Join Date: Oct 2007
Location: germany
Rep Power: 29
|
Re: The Turkey & the Turks / Թուրքիան և թուրքերը / Òóðöèÿ è òóðêè /
Հայերեն տարբերակը...
Թուրքիա մեկնած հայաստանցի զբոսաշրջիկներին ծեծել են ու տարել ոստիկանություն
Հուլիս 27, 2010 | 12:08
Թուրքիա մեկնող հայ զբոսաշրջիկին Հայաստանում առաջարկում են Միջերկրական ծովի լազուր, 5 աստղանի հյուրանոց, կատարյալ հանգիստ եւ անմոռանալի հուշեր։ Հավատացեք, որ Թուրքիայից վերադառնալիս անջնջելի հուշերն ապահովված են, իսկ ծովի կապույտն ու 5 աստղանի հյուրանոցը ցանկալի, բայց ոչ իրական։ NEWS.am-ի թղթակցին հանդիպել եւ իրենց գլխի եկածը պատմել են վերջերս Թուրքիայից վերադարձած Սարաջյանները։ Ընտանիքի մայրը՝ Լիաննա Մամայանը պատմեց հետեւյալը. «Փոքր որդուս առողջության բարելավման համար բժիշկը ծով էր խորհուրդ տվել։ Որեշեցինք մեկնել Թուրքիա։ Դիմեցինք «Tez Tour» գործակալություն։ Եղած փաթեթներից ընտրեցինք Ալանիան, որտեղ պետք է կանգ առնեինք «Aventura park» 5 աստղանի հյուրանոցում։ Ընտանիքի 4 անդամների համար վճարեցինք 4000 դոլար, եւ բնականաբար ապահովագրվեցինք։ Հուլիսի 6-ին մեկնեցինք Ալանիա, ճանապարհին խմբի անդամներից տեղեկացանք, որ միայն մենք ենք հանգստանալու «Aventura park»-ում, ճիշտն ասած՝ փոքր ինչ անհանգստացա, դե ամեն դեպքում Թուրքիայում էինք լինելու, եւ մտածում էի, որ լավ կլիներ, որ հայաստանցիներով միասին լինեինք...
Ինչեւէ, ընտանիքով գնացինք «Aventura park» հյուրանոց։ Ասել էին, որ 5 աստղանի է, ինտերնետում էլ այդպես է նշված, բայց երբ հասանք տեղ, հասկացանք, որ եթե այն անկողմնակալ որակավորում անցներ 3 աստղի վարկանիշ էլ չէր ստանա։ Հյուրանոցի ծովափը կեղտոտ էր, հետո իմացանք, որ կոյուղին անմիջապես հանգստի համար նախատեսված ջրերի մեջ էր թափվում։ Համարում, եթե ցանկանում ես օդորակիչը միացնել, ապա պետք է դեպոզիտ ունենաս, սպիտակեղենը մաքուր չէր, մի խոսքով այդպես էլ հանգստանում էինք, մինչեւ հուլիսի 16-ը, երբ տեղի ունեցավ այն, ինչն աշխարհի քաղաքակիրթ որեւէ երկրում չէր կարող պատահել զբոսաշրջիկի հետ։
Նախ ասեմ, որ «Aventura park»-ի տղամարդ աշխատակիցները անտարբեր չէին անցնում հանգստացող կանանց կողքով, հատկապես ռուս աղջիկների նկատմամբ շատ էին չափերն անցնում, ու նրանց չէր հետաքրքրում աղջիկն ընկերոջ հետ է, կամ թե՝ ամուսնացած։ Նաեւ այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ պերսոնալը հատկապես աշխատում էր հաճոյանալ հյուրանոցի տիրոջն ու որդուն, որովհետեւ, որ աղջկա հետ, որ նրանք ծանոթություն էին հաստատում, նույն աղջիկներին երեկոյան տեսնում էինք հյուրանոցի տիրոջ կամ նրա տղայի հետ։ Մեզ հետ հանգստանում էին նաեւ երկու ռուսաստանցի աղջիկ, որոնցից մեկը հայուհի էր։ Հյուրանոցի աշխատակիցները, նրանց հետ էլ էին փորձել ծանոթանալ, բայց մերժվել էին։ Հուլիսի 16-ի երեկոյան աղջիկները նստած էին ընդհանուր սրահում եւ իրենց նոթբուքով ինչ-որ գործ էին անում, երբ մատուցողները մոտեցան ու շատ կոպիտ ձեւով սեղանի վրայից քաշեցին սփռոցը, որ քիչ էր մնում համակարգիչը ընկներ գետնին։ Աղջիկները բնականաբար նկատողություն արեցին, բայց մատուցողները սկսեցին վիճել, ու կոպիտ արտահայտությամբ ասացին, որ բերանները փակեն։ Հաջորդ սեղանին նստած էին 20 տարեկանի մոտ 4 ռուսաստանցի տղաներ, որոնցից երկուսը հայ էին, ցանկացան պարզել, թե ի՞նչ է պատահել։ Տղաների հարցին ի պատասխան, թուրքերը հայերին շատ լավ ծանոթ բառով նրանց ուղարկեցին նստելու իրենց տեղում։ Հաջորդ վայրկյանին քաշքշուկ սկսվեց։ Հյուրանոցի անվտանգության աշխատակիցները ոչինչ չարեցին, որ բաժանեն ծեծկռտուքի մասնակիցներին։ 5 աստղանի «Aventura park»-ի պերսոնալում ինչքան տղամարդ աշխատակից կար, ծեծում էին 4 երիտասարդներին, ու այդ ամենը բոլորի աչքի առաջ էր կատարվում։ Ի վերջո հանգստացողներից ոմանք կարողացան բաժանել նրանց, եւ երիտասարդներին տարան ընդհանուր օթյակի խանութներից մեկը։ Այդ ժամանակ ես ու ամուսինս վերադարձանք սենյակ, ու միաժամանակ փորձում էին կապվել մեծ որդուս՝ 15-ամյա Հովհաննեսի հետ։ Այդ նույն պահին Հովհաննեսը, որ դուրս էր եկել հյուրանոցի տարածքից վերադառնում է ընդհանուր օթյակ։ Ծեծված 4 երիտասարդները, որ մտերմացել էին նրա հետ հյուրանոցում, տեսնելով նրան, խնդրում են, որ ընդհանուր օթյակից բերի վայր ընկած բջջայիններն ու իրերը։ Հովիկը, բնական է, չի մերժում ընկերներին, գնում է, որ վերցնի բջջայինները։ Օթյակում կանգնած հյուրանոցի աշխատակիցներից մեկը կողքով անցնելիս ուսով հարվածում է Հովիկին, եւ ագրեսիվ տոնով ավելացնում, թե չե՞ս կարող ուշադիր քայլել։ Հովհաննեսի պատասխանին, թե ինքն ուշադիր էր, թուրքը սկսում է հրել նրան, ու նորից կռիվ է սկսվում։ 20 հոգով ծեծում են անչափահաս տղայիս։ Այդ պահին մեզ հետ հանգստացողներից մի ռուսաստանցի տղամարդ, ազգությամբ թաթար, փորձում է Հովիկին բարձրացնել գետնից, բայց նրան էլ են ծեծում, ու կոտրում են կողոսկրերը։ Ծեծկռտուքից հետո, երբ տեսա Հովհաննեսին, չճանաչեցի, որովհետեւ դեմքն ամբողջովին այտուցված էր, ու աչքերը գրեթե փակվել էին, չնայած մինչեւ նրան սենյակ բերելը, արդեն լվացել էին դեմքի արյունը։ Դեպքից հետո ամուսինս՝ Արթուրը, փորձեց պարզել, թե ինչ է պատահել։ Նրան եւ մեզ հետ հանգստացող Խաչիկին հյուրանոցի աշխատակիցները կրկին մոտ 20 հոգով կանչեցին հյուրանոցի տարածքից դուրս ու առանց որեւէ բան բացատրելու կռիվ սարքեցին։ Աշխատակիցներից մեկը դանակ էր հանել, իսկ մյուսը արցունքաբեր գազ էր փչել Արթուրի աչքերին, ու կրկին նույն ոհմակով սկսել էին ծեծել։
Կռիվների շարանից կազմված այդ մղձավանջը տեւեց մոտ 3 ժամ։ Ոչ մեկին չէի կարողանում դիմել ու բացատրություն ստանալ։ Մեզ հետ ամերիկահայ մի կին էր հանգստանում, որ թուրքերեն գիտեր, խնդրեցի, որ նա խոսի հյուրանոցի տիրոջ հետ, ասի որ իր հյուրանոցի աշխատակիցները անօրինականություն են անում, ասի, որ մենք կբողոքենք։ «Ո՞ւմ եք բողոքելու, Ալանիայի տարածքում ես պրոբլեմ չունեմ, ում ուզում եք բողոքեք»,- ասաց նա, իսկ երբ իմացավ, որ Հայաստանից ենք, հայացքը դարձավ նողկանք արտահայտող ու ասաց՝ «Յալահ, յալահ»...
Այդ ընթացքում հյուրանոց էր եկել «Tez Tour»-ի աշխատակիցը, ով, ըստ էության, ոչինչ չկարողացավ անել, որ հանգստացնի, կարծես աֆեկտի մեջ ընկած հյուրանոցի աշխատակիցներին։ Նրան ասում եմ, որ Հովհաննեսին բուժօգնություն է պետք, գլխին հարվածներ են հասցրել, քթից արյուն է հոսում, իսկ նա, թե «ես չեմ կարողանում Հայաստան կապվել, որ ճշտեմ, թե արդյոք ապահովագրությունը ձեւակերպվա՞ծ է, ինքներդ փորձեք կապվել Հայաստան»։ Չօգնեց նաեւ այն, որ ես ցույց տվեցի ապահովագրության մասին վկայող փաստաթղթերը։
Կեսգիշերին մոտ ժամանեցին թուրք ոստիկանները, ու կալանավորեցին 4 ռուսաստանցի երիտասարդներին, ամուսնուս ու մեզ հետ նույն հյուրանոցում հանգստացող Խաչիկին, եւ վերջապես եկան համար, որ կալանավորեն Հովհաննեսին։ Ինձ թվում էր այդ ամենը սարսափելի երազ է...
Թուրք ոստիկանին ասում եմ, որ անչափահաս որդուս չի կարող ձերբակալել, որ իրավունք չունի, իսկ նա, թուրքերեն չգիտեմ ինչ է ասում, ու առաջ է գալիս, որ ձեռնաշղթաներ անցկացնի Հովիկի ձեռքերին։ Նյարդերս տեղի տվեցին, սկսեցի գոռալ նրա վրա, որ ես նրան ու ամբողջ իրենց ոստիկանությանը դատի կտամ, որովհետեւ նրանք ապօրինի կերպով ձերբակալում են անմեղներին, որ մեղավորները հենց հիմա հյուրանոցի տարածքում իրենց համար ազատ ման են գալիս, որ անչափահասին ձերբակալելը հանցագործություն է...
Վերջում ասացի, որ Հովհաննեսի հետ ինձ ու 11-ամյա որդուս էլ ձերբակալի, որովհետեւ ես իմ երեխաներին մենակ չեմ թողնի։ Ոստիկանը մի պահ նայեց ինձ, հետո ետ դարձավ ու լքեց սենյակը։
Ոստիկանությունում ամուսնուս ու Խաչիկին երկար չպահեցին։ «Tez Tour»-ի աշխատակիցն էլ էր մեկնել ժանդարմերիա, ու բանակցել էր, որ Արթուրենց բաց թողնեն։ Արթուրենց բաց էին թողել, բայց փոխարենը գործն ուզեցել էին բարդել 4 ռուսաստանցի տղաների վրա, թե իբր նրանք են կռիվ սարքել, որ հարբած խուլիգանություն են արել։ Արթուրենք չգիտեմ ինչ կերպ, բայց համոզել էին ոստիկաններին, որ տղաներին ազատ արձակեն... Համոզվել էին։
Ես ինձ երբեք, այդքան անպաշտպան, մենակ, վիրավորված ու անտեսված չէի զգացել։ Գիշերը լուսացրինք բաց աչքերով, իսկ առավոտյան, երբ արեւի ճառագայթները լուսավորեցին ծովն ու ափը, այն ինձ համար էլ նախկին գեղեցկությունը չուներ, նույնիսկ զզվելի էր, նման էր թուրքական լպրծուն քաղցրավենիքի, որ արհեստական լույսերի տակ շատ լավն ու համեղ է թվում, բայց համտեսելուց հետո հիասթափվում ես...
Վերադարձի ճանապարհին չկարողացա զսպել արցունքներս։ Դե, խմբի անդամները հետաքրքվեցին, թե ի՞նչ է պատահել։ Պատմեցի։
Այդ պահին մի կին, որ ճանապարհին գրեթե չէր շփվում ոչ ոքի հետ, ասաց. «Թող իրանց կարգին պահեին տենց չէր լինի, ես արդեն 5 տարի ա մենակ Թուրքիա եմ գալիս հանգստանալու, իմ հետ տենց բան խի՞ չի լինում։ Համել թող իրանց Հայաստանում նորմալ գներ դնեն, ես էլ իմ փողերը ընդեղ կծախսեմ»։
Ես ապշել էի, ու պատասխանելն անիմաստ էր... Բայց մենք մեր ընտանիքով մի բան որոշեցինք հաստատ։ Թուրքիա, էլ երբեք, որեւէ մեկս ոտք չի դնի»։
P.S. NEWS-ը հիշեցնում է, որ Հայաստանը եւ Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություն, եւ Հայաստանի քաղաքացիներն այդ երկրում իրավական կամ այլ խնդիրների հանդիպելիս, բացարձակ անպաշտպան են։
Կոնստանտին Ամիրաքյան
|