Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 12, 2007 թ.
Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք կատարեց ԱՄՆ Կոնգրեսում
Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ 110-րդ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստը բացվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքով: Նորին Սրբությունը հրավիրված էր Ներկայացուցիչների պալատ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Հովվապետական այցի շրջանակներում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին կոնգրեսականներին ներկայացրեց ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսին /Կալիֆորնիա/:
Կոնգրեսում հնչեցրած իր աղոթքում Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասաց. ՙՏե'ր, գոհություն ենք հայտնում Քեզ, որ շնորհեցիր մեզ այսօր աղոթելու այս ազգի առաջնորդների համար, ովքեր ջանում են հանուն աշխարհում ազատության և արդարության հաստատման: Ավելացրու նրանց իմաստությունն ու վճռականությունը: Նրանց գործերը ոգեշնչում և իրագործում են շնորհում յուրաքանչյուրի սրտում ապրող ձգտմանն արդարության: Հա'յր մեր, որ երկնքում ես, առաջնորդիր բոլոր ազգերին, Հայաստանի Հանրապետությանը` մեր Հայրենիքին, և մեր հավատի հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին, որի հետևանքները դեռևս ապրում է ողջ աշխարհը ցեղասպանության նորանոր դրսևորումներով: Հանգստություն շնորհիր մարդկության դեմ գործած ոճիրների բոլոր զոհերի հոգիներին և նրանց հետնորդներին խաղաղություն ու արդարություն շնորհիր: Կանգնեցրու նրանց, ովքեր ոտնահարում են կյանքը, ազատությունը և երջանկության փնտրտուքը:
Տե'ր, օրհնիր այս երկիրն ու ժողովրդին: Խաղաղություն և ապահովություն շնորհիր Ամերիկայի զավակներին, ովքեր իրենց ազգին ծառայում են արտասահմանում…՚:
Նիստի բացումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ տիկ. Նենսի Փելոսիի հետ: Ի դեմս Կոնգրեսի խոսնակի Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ԱՄՆ իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հարգանքի և հոգածության համար, որի շնորհիվ ամերիկաբնակ հայորդիները հնարավորություն ունեն ազատորեն դավանելու իրենց քրիստոնեական հավատը: Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Միացյալ Նահանգների` Հայաստանին ցուցաբերած օգնության մասին` նշելով, որ այն մեծապես նպաստել է Հայաստանի վերակառուցմանը, և հատկապես ընդծելով Միացյալ Նահանգների մեծ ջանքները` ուղղված Հարավ Կովկասյան տարածաշրջանում կայուն և ապահով միջավայրի հաստատմանը: Հանդիպման վերջում Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց Նենսի Փելոսիին և մյուս կոնգրեսականներին, ովքեր հանձն են առել տեղեկացնել և հասնել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը:
Նույն օրը Կոնգրեսի Արտաքին գործերի հանձնաժողովը ընդունեց թիվ 106 բանաձևը, որով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
###