Հարցազրույց Առաքել Մովսիսյանի հետ(Շմայս)...
ԱՎԱՐՅԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ
ԵՍ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՔԻԼԼԵՐ ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ
«Ավարյան» չի նայում ընկեր, ախպեր, պաշտոնյա
Հարցազրույց ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Առաքել Մովսիսյանի` Շմայսի հետ:
- Պարոն Մովսիսյան, մինչ Դուք ԱՄՆ-ում էիք, Հայաստանում հրապարակվեց փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների զեկույցը: Ըստ տեղեկությունների, ի թիվս այլ պաշտոնյաների ու գործարարների, նաեւ Դուք եք Ձեր թիկնապահների, քիլլերների ու մերձավորների համար հանդերձանք ձեռք բերել Պաշտպանության նախարարությունից, եւ մարտի 1-ի գիշերը նաեւ նրանք են գնդակահարել խաղաղ ցուցարարներին:
- Նախ թիկնապահ հասկացողությունը չգիտեմ ինչ բան ա, չի եղել երբեւիցե: Ոչ էլ վարորդ եմ ունեցել: Երկրորդն էլ, էդ Ձեր ասած քիլլեր, կիլլեր հասկացողությունն ընդհանրապես չեմ ընդունում: Երրորդն էլ` մարտի 1-ին ընդամենը իմ առօրյա աշխատանքների մեջ եմ եղել:
- Ո՞րն է Ձեր առօրյա աշխատանքը:
- Ազգային ժողովում գիշերը արտահերթ է եղել, իմ տարածքում եմ եղել:
- Բայց կրակոցները մինչեւ ԱԺ արտահերթ նիստն են հնչել:
- Ես այնտեղ չեմ եղել, ներկա չեմ եղել, չեմ կարա ասեմ:
- Բայց ինչո՞ւ է ցուցակում հենց Ձեր անունը նշված, որ Ձեր մերձավորներն են մասնակցել մարտի 1-ի արյունահեղությանը:
- Ինչ-որ մեկը երեւի հղի ա, չի կարում ազատվի հղիությունից, դրա համար էլ միշտ իմ անունը ուր ասես հոլովում են:
- Ո՞ւմ եք ակնարկում:
- Ես չգիտեմ, թող գնան, իմ տարածքի ժողովրդից հարցնեն` նման հասկացողություն ընդհանրապես գոյություն ունեցե՞լ ա կյանքում, թե ոչ: Տարածքիս բնակիչներն իրանց կսատկացնեն, որովհետեւ ես ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր եմ:
- Ո՞վ է Ձեր վատը կամենում, որ Ձեր անունը հոլովում է:
- Նախանձում են, խանդում են, որ ինձ ընդունում են, իսկ իրանք, որ տարիներով ԱԺ-ում են... Ես իմ ժողովրդի համար գիշեր-ցերեկ տանջանքներ եմ կրում, որ իմ ժողովուրդը չզգա ճգնաժամ եւ սովի չմատնվի:
- Ո՞նց եք տանջվում:
- Դպրոցից սկսած, գյուղատնտեսությանն եմ օգնում, հնարավորին սահմաններում նեղ մարդկանց ապահովում եմ փայտով եւ այլն: Աշխատում եմ թեկուզ իմ չնչին հնարավորության չափով օգտակար լինեմ իմ ժողովրդին: Մնացածը ինձ չի հետաքրքրում, թե ով ինչ ա ասում: Խանդն ա, հասկանո՞ւմ եք:
- Ասում են, որ Սերժ Սարգսյանի ընտրության ժամանակ Դուք մեծ գումարներ եք ծախսել եւ հիմա` այս ճգնաժամի պայմաններում չեք կարողանում վերականգնել Ձեր գումարները:
- Խի իմ ժողովրդի հարգանքն ու պատիվը կարող ա՞ չկա, որ ես փողեր պետք ա ծախսեմ: Որտեղ ես, ընդեղ իմ ժողովուրդն իմ հետ ա: Միանշանակ, ցանկացած ընտրություն, եթե ինձ անհրաժեշտ է իմ կուսակցության համար, երբ կոչ եմ անում, իմ կողքին կանգնած են: Ոչ մի կոպեկ գումար իմ ժողովուրդը չի ստացել:
- Բա Սերժ Սարգսյանին ինչպե՞ս եք աջակցել:
- Շարժման առաջին օրվանից եմ ես աջակցել: Ղարաբաղի պատերազմի առաջին օրվանից մինչեւ էսօր ես եւ իմ եղբայրները ամբողջովին նվիրված ենք եղել մեր ժողովրդին, քանի որ մենք ունենք անցած ճանապարհ, չենք կարող էդ ճանապարհից հետ կանգնել:
- Ես Սերժ Սարգսյանի աջակցության մասին էի հարցնում:
- Մարտական ընկերներ ենք ու աջակցելու եմ ընդմիշտ: Ինքը որպես նախագահ լավ նախագահ ա:
- Սերժ Սարգսյանի վարած հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման քաղաքականության կո՞ղմ եք:
- Ես նախագահի որոշումներին դեմ չեմ գնում, իր կողքին կանգնած եմ: Նրա որոշումները երբեք չեմ քննարկում:
- Ուզո՞ւմ եք, որ հայ-թուրքական սահմանը բացվի:
- Երբ որ ժամանակը գա, մեր նախագահը ոնց որոշել է, տենց էլ կլինի:
- Մի բան էլ. խոսակցություններ կան, որ Դուք իշխանության մեջ եք մնում միայն այն բանի համար, որ կասկածներ ունեք, թե տարիներ առաջ ավտովթարի ենթարկված Ձեր եղբայրն իրականում ավտովթարից չի մահացել: Եվ հիմա Դուք ներքին հետաքննություն եք իրականացնում` իրական մեղավորներին բացահայտելու համար: Այո՞:
- Նախ իմ եղբայրը 4-րդ անգամ «ավարյա» տվեց, լավ չէր քշում մեքենա, չէր էլ սիրում վարորդ պահել` ոնց որ ես չեմ սիրում: 4-րդ անգամ մահից փրկվավ, բայց 5-րդ անգամ չփրկվեց: Ամաչում էր վարորդ պահեր, որովհետեւ գյուղացու մեջ մեծացած մարդը դժվարանում ա, ամաչում ա: Սիրում էր ինքը նստեր եւ ուր ուզեր, գնար: Վարորդին անընդհատ պիտի ասեր` գնա ստեղ, ընդեղ, էն ա, ինքն էր քշում:
- Այսինքն, կասկածներ չունե՞ք:
- Ոչ մի կասկած չունեմ: Ես անձամբ եմ գնացել դեպքի վայր: Մեքենայի մասերը 500 մետր էս ու էն կողմ թափված էին: Ցավոք, իմ ախպերը չփրկվեց: Ընդհանրապես հազարավոր ընկերներ ենք կորցրել «ավարյայից». որ ամեն մեկին ասենք, թե մտածված էր, սարքած էր, ուր կհասնի: «Ավարյան» չի նայում ընկեր, ախպեր, պաշտոնյա: Բայց Աստված մեր հետ ա, ի՞նչ ասեմ: