View Single Post
Old 26 Dec 07, 19:34   #1 (permalink)
Persona grata
VIP Club
azadakrum's Avatar
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 17 azadakrum is on a distinguished road
Արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը, նախագահ վերընտրվելու դեպքում, հանձնելու է Արցախը:

Այցելեք www.azadakrum.org հիմա

"Ազատագրված տարածքների պաշտպանություն" հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէ‎ֆիլյանի` բանտից ստացված հերթական հայտարարությունը վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը, նախագահ վերընտրվելու դեպքում, հանձնելու է Արցախը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ առաջին նախագահի ս/թ սեպտեմբերի 21-ի ելույթից հետո սերժա-քոչարյանական ռեժիմի ներկայացուցիչներն ու նրանց քարոզչամեքենան, հայտնվելով խելակորույս վիճակում, տարաբնույթ մեղադրանքներով հարձակվեց Լևոն Տեր-Պետրոսյանի վրա` այդ թվում այն չարչրկված մեղադրանքով, թե իբր նա ուզում էր ծախել Ղարաբաղը, կամ դա ուզում է իրականացնել նորից նախագահ դառնալուց հետո: Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, այս ընթացքում, տարբեր հրապարակումներով կարողացել են հիմնավոր պատասխանել այդ սուտ մեղադրանքին, սակայն ես նույնպես իմ պարտքն եմ համարում անդրադառնալ դրան:
Նախ ասեմ, որ 1998-ի սկզբին առկա չէր այնպիսի մի վիճակ, որ Արցախի հարցի կարգավորման պատճառով Լևոնը հարկադրաբար հրաժարական տար: Համոզված եմ, որ նա բոլորովին այլ պատճառներով հրաժարական ներկայացրեց, որի մասին այսօր հիշատակելը նպատակահարմար չեմ համարում: Եթե փորձենք համեմատել մինչև 1998թ և դրանից այս կողմ, թե ինչպիսի փաթեթներ են դրվել բանակցությունների սեղանին, ապա կնկատենք, որ նոր փաթեթը միշտ նախորդից վատն է եղել: Սակայն, չգիտես ինչու, այսօրվա ռեժիմի ջատագովները դրանք պարտվողական չեն համարել: Եկող օրերին մենք կհրապարակենք 1999թ հոկտեմբեր 27-ից հետո, Արցախի վերաբերյալ, այս ռեժիմի և նրան սպասարկող ուժերի հայտարարությունները, գաղափարներն ու պատկերացումները: Նպատակը մեկն է. կրկին անգամ հիշեցնել մեր ժողովրդին, թե ովքեր են մեղադրում Լևոնին, որն ի տարբերություն իրենց, օրին խոհեմություն ու համարձակություն ունեցավ գաղտնազերծելու փակ-գաղտնի համարվող բանակցությունների միտքն ու էությունը: Իսկ սրանք, կերպարանափոխվելով, ազգայնականի կեղծ դիմակի ներքո, ենթարկվեցին Մինսկի մխմբի եզրակացություն-հանձնարարությանը, թե “նախագահները պատրաստ են խաղաղության, իսկ ժողովուրդները` ոչ”: Եվ այդ միտքն իրողություն դարձնելու համար հանձնարարվեց Հայաստանի իշխանություններին` նախապատրաստել մեր ժողովրդին ընդունելու այդ դժվարին զիջումները: Իսկ ժողովրդին “մշակելու” պարտավորությունը ստանձնած հակահայ ռեժիմը, պաշտպանության նախարար Սերժիկ Սարգսյանի գլխավորությամբ, օգտագործելով քաղաքական ուժերի, զինվորականների, մտավորականների և այլոց կախվածությունը իրենիցից, պարտադրեցին նրանց պաշտպանելու տարածքային զիջումների գիծը:
Ի տարբերություն սրանց, Լևոնը Արցախի հարցում երբեք չի անցել քաղաքական բանավեճի սահմանը, իսկ այդ բանավեճում միշտ հղում է արել Արցախի իշխանություններին ու ժողովրդին, ասելով, որ վերջին խոսքը նրանցն է: Իսկ Քոչարյանի օրոք Արցախը ընդհանրապես դուրս եկավ գործընթացից և հարցերը որոշում էին երկու մարդ: Եթե Լևոնի ժամանակ Ազատագրված տարածքների վերաբնակեցման ծրագրերին տրվում էր հատուկ (սակայն ոչ բավարար) ուշադրություն ու հատուկ արտոնություններ` վերաբնակիչներին, որի հետևանքով նրանց թիվը օր-օրի ավելանում էր, իսկ սրանք կատարեցին ճիշտ հակառակը` վերացնելով բոլոր արտոնությունները, այդ գործին նշանակեցին մի մարդու, որին դժվար է նույնիսկ մարդ անվանել և կարճ ժամկետում վերաբնակեցվածների թիվը կիսով չափ կրճատվեց:
Քաղաքականություն վերադառնալով, իհարկե, Լևոնը չի հրաժարվում իր նախկին արտահայտություններից, սակայն ավելացնում է, որ այս իշխանությունների վերջին 10 տարիների ապիկար գործունեության արդյունքում ստեղծվել է այնպիսի մի վիճակ, որ “Այսուհետև նրանք (ադրբեջանցիները) ոչ մի փոխզիջման չեն գնալու: Ես չգիտեմ ինչ է հնարավոր անել այս վիճակից դուրս գալու համար…”: Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանը ակնարկում է, որ չի շտապելու հարցը լուծել, ինչը նշանակում է նաև հարցի լուծման ձգձգում: Իսկ ահա Սերժիկը շատ ակտիվ է այս հարցում: Նա ասում է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, տարածքները չենք ազատագրել, այլ գրավել ենք, որ հետո առևտուր անելով հանձնենք: Շաբաթներ առաջ, Մոսկվայում, նա անգամ հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ բոլորովին վերջերս, Բրյուսելում, բարձր մակարդակի հանդիպման ժամանակ, տառապելով նախագահ դառնալու պատրանքով և առաջ ընկնելով ժամանակներից, հայտարարեց, որ ինքն այսօր իսկ պատրաստ է ստորագրել առկա նախնական սկզբունքային փաստաթղթի տակ: Իհարկե որևէ մեկին գաղտնիք չէ, որ այդ սկզբունքների առանցքը կազմում է ազատագրված տարածքների վերադարձը հակառակորդին:
Ես կտրուկ դեմ եմ այն մտքին, որ Լևոնը Արցախը հանձնող նախագահ է: Դա իրականությանը բոլորովին չի համապատասխանում: Այո, նրա հետ Արցախի խնդրում մենք ունենք լուրջ տարաձայնություններ, որից հիմնականը կայանում է նրանում, որ մենք ընդհանրապես հրաժարվում ենք բանակցությունների սեղանին տեսնել տարածքային զիջումների հետ կապված որևէ փաստաթուղթ: Միաժամանակ համոզված եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա համախոհները, որպես հայ մարդիկ, իրենց սրտի խորքում նույնպես դեմ են տարածքներ զիջելուն, սակայն, ի տարբերություն մեզ, լինելով պրագմատիկ (օգտապաշտ) գործիչներ, նրանք համոզված են, որ առանց զիջումների խնդիրը չի լուծվի: Հետևաբար, եթե նրանց ներկայացվի հարցի լուծման այլ ելք, որը հնարավոր կդարձնի առանց զիջումների իրականացնել տարածաշրջանի կայունացման կարգավորման ծրագրեր (երկաթգծի և տրանսպորտի վերագործարկում և այլն), ապա մեր կարծիքով իրենք կհամաձայնվեն այդ տարբերակին: Իսկ այն հարցին, թե կա՞ արդյոք հարցի լուծման այլ տարբերակ: Այո, կա այդ տարբերակը: Այս հակահայ վարչախմբին ասպարեզից դուրս քշելուց հետո մենք այն կդնենք շրջանառության մեջ, որը համոզված ենք, որ միաժամանակ կարժանանա նաև ժողովրդի հավանությանը:
Այսօր, ի դժբախտություն մեզ, մենք չենք կարող պետություն անվանել գործող կառավարող համակարգը: Ես համոզված եմ, որ իշխանության գալով Լևոնը իր առաջնային խնդիրը չի համարելու Արցախի հարցի լուծումը: Նա գալիս է վերականգնելու մեր պետականությունն ու սահմանադրական կարգը: Եվ այսօր կողմ լինելով նրա վերադարձին, դա չի նշանակում կողմ լինել ազատագրված տարածքները զիջելուն: Կրկնում եմ, որովհետև այս հարցը ներառված չէ “ավգյան ախոռները մաքրելու” ծրագրում: Ուստի այն վայրահաչություններն ու բանբասանքները, թե իբր նա գալիս է Արցախը հանձնելու, ամբողջությամբ զրպարտանք են և տգիտության արդյունք:
Ամփոփելով, ուզում եմ կրկին անգամ հիշեցնել, որ հայկական որևէ իշխանություն չի համարձակվի հակառակորդին հանձնել հազարավոր մարտիկների կյանքի և արյան գնով ազատագրված մեր հայրենի տարածքները: Եվ եթե մի օր նման իրավիճակ առաջանա, ապա մենք մեր ժողովրդին ոտքի կհանենք ու կպայքարենք տարածքներ զիջող իշխանության դեմ:
Ժիրայր Սէ‎ֆիլյան
”Ազատագրված տարածքների պաշտպանություն”
հասարակական նախաձեռնության համակարգող
20 դեկտեմբերի 2007թ.
”Վարդաշենի” բանտ


Այցելեք www.azadakrum.org հիմա
 
azadakrum is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 08:35.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60