Իսկ սա էլ հաղորդագրությունները` ժամանակագրական կարգով:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 30, 2007թ.
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով մեկնեց ԱՄՆ
Սեպտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Վեհափառ Հայրապետը սեպտեմբեր 30-ից հոկտեմբեր 3-ը կլինի ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմում, ուր կհանդիսապետի ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի 80-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ: Նորին Սրբության ձեռամբ Արևմտյան թեմում նաև կօծվի Փասադինայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Մայր խորանը, կկատարվի Հոլիվուդի հայ համայնքի մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Հոկտեմբեր 3-ից նոյեմբեր 2-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով կլինի ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում: Այդ ընթացքում Վեհափառ Հայրապետը կայցելի հայկական տարբեր համայնքներ ու ծխեր, կունենա պաշտոնական ու միջեկեղեցական հանդիպումներ:
Սա Հայոց Հայրապետի երկրորդ հովվապետական այցն է ԱՄՆ Արևելյան թեմ. առաջինը եղել է 2001 թվականին:
Այցի ընթացքում ՎԵհափառ Հայրապետին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ուղեկցելու են Մայր Աթոռի դիվանապետ Տ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Տեղեկատվական համակարգի օտարալեզու լրատվության պատասխանատու Տ. Կտրիճ քահանա Դևեջյանը և Տ. Հովնան աբեղա Հակոբյանը` որպես գավազանակիր:
###
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 2, 2007թ.
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցը ԱՄՆ
Սեպտեմբերի 30-ին, կեսօրին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր շքախմբով ժամանեց Լոս Անջելես:
Նորին Սրբությանն օդանավակայանում դիմավորեցին և ողջունեցին ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Թեմական խորհրդի ատենապետ դր. Բարլոու Տեր-Մկրտչյանը, թեմական խորհրդի փոխատենապետ Ջոզեֆ Քանիմյանը, ԱՄՆ-ում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը և հայ համայնքի այլ ներկայացուցիչներ:
Հովվապետական այցի ընթացքում ՎԵհափառ Հայրապետին ուղեկցում են Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Տեղեկատվական համակարգի օտարալեզու լրատվության պատասխանատու Տ. Կտրիճ քահանա Դևեջյանը և Տ. Հովնան աբեղա Հակոբյանը` որպես գավազանակիր:
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 3, 2007թ.
Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սուրբ սեղանը
Հոկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց Փասադինայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սուրբ սեղանի օծումը:
Սբ. Գրիգոր Եկեղեցու բակում Ամենայն Հայոց Կաթողիկոսին ավանդական աղ ու հացով դիմավորեցին ազգային տարազով` Հովսեփյան դպրոցի չորս սաներ: Աղն ու հացն օրհնելուց հետո Վեհափառ Հայրապետը թափորով առաջնորդվեց դեպի եկեղեցի, ուր իրեն սպասում էի հավատավոր հայորդիները: Սեպտեմբերի 9-ին օծված նորակառույց տաճարում կատարվեց “Հրաշափառի” արարողություն: Ապա Նորին Սրբությունը օծեց եկեղեցու սուրբ սեղանը` կառուցված Վահե, Դանիել եւ Վազգեն Իմաստունյանների բարերարությամբ:
Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխականների անունից Նորին Սրբությանը ողջունեց ծխի հոգևոր հովիվ Տ. Պարետ ծ. վրդ. Երեցյանը և շնորհակալություն հայտնեց Փասադինա կատարած այցի համար: Հյուսիսային Ամերիկայի Հայոց Արևմտյան թեմի անունից Հայրապետին ողջունեց առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Արևմտյան թեմի հաստատման 80-ամյակի տոնակատարությունը նախագահելու, ինչպես նաև նորակառույց եկեղեցու սուրբ սեղանը օծելու համար:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գոհունակությունը հայտնեց թեմակալ առաջնորդին և ծխի հոգևոր հովվին` հորդորելով եկեղեցականներին և հավատացյալներին հավատարիմ մնալու իրենց քրիստոնեական հավատի և Հայ Եկեղեցու հանդեպ իրենց սիրո մեջ: Հայրապետը նաև ընդգծեց կարևորությունը ԱՄՆ Արևմտյան թեմի հիմնադրման 80-ամյակի տոնախմբման և նոր աղոթատան օծման նշանակությունը ծխի կյանքում:
Արարողության ավարտին Աղաջանյան սրահում տեղի ունեցավ ընդունելություն ի պատիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
###
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 3, 2007թ.
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց հայկական դպրոցի սաների հետ
Հոկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Լոս Անջելեսի շրջանի ՙՄանուկյան-Դեմիրճյան՚, ՙՀԲԸՄ Պասադինա՚, ՙԱրշակ Տիգրանյան՚, ՙԱլֆրեդ և Մարգարիտա Հովսեփյան՚, ՙԱլեք Փիլիպոս՚, ՙՄեսրոպյան՚, ՙՇամլյան՚, ՙՄետինյան՚ և ՙսբ. Սահակ ու սբ. Մեսրոպ՚ հայկական դպրոցների սաների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև դպրոցների տնօրենները, ուսուցիչները, ինչպես նաև Արևմտյան թեմի եկեղեցականները:
Քալաջյան սրահում հավաքված աշակերտները բուռն ծափահարություններով դիմավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Սաները նախապես հարցեր էին պատրաստել, որ պետք է ուղղեին Վեհափառ Հայրապետին: Ամենայն Հայոց Հայրապետը խորապես ազդված էր միջոցառման հարց ու պատասխան հատվածից` սիրով և անկեղծ պատասխանելով զանազան հարցերի:
Հանդիպման սկզբում միջոցառման պատասխանատու, Արևմտյան թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Տաճատ ծ. վրդ Յարտըմյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց ուսանողներին և նշեց, թե ինչպիսի եռանդով ու սիրով են սաները սերտում իրենց մայրենի լեզուն և յուրացնում իրենց քրիստոնեական հավատն ու նախնյաց ժառանգությունը:
ՙԱլեք Փիլիպոս՚ դպրոցի աշակերտներ Մելինե Համբարձումյանը և Լուսինե Գալստյանը կատարեցին ԱՄՆ-ի և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերը: Ապա Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը շնորհակալության խորին զգացումով ողջունեց Վեհափառին` ընդգծելով, որ Հայոց Հայրապետի այցը մեծ կարեւորություն ունի: Հովնան Սրբազանը հույս հայտնեց, որ Արևմտյան թեմի անդամները կարդարացնեն Նորին Սրբության ակնկալիքները` կապված մեր հավատի և թեմի, Եկեղեցու և համայնքի հանդեպ ունեցած նվիրվածությանը: Սրբազան Հայրը ուրախությամբ նշեց, որ առաջին անգամ է, որ Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպում է դպրոցի սաների հետ, ապա հրավիրեց Նորին Սրբությանը` իր պատգամը փոխանցելու սաներին:
Ողջունելով ներկաներին` Նորին Սրբությունն իր օրհնությունը ու շնորհավորանքը բերեց ամենքին Արևմտյան թեմի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ: Այնուհետեւ նա անդրադարձավ երիտասարդությանը և նրանց պատշաճ դաստիարակությանը` նշելով, որ այս հարցում ծնողները մեծ պատասխանատվություն են կրում: Հայրապետը նաև հավելեց, որ Արևմտյան թեմի եկեղեցականները Հովնան Սրբազանի արդյունաշատ և օրինակելի առաջնորդության ներքո իրենց կարևոր կառուցողական դերակատարությունն են ունեցել համայնքի կյանքում, սակայն հարկ է անել ավելին` համայնքի երիտասարդների պայծառ ապագան ապահովելու համար, ովքեր, իբրև ԱՄՆ օրինավոր քաղաքացիներ, իրենց օգտակարությունը կբերեն և' Սփյուռքին, և' Հայրենիքին, և' Լեռնային Ղարաբաղին և' Սուրբ Էջմիածնին: Միջոցառումն ավարտվեց Նորին Սրբության “Պահպանիչ” աղոթքով: ԱՄՆ Արևմտյան թեմի 80-ամյակի կապակցությամբ բոլոր մասնակիցները ստացան աղոթագրքեր:
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 3, 2007թ.
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Կարդինալ Ռոջեր Մահոնիի հետ
Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Լոս Անջելեսի Կաթոլիկ թեմի արքեպիսկոպոս Կարդինալ Ռոջեր Մահոնիի հետ:
Կարդինալ Մահոնին իր ուրախությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետի երրորդ հովվապետական այցի առիթով` հաջողություն մաղթելով Նորին Սրբությանն իր առաքելության մեջ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Կարդինալ Մահոնիի զրույցից հետո տեղի ունեցավ ընդունելություն:
Հարկ է նշել, որ 2007թ. օգոստոսի 26-ին, սբ. Հակոբ կաթոլիկ Եկեղեցում Կարդինալ Մահոնին կազմակերպել էր միջոցառում` նվիրված ԱՄՆ Արևմտյան թեմի 80-ամյակին ի վկայություն Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունների:
###
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 3, 2007թ.
Հանդիպում ԱՄՆ Արևմտյան թեմի հոգևորականների հետ
Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանում, ՙԱրմեն և Գլորիա Համբար՚ սրահում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ թեմի հոգևոր սպասավորների հետ:
Վերստին ողջունելով Նորին Սրբությանը` Գերաշնորհ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը շնորհակալություն հայտնեց Հայոց Հայրապետին` իր հրավերին ընդառաջելու և մինչ ԱՄՆ Արևելյան թեմ կատարելիք Հովվապետական այցը ԱՄՆ Արևմտյան թեմ այցելելու համար, ինչն եզակի հնարավորություն ընձեռեց ամենքին վայելելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությունը:
Ապա Սրբազանը հնարավորություն տվեց եկեղեցականներին հարցումներ ուղղելու Վեհափառ Հայրապետին: Հարցերը հիմնականում վերաբերում էին աստվածաբանական զանազան խնդիրների:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը անդրադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր առաքելությանը, ներկայացրեց Մայր Աթոռի կողմից իրագործվող նոր ծրագրերը: Վեհափառը կարևորեց համագործակցությունը Հայոց Եկեղեցու և քույր Եկեղեցիների միջև` միևնույն ժամանակ շեշտելով հայոց ուղղափառ հավատը, ծեսերն ու ավանդույթները կենդանի պահելու անհրաժեշտությունը:
Վերջում Նորին Սրբությունը եկեղեցականներին նվերներ փոխանցեց` ի գնահատություն իրենց նվիրյալ ծառայության:
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 3, 2007թ.
Հանդիպում ՙԷջմիածնի մանուկներ՚ հիմնադրամի հանձնախմբի հետ
Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հանդիպում ունեցավ ՙԷջմիածնի մանուկներ՚ հիմնադրամի հանձնախմբի հետ` ղեկավարությամբ հանձնախմբի ատենապետ Գայանե Թաթուլյանի:
ՙԷջմիածնի մանուկներ՚ հիմնադրամը հոգում է Էջմիածնում մանկատան կառուցման ծախսերը: Հանձնախմբի անդամների ջանքերի շնորհիվ հիմնադրամը տարեկան 250 ԱՄՆ դոլար գումար է ապահովում 500 որբերի համար:
Հանդիպման սկզբում թեմակալ առաջնորդը Նորին Սրբությանը ներկայացրեց հանձնախմբի անդամներին` անդրադառնալով մարդասիրական այս առաքելության հանդեպ նրանց քրիստոնեկան սիրուն, անձնդիր ծառայությանն ու նվիրումին:
Ապա իր օրհնությունն ու գնահատանքը հանձնախմբի անդամներին բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրենիքի բարօրությանն ուղղված` ՙԷջմիածնի մանուկներ՚ հիմնադրամի ծառայության համար:
Վերջում հանձնախումբը ի նպաստ Մայր Աթոռի որբախնամ գործունեության քսանհինգ հազար ԱՄՆ դոլար գումարի հատկացում կատարեց: Հանդիպումն ավարտվեց Նորին Սրբության աղոթքով:
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 3, 2007թ.
Հանդիպում ՀԲԸՄ տարածքային կոմիտեի անդամների հետ
Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց ՀԲԸՄ Հարավային Կալիֆորնիայի մարզային հանձնախմբի հետ` գլխավորությամբ տիար Սինան Սինանյանի:
Առաջնորդի ողջույնի խոսքից հետո ՀԲԸՄ Կենտրոնական կոմիտեի անդամ տիար Սինան Սինանյանը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին հակառակ ծանրաբեռնված ժամանակացույցի ՀԲԸՄ հանձնախմբի անդամներին ընդունելու համար: Պրն. Սինանյանը նաև իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը, ում նախաձեռնությամբ ՙՄանուկյան-Դեմիրճյան՚ դպրոցում ներկայիս Արևմտյան թեմի հաստատման 80-ամյակի առիթով մատուռ է կառուցվում: Իր հերթին ՀԲԸՄ տարածքայի կոմիտեի նախագահ Վահե Իմաստունյանը վստահեցրեց Հայոց Հայրապետին, որ ՀԲԸՄ-ը պատրաստակամ է ծառայելուՀայրենիքին և Հայոց Եկեղեցուն իր հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով:
Նորին Սրբությունն իր խոսքում օրհնությամբ ու գնահատանքով անդրադարձավ ՀԲԸՄ-ի բազում տարիների նվիրյալ ծառայությանը Հայրենիքին, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Նա վստահություն հայտնեց, որ ՀԲԸՄ-ն միշտ էլ աջակից կլինի Մայր Աթոռին: Հայրապետը տեղեկացրեց նաև ՀԲԸՄ բարերաներ տեր և տիկին Ալեք և Մարի Մանուկայնների մարմինների Մայր Աթոռ փոխադրության և Սուրբ Էջմիածնում ամփոփման մասին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց խաչքարի օծում, որը տեղադրվելու է ՙՄանուկյան-Դեմիրճյան՚ դպրոցում կառուցվող մատուռում: Հանդիպումն ավարտվեց ՙՊահպանիչ՚ աղոթքով: