Մայր Աթոռ Ս. Էջմիածին 
Տեղեկատվական Համակարգ						                 
Հեռ.: (374 1) 517 128/125
Հեռատիպ: (374 1) 517 125						
Էլ-փոստ: 
holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի  20, 2007թ.
Ն .Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
	ՙՀամայն մեր ժողովրդին ի Հայաստան, Արցախ և Սփյուռս ողջույն ենք հղում և օրհնություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և շնորհավորում Հայաստանի Հանրապետության Անկախության Օրվա առիթով:
	 Այսօր մենք տոնում ենք հայոց պետականության վերականգնման պանծալի հաղթանակը, որը ձեռք է բերվել սերունդների մաքառումի և զոհողության գնով: Անցնող հարյուրամյակում` հակառակ բազում  արհավիրքների ու ծանր կորուստների, մեր ժողովուրդը արիաբար պայքարեց  ազատության համար և, ապավինած Աստծուն, հուսաց անկախության այս նվիրական առավոտը, որը հույսի նոր շողեր է սփռում աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքի վրա:
 	Մենք հավատում ենք, որ մեր ժողովուրդը պիտի շարունակի կերտել իր շեն ու բարօր, երջանիկ կյանքը` ամուր պահելով անկախ պետականության իր նվաճումները և ընթանալով դեպի նոր հաղթանակներ:
Օրհնություն և լույս հանուն Հայոց պետականության ազատ նոր կյանքի իրենց անձերը նվիրաբերած քաջարի մեր զավակների հոգիներին:
Աղոթում ենք առ Տերն ամենայնի, որպեսզի Իր օրհնության ներքո խաղաղ բարգավաճում և առաջընթաց շնորհի Հայրենի մեր պետությանը և արդյունավորի ի սեր հայրենյաց մեր ժողովրդի բոլոր ջանքերը: 
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեանն՚:
###