է և միանգամայն հնարավոր է, որ հայտնաբերվեն ենթագիտակցական այդ ապրումների նոր ֆունկցիաներ։

Սակայն միշտ պետք է աչքի առաջ ունենալ նաև, որ կան մարդուն անհանգստացնող, նրանից հոգեկան մեծ եռանդ պահանջող և հոգնեցնող երազներ։ Դրանցից են մղձավանջային, սարսափազդու երազները, որոնցում, անշուշտ, նույնպես արծարծվում են մարդուն հուզող խնդիրներ, բայց չեն լուծվում։ Նման դեպքերում, հատկապես եթե մղձավանջային երազները կրկնվում են, անհրաժեշտ է դիմել մասնագետների օգնությանը։ Բանն այն է, որ կրկնվող տհաճ, մղձավանջային երազները կարող են սիմվոլացնել օրգանիզմում առաջ եկած ախտաբանական փոփոխություններ, այնպիսի հիվանդություններ, որոնք դեռևս գտնվում են իրենց զարգացման թաքուն փուլերում։ Արթուն մարդը դեռևս հիվանդության, օրինակ, սրտի կամ ստամոքսի ախտահարվածության մասին կարող է գանգատներ չունենալ, բայց համապատասխան ախտաբանական գործընթացներն արդեն արտացոլվում են երազներում։ Երազները շատ զգայում են օրգանիզմում կատարվող գործընթացների փոփոխությունների նկատմամբ։

– Ի՞նչ արագությամբ են ընթանում երազները։

Այս հարցին ճիշտ պատասխան տալը շատ դժվար և կարևոր է միաժամանակ։ Դժվար է, որովհետև դեռևս գոյություն չունեն երազների արագությունը ճշտորեն չափելու հուսալի մեթոդներ։ Այդպիսի մեթոդներ որոնվում են, մոտավոր չափումներ արդեն կատարվում են, մասնավորապես, հիպնոսացվածներին արհեստական երազներ ներշնչելու միջոցով։ Այս հետազոտությունների հիման վրա կատարված (այսօր հնարավոր) հիմնական եզրակացությունն այն է, որ երազային հոգեկան գործընթացների արագությունը կարող է փոփոխվել շատ լայն սահմաններում։ Որոշ երազներ ընթանում են նույն արագությամբ, ինչպես կընթանային, եթե լինեին իրական ֆիզիկական տարածության մեջ կատարվող իրադարձություններ։ Այլ երազներ, ընդհակառակն, այնքան արագընթաց են, որ եթե իրականում կատարվեին, կարող էին տևել օրեր և նույնիսկ ամիսներ ու տարիներ։

Նման երազների գոյությունն ապացուցվում է, օրինակ, այսպիսի եղանակով. հետևում են քնած մարդու վիճակին, և հենց որ նա հայտնվում է քնի պարադոքսալ փուլում, սկսում են չափել ֆիզիկական ժամանակը։ Երկու րոպե անց քնածին արթնացնում և խնդրում են պատմել հենց նոր տեսած երազը։ Փորձարկվողները երբեմն պատմում են այնպիսի երազներ, որոնք իրական դեպքեր լինելու պարագայում օրեր կպահանջեին։ Մասնագետները կարծում են, որ քնած մարդու երազային հոգեկան գործընթացները կարող են մի քանի միլիոն անգամ ավելի արագ ընթանալ, քան արթուն վիճակում։ Դժվար չէ հասկանալ, թե նման փաստերն ինչպիսի հսկայական ներքին հնարավորությունների մասին են վկայում, հնարավորություններ, սակայն, որոնք միայն քիչ չափով են օգտագործվում մարդկանց կողմից։

Ընդհանրապես իր ներքին ռեսուրսների, հիշողության, մտածողության, ստեղծագործելու կարողությունների օգտագործման առումով ժամանակակից մարդը նոր միայն սկսում է քաղաքակրթվել, նա գտնվում է այդ ճանապարհի սկզբում։ Երազային իրադարձությունների ընթացքի արագացմանը նպաստում է նաև այն, որ քնածին արտաքին գրգռիչները գրեթե չեն խանգարում և նա իր ներքին շատ յուրահատուկ, ենթագիտակցական ուշադրությամբ հետևում է իր երազային կյանքին, այդ երևակայական իրադարձություններին, որոնք նրան անմիջականորեն այնքան իրական են թվում, որ երբեմն ցանկանում ես հավատալ իրական հոգեբանական տարածության ու ժամանակի գոյությանը։ Բացի այդ, երազներում մեզ հաջողվել է հայտնագործել մի շատ հետաքրքրական երևույթ, որը մենք անվանում ենք երագների կառուցման կինեմատոգրաֆիական տեխնիկա։ Այս տեխնիկական հնարի էությունը հետևյալն է. երազներում, ինչպես և կինոյում ու թատրոնում, երևակայական, երազային բեմերի վրա որոշ իրադարձությունների ծավալումից հետո երազ տեսնողը կարծես թռիչքաձև հայտնվում է մեկ այլ բեմի վրա (այլ երազային իրադրության մեջ), սկսվում է ներկայացման նոր արար, որին թռիչքաձև հետևում է մեկ ուրիշը, մեկ երազի մեջ երբեմն մի քանի անգամ։ Այդ արարքների միջև ընկած են անպատկեր ինտերվալներ, այսպես ասած, «սև խոռոչներ» և մեզ դեռ հայտնի չէ, թե դրանցում ինչեր են կատարվում, ինչով են դրանք լցված։ Միայն կարելի է ենթադրել, որ այդ խոռոչներում կատարվում է երազային նոր բեմի և նրա վրա կատարվելիք դեպքերի նախապատրաստություն, հնարավոր է երազի անպատկեր, հասկացական բովանդակության ձևափոխություն պատկերավոր դեպքերի մի շարքի, որտեղ հանդես են գալիս նոր դեմքեր, երազային գործող անձինք։ Այդ մեխանիզմների շնորհիվ մի քանի վայրկյանի ընթացքում մեր ներհոգեկան ոլորտում կատարվում են հսկայական քանակությամբ իրադարձություններ և քնածին հաջողվում է մեծաքանակ խնդիրներ արծարծել, ստեղծել կամ վերհիշել բազմաթիվ գործող անձանց, ընդ որում նաև. մեռածների։ Ի դեպ, իր երազային բեմերի վրա քնածը հիմնական գործող անձն է։ Երազների ճնշող մեծամասնությունն այս իմաստով եսակենտրոն բնույթ ունի։

– Հնարավո՞ր է, արդյոք, իմանալ մարդու հոգեբանական առանձնահատկությունները նրա երազները վերլուծելու ճանապարհով։

Այո, հնարավոր է. հենց երազների մեկնաբանությունն է մարդուն իմանալու և ճանաչելու արգասավոր ուղիներից մեկը։ Բայց այն քիչ է օգտագործվում, քանի որ բարդ ուղի է, մեծ գիտելիքներ, փորձ և հոգեբանական ինտուիցիա է պահանջում։ Անշուշտ, մարդու երազներում դրսևորվում են նրա բնավորության այն գծերից շատերը, որոնք նրա վարքում այս կամ այն չափով դիտվում են նաև արթուն վիճակում: Դրանք կարող են բացահայտվել նաև այլ մեթոդներով (անձնային թեստեր, վարքի ուսումնասիրություն և մեկնաբանություն և այլն)։ Սակայն, որպես անձի ուսումնասիրության մեթոդ, երազները կարևոր են հատկապես այն պատճառով, որ անձի երազներում դրսևորվում են նաև բնավորության ու խառնվածքի այնպիսի գծեր, այնպիսի հակումներ ու դիրքորոշումներ, որոնք արթուն, վիճակում կա՛մ դեռևս ի հայտ չեն եկել, կամ կան, հակված են դրսևորման, բայց անձն ինքը գիտակցորեն դրանք շրջապատողներից թաքուն է պահում։

Երազում գործող հերոսների կամ հենց երազ տեսնողի վարքում կարոդ է դրսևորվել, օրինակ, այնպիսի մի հակում, որն անձի մեջ նոր միայն սկսել է ձևավորվել և գիտակցական վարքի ու իմացական գործընթացների մակարդակում դեռևս ոչ մի կերպ չի դրսևորվել։ Օրինակ, անձի մեջ կարող է սկսվել որևէ մեկի նկատմամբ ուժեղ թշնամական դիրքորոշման ձևավորում, որն ապագայում կարող է հանգեցնել վտանգավոր, ագրեսիվ գործողությունների, բայց նա գիտակցորեն այդ մասին կարող է ոչինչ չիմանալ։ Բայց ահա նա երազում տեսնում է, թե ինչպես է ագրեսիվ գործողություններ կատարում այդ մարդու, օրինակ, իր հարազատներից մեկի նկատմամբ, արթնանում է և զարմանում իր այդ վարքի վրա։ Նա պնդում է, որ դա իրեն բնորոշ չէ։ Նա կարող է զայրանալ, եթե նրան ասեք, որ նա չի սիրում այդ մարդուն։ Մարդն իրեն լավ չի հասկանում, և հոգեբանական մեկնաբանություններն այստեղ կարող են լրջորեն օգնել նրան։ Որոշ մասնագետներ պարզել են, որ երազներում դրսևորվում են նույնիսկ հանցագործությունների նախապատրաստման նախնական փուլերը, և եթե մենք կարողանայինք նախապես իմանալ դրանց մասին, որոշ հանցագործություններ հնարավոր կլիներ կանխել։

Այսօր արդեն երազների ոաումնասիրության գործն այնքան է առաջ գնացել, որ մենք կարող ենք, առանց որևէ մեկին անձամբ ճանաչելու, նրա կյանքի որոշ ժամանակահատվածում տեսած երազները կանոնավոր կերպով գրանցելու և վերլուծելու ճանապարհով, կազմել նրա բավականաչափ հարուստ հոգեբանական նկարագիրը։ Երազների վերլուծության շնորհիվ մարդն իր մասին կարող է այնպիսի բաներ իմանալ, որոնք առանց այդ մեթոդի օգտագործման նրան երբեք հայտնի դառնալ չէին կարող։

– Ինչպիսի՞ կապ կա երազների և հիշողության միջև։

Այդ կապը շատ սերտ է և անմիջական։ Երազները կառուցվում են հիմնականում հիշողության բովանդակությունից, քնած ժամանակ հիշողությունից վերարտադրված, նորից կյանք առած պատկերներից ու մտքերից։ Երբեմն հիշողության մեջ ամրապնդված ցերեկային տպավորությունները երազներում վերարտադրվում են գրեթե նույնությամբ։ Բայց դա առավելապես բնորոշ է երեխաների երազներին։ Ինչ վերաբերում է մեծահասակների երազներին, ապա այստեղ հիշողության բովանդակությունն օգտագործվում է նոր խնդիրներ արծարծելու նպատակով։ Այն ձևափոխվում է, աղճատվում, նրանից ստեղծվում են նոր սյուժեներ, յուրահատուկ երազային թատերական ներկայացումներ։ Ընդ որում, շատ խնդիրներ ու մտքեր ներկայացվում են ոչ թե ուղղակի, այլ սիմվոլացված ձևով, այլաբանորեն։ Երազային սիմվոլները բազմաթիվ են և երազի միտքն ու ստեղծման իմաստը հասկանալու համար պետք է կարողանալ մեկնաբանել դրանք, որն, ի դեպ, բավականին դժվար խնդիր է։ Սիմվոլների մեկնաբանությունը մեծ խնդիր է, որին պետք կլինի անդրադառնալ առանձին ու մանրամասնորեն։

Այսպիսով երազներում կատարվում է նախկինում ընկալված ու մտապահված տպավորությունների վերարտադրություն, այստեղ մարդու նախկին փորձը դրվում է նրա այժմեական դրդապատճառների ու խնդիրների տրամադրության տակ և օգտագործվում է շատ յուրահատուկ ձևով։ Ավելին, երազներում շատ հաճախ դիտվում է հիշողության արտակարգ ուժեղացում հիպերմնեզիա, որն արթուն վիճակում ավելի հազվադեպ ու ավելի թույլ չափով է դիտվում։ Դրա շնորհիվ երազներում մարդիկ վերհիշում են նույնիսկ այնպիսի իրադարձություններ, օրինակ, վաղ մանկության տպավորություններ, որոնց մասին ցերեկը ոչինչ չեն հիշում։ Նման փաստերը ևս վկայում են, որ մեր ենթագիտակցական ոլորտի հնարավորությունները հսկայական են։

Բացի այդ, երազները, որպես հոգեբանական կազմավորումներ, մնում են հիշողության մեջ և որոշ պայմաններում կարող են կրկին երևալ մեր ենթագիտակցական հայացքի առջև։ Այս են վկայում, օրինակ, կրկնվող երազները, որոնք վաղուց հայտնի են մարդկությանը և այսօր էլ մեր կողմից ուսումնասիրվող մարդիկ ու ծանոթները հաճախ են պատմում նման երազներ։

Երազների և մյուս ենթագիտակցական երևույթների ոաումնասիրության ոլորտը շատ լայն է։ Դա մի ամբողջ աշխարհ է, առանց որի իմացության մարդ արարածի մասին մեր պատկերացումները կմնային շատ թերի ու միակողմանի։
 
__________________


HayCity Armenian Game Portal

KODAK is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 03:02.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89