Այցելեք
www.azadakrum.org հիմա:
Ուղերձ Հայաստանի Ժողովրդին
24.12.07 06:30
ՈՒՂԵՐՁ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցող կուսակցություններ, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների պատվիրակների հանրապետական կոնգրեսի կողմից
2008 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին Հայաստանում տեղի է ունեցել մի քանի տասնյակ քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների համախմբում, որոնք նախագահի ընտրություններում ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու որոշում են կայացրել:
Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության շուրջ ձեւավորված համագործակցության մաս են կազմում ամենատարբեր գաղափարախոսություններ եւ քաղաքական հայացքներ դավանող կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մտավորականներ, ազատամարտիկներ, գործարարներ, տարբեր մասնագիտության տեր անհատ քաղաքացիներ:
Վերջին տարիների համար աննախադեպ համախմբման հիմքում պետության եւ ժողովրդի առաջ ունեցած պատասխանատվության գիտակցումն է, եւ հայրենի երկրի ապագայի նմատմամբ ունեցած մտահոգությունը:
Քոչարյանասերժական իշխանության տարիներին Հայաստանում հաստատվել է ավազապետական ռեժիմ, որը իշխանությունը ընկալում է որպես պետությունն ու ժողովրդին հարստահարելու միջոց:
Ավազակապետական ռեժիմի վարած ապաշնորհ արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային տնտեսական ծրագրերից եւ հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, վերածվել երրորդ կարգի մի երկրի:
Լեռնային Ղարաբաղը զրկվել է բանակցային կողմ լինելու` միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից: Միջազգային հանրությունը սկսել է չընկալել Արցախի ժողովրդի ինքնորոշման ձգտումները:
Երկրի տնտեսությունը հայտնվել է փլուզման վտանգի առաջ, արհեստական մենաշնորհները խեղդել են ազատ ձեռներեցությունը, անընդհատ կրճատվում են արտահանման եւ ավելանում` ներմուծման ծավալները, սպառողական գները շարունակում են աճել:
Հայաստանում հաստատվել է հարաբերությունների խանական համակարգ, որը հակասում է հայ ժողովրդի մենթալիտետին: Վախի, կասկածամտության, անապահովության մթնոլորտի, մարդու իրավունքների եւ քաղաքացու արժանապատվության համատարած ոտնահարումների հետեւանքով շարունակում է ահագնանալ կործանարար արտագաղթը:
Հայաստանի ազատատենչ ժողովուրդը այլեւս չի կարող հանդուրժել ավազակապետական ռեժիմի գոյությունը, քանզի այն մեր հայրենիքը տանում է դեպի կործանում, մեր երեխաներին զրկում ապագայի նկատմամբ ունեցած հավատից:
Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերի նպատակը ժողովրդի վստահության վերականգնումն է սեփական ուժերի նկատմամբ, քաղաքացու իշխանության հաստատումը, Հայաստանի հզորացումը, Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը:
Մենք համոզված ենք, որ 2008թ. նախագահի ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը երկրում որակական փոփոխությունների հասնելու միակ ճանապարհն է: Լեւոն Տեր-Պետրոսյանը միակ թեկնածուն է, որ ի վիճակի է համախմբել երկրի ապագայով մտահոգ ուժերին, տեր կանգնել ժողովրդի ընտրությանը եւ իր հսկայական քաղաքական փորձը ներդնել ի նպաստ Հայաստանի, Ղարաբաղի եւ համայն հայ ժողովրդի բարօրության:
Սիրելի հայրենակիցներ.
Հայաստանում ձեւավորվել է համաժողովրդական շարժում, որի վճռականությունը պսակվելու է հաղթանակով: Դա լինելու է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու հաղթանակը: Ավազակապետական ռեժիմը խուճապի է մատնված: Ժողովրդին ահաբեկված պահելու նրա հուսահատ փորձերը դատապարտված են ձախողման: Հայ ժողովուրդը քաղաքացիական զարթոնք է ապրում: Ոչինչ չի կարող կասեցնել ժողովրդական կամքի հաղթական ընթացքը: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կոչ ենք անում միանալ համաժողովրդական շարժմանը, մասնակցել համաժողովրդական հաղթանակի կերտմանը` հանուն սերունդների առաջ ունեցած պատասխանատվության:
Հաղթանակ Հայաստանին,
Հաղթանակ ժողովրդին,
Հաղթանակ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ
22.12.07
Այցելեք
www.azadakrum.org հիմա: