Join Date: Oct 2007
Location: germany
Rep Power: 29
|
Re: Ընդիմադիր լրատվամիջոցները թե կառավարական, ով ինչքան է ստում Оппозиционные и правительственные СМИ, кто больше врёт
ՇՄԱՅՍԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ՀՀ Ազգային ժողովում հայտնված պատգամավորների վարքագծին, մարդկային տեսակին ու բարոյական կերպարին անդրադառնալու առիթներ մենք շատ ենք ունեցել: Այս անգամ առանձնահատուկ ուշադրության ենք արժանացնում հանրահայտ Շմայսին, որ այս ընթացքում հասցրեց ի ցույց դնել իր ամենաքողարկված որակները:
Նրա «իսկական անունը» Առաքել է, ազգանունը` Մովսիսյան, բայց հաճախ ինքն էլ է իր անուն ազգանունը լսելիս անակնկալի գալիս, քանի որ միայն Շմայսն է այդ մարդու համար հոգեհարազատ դիմելաձեւը: Ըստ նրա ընկերների, Շմայս անվամբ Առաքելին կնքել են ազատամարտիկները. նա ունեցել է գերմանական «Շմայզեր» տեսակի հրազեն, որի անունն էլ ձեւափոխվել եւ «հասել է տիրոջը»:
Այս մականունավորը խորհրդարանում աչքի է ընկնում հիմնականում իր պոռոտախոսությամբ ու հայհոյանքներ տալու շնորհքով: Վերջին անգամ նա ԱԺ նիստերի դահլիճում հայհոյանք տվեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, քանի որ վերջինս բռնացրել էր, թե ինչպես է մականունավոր պատգամավորը քվեարկում ուրիշի փոխարեն: Մովսիսյանը երկու առաքելություն ունի խորհրդարանում. քվեարկել ինչքան հնարավոր է շատ մարդկանց փոխարեն ու նաեւ հայհոյանքներ տալ խորհրդարանի նիստերի դահլիճում բացառապես կանանց: Այսքանով ավարտվում է Շմայսի խորհրդարանական գործունեությունը: Ու այսպիսի մարդուն Հանրապետական խմբակցությունում դեռ հանդուրժում են, թեեւ մի քանի անգամ նկատողություն է արվել նրան` պատգամավորին վայել պահվածք չդրսեւորելու համար:
Բայց ներկայացնենք նաեւ նրա արտախորհրդարանական գործունեությունը: Առաքել Մովսիսյանը նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում հրապարակավ փորձեց հակադրվել գեներալ Մանվել Գրիգորյանին` հայտարարելով, որ ինքը թույլ չի տալու Լեւոն Տեր-Պետրոսյանին ոտք դնել Էջմիածին: Իսկ եթե այնուամենայնիվ նա գա էլ, որեւէ մեկը չի մասնակցի նրա հանդիպմանը, ասել էր Շմայսը: Բայց բոլորս ենք հիշում, թե ինչպիսի ցնծությամբ էջմիածինցիները դիմավորեցին ՀՀ առաջին նախագահին. դհոլ զուռնայով, խաղաղության աղավնիներ երկինք բաց թողնելով, մարդկային աննախադեպ հոծ բազմությամբ: Ինչպես ասում են` այս ամենն էջմիածինցիներն արեցին Շմայսի ինադու: Որքան հրապարակավ եղել էր հոխորտանքը, այնքան էլ հրապարակավ կոտրվեց պատգամավորը: Նա այդ օրը անհայտ էր, թե ուր էր մտել եւ ինչով էր զբաղված:
Եթե փորձենք հանրագումարի բերել ասվածը, պետք է նշենք, որ այս պատգամավորի կյանքի միակ նպատակը Էջմիածնում գեներալ Մանվելին փոխարինելն է: Նա ամեն ինչ անում է Մանվել Գրիգորյանի արժանիքները թերագնահատելու ու իրենը բարձրացնելու համար: Շմայսն անվերջ պատերի տակ բամբասում է Մանվել Գրիգորյանին, իսկ իրականում վախենում է, քանի որ անկանխատեսելի բնավորության տեր Գրիգորյանը հասցրել է մի քանի անգամ «ատամ ցույց տալ» Շմայսին` մի անգամ նույնիսկ կրակելով նրա ոտքերի տակ: Իսկ որքան էլ այսօր Շմայսը փորձի հերքել տեղի ունեցածը, միեւնույն է, հանրահայտ փաստ է ասվածը: Անհերքելի իրողություն:
Այս մանդատավորը հիմա էլ սկսել է լավ հարաբերություններ հաստատել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Նա շատ էր ցանկանում գրավել ռազմական ոստիկանապետի պաշտոնը, բայց այն չվստահվեց իրեն: Իսկ Սեյրան Օհանյանին եւ Շմայսին այսօր միավորող հիմնական հետաքրքրությունը Մանվել Գրիգորյանի դեմ արվող քայլերն են: Նրանք երկուսով փորձում են հնարավոր ու անհնար բոլոր եղանակներով չեզոքացնել Մանվել Գրիգորյանին ու վերացնել նրա ունեցած ազդեցությունը ազատամարտիկների վրա:
Բայց միայն այս ուղղությամբ չէ, որ աշխատում է Շմայսը: Նա այս օրերին լծվել է նաեւ Էջմիածնի քաղաքապետին ընտրելու գործին: Եթե մոտ մեկ տարի առաջ Շմայսը նույն ոգեւորությամբ բամբասում ու փնովում էր Ճոյտին, ապա հիմա նրա վերաբերմունքը փոխվել է: Պարզվում է, որ ով համարձակություն է ունենում հակադրվելու գործող իշխանությանը, դառնում է Շմայսի թիրախը: Հակոբ Հակոբյան Ճոյտը երբ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիգորի Սարկիսովի հետ խնդիրներ ունեցավ, նրան բարեւ տվողները շատ քիչ էին, որոնց թվում էր եւ Շմայսը, իսկ այսօր, երբ Ճոյտի գործերը այնքան էլ վատ չեն իշխանությունների հետ, Շմայսի դուխը տեղն է ընկել. նա հիշել է իրենց միջեւ առկա քավորսանիկական հարաբերությունները ու սատարում է Ճոյտին: Թեեւ այստեղ եւս նա մտովի դուրս է եկել Մանվել Գրիգորյանի դեմ, քանի որ Ճոյտի հակառակորդը Մանվել Գրիգորյանի որդին է` Կարեն Գրիգորյանը: Իսկ նախորդ ընտրություններում Շմայսը սուսուփուս կանգնել էր նույն Մանվել Գրիգորյանի փեսայի կողքին, քանի որ Մանվել Գրիգորյանը դեռ պաշտպանության փոխնախարար էր:
Նրա վերջին քաջագործությունը դրսեւորվել է դարձյալ խորհրդարանում, երբ քաղբանտարկյալ պատգամավոր Հակոբ Հակոբյանին Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հեռացնելու որոշում պետք է կայացվեր: Ոչ ոք` այդ թվում եւ հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը չի խնդրել հանձնաժողովի անդամներին քվեարկել Հակոբ Հակոբյանի դեմ: Նա ընդամենը առաջարկել է: Միայն Շմայսն է, որ հանձն է առել բացատրել իր գործընկերներին, որ պետք է քվեարկել, որ դրա մեջ վատ բան չկա եւ այլն: Այսինքն, «Օրինաց երկիր» կուսակցության նորելուկ պատգամավոր Իշխան Խաչատրյանի համար ջանքեր թափելու գործը իր վրա է վերցրել Շմայսը: Բայց հավանաբար դա չի արել ՕԵԿ-ի նկատմամբ ունեցած սիրուց, այլ Հակոբ Հակոբյանին վատություն անելու դրդումով: Բանն այն է, որ նա մշտապես թաքուն նախանձել է բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց թիկունքում ունեն ազատամարտիկների «բանակ»: Իսկ Հակոբ Հակոբյանը, ինչպես գիտենք, «Ոգու փորձություն» ՀԿ նախագահն է:
Երբ մենք Հակոբ Հակոբյանի դեմ քվեարկելու որոշման պատճառները փորձեցինք անձամբ Շմայսից ճշտել, ասաց, թե ինքը ՀՀԿ անդամ է եւ կուսակցության խորհրդի որոշումն է կատարել: Բայց կուսակցության մամլո խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովից էլ տեղեկացանք, որ ՀՀԿ խորհրդի նիստերում երբեք Հակոբ Հակոբյանի պաշտոնանկության հարցը չի քննարկվել (մենք այս թեմային մանրամասն անդրադարձել ենք մեր շաբաթ օրվա համարում-Թ. Թ.): Այսինքն, Շմայսը ընդունակ է նաեւ ստել: Բայց դա դեռ քիչ է, պարզվում է, որ նա իրեն ավելի շատ հանրապետական է համարում, քան ասենք Գալուստ Սահակյանը: Վերջինս, ինչպես տեղեկացրել էինք, չէր մասնակցել հանձնաժողովի նիստին ու չէր քվեարկել Հակոբ Հակոբյանի դեմ, իսկ Շմայսը, որ դեռ չի տարբերում ցեղակրոնությունը ուսմունք է, դավանանք, թե գաղափարախոսություն, խոսում է ՀՀԿ-ի անունից ու կայացրած որոշումներից:
Ինչեւէ, Շմայսի նման մանդատավորները, ցավոք, շատ են մեր խորհրդարանում: Ու դարձյալ ցավոք, նրանք իրենց համարում են երկրի ղեկավարների հենարանը: Այստեղ են ասել` ողբամ քեզ Հայաստան, որ հենարանդ Շմայսն է:
|