Re: The Turkey & the Turks / Թուրքիան և թուրքերը / Турция и турки /
Taraf. Թուրքիայում առաջին անգամ խախտվեց ավանդույթը, փոխքաղաքապետ է նշանակվել ազգությամբ հայը
Նոյեմբեր 20, 2010 | 11:05
Թուրքիայի հանրապետության պատմության մեջ առաջին անգամ խախտվել է չգրված օրենքը եւ ազգությամբ հային նշանակել են փոխքաղաքապետ։
Թուրքական Taraf-ի փոխանցմամբ՝ Ստամբուլին կից կղզիների (Adalar) քաղաքապետ Մուսթաֆա Ֆարսաքօղլուն խախտել է թուրքական կարեւոր գաղափարախոսական մի ավանդույթ եւ փոխքաղաքապետ է նշանակել քաղաքային խորհրդի անդամ Րաֆֆի Հերմոն Արաքսին։
Քաղաքապետ Ֆարսաքօղլուն նշել է, թե ոչ մահմեդական քաղաքացիների իրավունքների համար մի շարք միջոցներ կարելի գտնել՝ դրանում միայն անկեղծ կամք դրսեւորելով։ «Մենք աշխատում ենք կատարել մեր բաժին պարտականությունը։ Շատ ամոթ է նույնիսկ մեկ անգամ օգտագործել «ազգային փոքրամասնություն» արտահայտությունը։ Ժողովրդի կողմից ընտրված մեր ընկերոջը արժանիորեն նշանակել ենք այդ պաշտոնին։
Ժողովրդավարության զարգացման նորարարական փնտրտուքի արդյունք է։ Եթե բոլորն էլ անհրաժեշտ կամք դրսեւորեն, հավատացեք, ամեն ինչ ավելի հեշտ կլինի»,- նշել է քաղաքապետը։
Նշենք, որ օրեր առաջ Կուրբան բայրամի առթիվ, երբ քաղաքապետ Ֆարսաքօղլուն արձակուրդի էր մեկնել, քաղաքապետի պաշտոնը ժամանակավորապես ստանձնած Րաֆֆի Հերմոն Արաքսն է կազմակերպել Կուրբան բայրամի նամազի արարողությունները եւ քաղաքացիների հետ մասնակցել ու նրանց շնորհավորել իսլամական հայտնի տոնի կապակցությամբ։
Րաֆֆի Հերմոն Արաքսը հերթով այցելել էր կղզիներ, շնորհավորել քաղաքացիներին՝ Կուրբան բայրամի կապակցությամբ։ «Ես ոչ միայն նամազ կանեմ մեր մահմեդական եղբայրների հետ, այլ նաեւ կաղոթեմ հրեա եղբայրների սինագոգներում»,- նշել էր հայազգի փոխքաղաքապետը՝ շեշտելով, թե իսլամական կրոնական արարողություններին մասնակցելը անընդունելի չէ։
|