Սուքիասյանը կգնա մինչև Եվրադատարան
Օրերս Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սոքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Նշենք, սակայն, որ այդ որոշումը թվագրված է հոկտեմբերի 19-ին:
Քննչական ծառայությունը Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը կայացրել է «ապացույցների անբավարարության» հիմքով: Այս հանգամանքը, սակայն չի բավարարում Սուքիասյանին պաշտպաններին, որոնք պնդում են, որ գործը պետք է կարճվեր իրենց պաշտպանյալի գործողություններիում հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը քրեական հետապնդման էր ենթարկվում 2008 թ. հետընտրական իրադարձությունների կապակցությամբ, այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին: 2009 թվականի սեպտեմբերի 2-ին նա կամավոր ներկայացել է իրավապահներին և նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը»:
Սակայն, հաշվի առնելով Սուքիասյանի` Հատուկ քննչական ծառայություն ինքնակամ ներկայանալու հանգամանքը` նախաքննական մարմինը սեպտեմբերի 4-ին փոխեց նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանքը, և որպես խափանման միջոց ընտրեց ստորագրությունը` չհեռանալու մասին:
Սուքիասյանի փաստաբան Արա Զաքարյանը «Առաջին լրատվականի» հետզրույցում տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են բողոքարկել Հատուկ քննչական ծառայության որոշումը և եթե տեղական ատյաններում հաջողության չհասնեն` բողոք կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ սա առաջին դեպքը չէ, և 2008 թ. մարտի մեկից հետո ձերբակալվածների մեծ մասի նկատմամբ կիրառված անօրինական գործողությունները այս իշխանությունները փորձել են հենց այս կերպ կոծկել:
«Ոչ միայն Խաչատուր Սուքիասյանի, այլ նաև բոլոր քաղբանտարկյալների հարցով նրանք ոչինչ չեն կարողացել ապացուցել և կամայական վճիռներ են կայացրել, որոնք ընդհանրապես դատարանների հետ առնչություն չունեն»,- նշեց Հարությունյանը:
Հարությունյանի կարծիքով բողոքարկման դեպքում հայաստանյան բոլոր էտապները անցնելուց հետո կարելի կլինի Եվրադատարանում հասնել հաջողության և այս իշխանությունները պարտադրված պետք է ընդունեն, որ մարդկանց հետապնդել են առանց հանցակազմի առկայության: