Re: Азербайджан пригрозил силой отобрать Нагорный Карабах у Армении
Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանն արձագանքել է հունիսի 18–ի գիշերը կատարված ադրբեջանական դիվերսիային։
«Երեկ ուշ երեկոյան ինձ զանգահարել և զեկուցել են, որ Ադրբեջանի զինված ուժերը գործողություններ են նախաձեռնել և փորձել են ներթափանցել ԼՂ պաշտպանության բանակի դիրքեր։ Բնականաբար, պաշտպանության բանակի հակազդեցության արդյունքում Ադրբեջանցիների մտադրությունները չեն իրականացվել, ձախողվել են։ Հանցագործության վայրում թողնելով զոհեր և կրելով կորուստներ՝ նրանք հետ են քաշվել իրենց դիրքերը։ Ցավոք սրտի, կորուստներ ենք ունեցել նաև մենք։ Ես ցավակցություն եմ հայտնում մեր չորս զոհված զինվորների ընտանիքներին, հարազատներին։ Նրանց վիշտը հնարավոր չէ ամոքել։ Սադրանքներն անընդունելի են, միշտ անընդունելի են, հատկապես այս տմարդի գործողություններն անընդունելի են, որովհետև դրանք տեղի ունեցան Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ժամեր անց։ Այս փաստը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ համանախագահները, ներգրավված երկրները մտածելու բան ունեն։ Եվ ռազմատենչ հայտարարությունները, սադրանքները, մնալով անպատիժ, չեմ ասում՝ անպատասխան, միշտ կարող են հանգեցնել այսպիսի կամ ավելի վատ հետևանքների։ Ես համարում եմ, որ սա անհարգալից վերաբերմունք է նաև համանախագահների նկատմամբ»,– ասել է նա։
Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ այս միջադեպը ինչ-որ կերպ անդրադառնա բանակցությունների վրա, Սերժ Սարգսյանը պատասխանել է.
«Մենք վերաիմաստավորելու կարիք չունենք, որովհետև մենք շատ գիտակցված ենք գնում բանակցություններին և մեր նպատակը շատ հստակ է. մենք մեր նպատակից երբեք չենք շեղվել, որպեսզի պատճառաբանելով ադրբեջանցիների այսպիսի գործողությունները՝ ինչ-որ բան վերանայվի»։
«Մենք հաստատակամ ենք և ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը։ Դա է մեր նպատակը»,- հայտարարել է Հայաստանի նախագահը։
Tert.am
|