Re: Арестован журналист Эрнест Варданян
Մերձդնեստրում լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքներով կալանավորված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի մայրը բաց նամակ է հղել Մեծ ութնյակի երկրների ղեկավարներին՝ ակնկալելով նրանց օգնությունը որդու ազատ արձակման հարցում:
«Էռնեստ Վարդանյանի ձերբակալությունը Մերձդնեստրի իշխանությունների կողմից կատարվել է «լրտեսության և պետական դավաճանության» շինծու մեղադրանքով: Լինելով անկախ լրագրող՝ Էռնեստ Վարդանյանը չէր կարող տիրապետել ռազմական, պետական և օրենքով պահպանվող գաղտնիքի, նա չէր աշխատում պետական կառույցում»,- գրում է լրագրողի մայրը՝ Թամարա Շաղոյանը՝ նշելով, որ իր որդին բոլորովին վերջերս ընդգրկվել էր ՄԱԿ-ի կադրային ցուցակում և սպասում էր իր նշանակմանը ՄԱԿ-ի Վաշինգտոնի կենտրոնակայանում։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Իտալիայի և Կանադայի ղեկավարներին ուղղված բաց նամակում Էռնեստ Վարդանյանի մայրը գրում է, որ իր որդին Մերձդնեստրի իշխանությունների պատանդն է։
Նշելով, որ Էռնեստ Վարդանյանի հարազատները չեն հավատում Մերձդնեստրի իշխանությունների հավաստիացումներին՝ Թամարա Շաղոյանը թախանձագին խնդրում է գերտերությունների ղեկավարներին՝ գործուն միջոցներ ձեռնարկել՝ իր որդու նկատմամբ արդարադատության վերականգնման և նրա անհապաղ ազատ արձակման համար։
Հիշեցնենք, որ 30-ամյա Էռնեստ Վարդանյանն անազատության մեջ է ապրիլի 7-ից: Նրա ձերբակալությունը դատապարտել են միջազգային տարբեր լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպություններ և Մերձդնեստրի իշխանություններից պահանջել ազատ արձակել լրագրողին:
|