ՎԱՐԱԳԱ Ս. ԽԱՉԻ ՏՈՆԸ ՎՈԼԳՈԳՐԱԴԻ ՙՍ. ԳԵՒՈՐԳ՚ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Սեպտեմբերի 30-ին Վոլգոգրադ քաղաքի ՙՍուրբ Գեւորգ՚ եկեղեցին լի էր մարդկանց հոծ բազմությամբ, որոնք եկել էին տոնելու Վարագա Սուրբ Խաչի տոնը: Վոլգոգրադի հայերի համար այդ տոնը կրկնապատկվեց եւս մեկ նշանակալից իրադարձությամբ, քանի որ տոնում էին քաղաքում գործող ՙՍուրբ Գեւորգ՚ եկեղեցու օծման չորրորդ տարեդարձը: Չորս տարի առաջ ձեռամբ Ռուսահայոց թեմի Առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի օծվել էր Սուրբ Գեւորգ եկեղեցին:
Տոնական հանդիսությանը իրենց ներկայությունը բերեցին նաեւ Աստրախանի ՙՍ. Հռիփսիմե՚ եկեղեցու երիտասարդաց միությունը, իրենց հոգեւոր առաջնորդ Տ. Սեբեոս քհն. Ղալաչյանի գլխավորությամբ, ովքեր այդ օրերին ուխտավորաբար գտնվում էին Վոլգոգրադում:
Վարագա Ս. Խաչի տոնին հանդիսավոր պատարագ մատուցեց Տ. Սեբեոս քահանա Ղալաչյանը, որին իրենց մասնակցությունը բերեցին նաեւ Վոլգոգրադի մարզի Ռուս Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչներ, ովքեր եկել էին կիսելու հավատակից քույր ժողովրդի ազգային-եկեղեցական նվիրական այս տոնը, ինչպես նաեւ իրենց շնորհավորանքի խոսքն ուղղելու ՙՍ. Գեւորգ՚ եկեղեցու հավատացյալներին:
Հնթացս Ս. Պատարագի Վոլգոգրադի հայության հոգեւոր հովիվ Տեր Մաղաքիա քհն. Օհանյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց, անդրադառնալով օրվա խորհրդին, ՙՍուրբ Գեւորգ՚ եկեղեցու կառուցման պատմությանը` կարեւորելով նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում` ի մասնավորի Վոլգոգրադի հայ համայնքի կյանքում: Տեր Հայրը եկեղեցու ողջ հավատացյալներին փոխանցեց Առաջնորդ Սրբազան Հոր օրհնությունն ու շնորհավորանքը: Օրհնության եւ գնահատանքի խոսք ուղղվեց նաեւ Սուրբ Գեւորգ եկեղեցու բոլոր բարերարներին եւ շինարարներին, որոնց նվիրատվությամբ եւ ջանքերով վեր է խոյացել այս հրաշակերտ եկեղեցին:
Պատարագի ավարտին Աստրախանի ՙՍուրբ Հռիփսիմե՚ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Սեբեոսը կարեւորեց նման ուխտագնացությունները, որոնք ամրացնում են հավատը հայի մեջ եւ նվիրումը դեպի Մայր եկեղեցին:
Հավարտ Ս. Պատարագի եկեղեցուն կից սեղանատանը տարվա խաչքավորի կողմից բոլոր ներկաների համար տրվեց մատաղաճաշ:
ՌՈՒՍԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ