Re: Prominente
Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնի փոփ երգիչ, ազգությամբ հայ Աբրահամ Ռուսոն (Աբրահամ Իբջիրյան) խոսեց ու երգեց հայերեն։ Ավելին, նա ընդգծեց, որ արդեն հայերեն է խոսում իր չորս տարեկան աղջիկը։
Երգիչը նշեց, որ հպարտ է հայ լինելու համար, համատարիմ է իր արմատներին և սիրում է Հայաստանը։ «Հայաստանը հարուստ երկիր չէ, հետևաբար փող ունեցողները պետք է օգնեն մյուսներին։ Մի բուռ հայ ենք, ով կարող է մի բանով օգնել, օգնեք միմյանց»,- կոչ արեց նա։
Ռուսոն ցավով նշեց, որ Չեչնիայի ժողովրդական արտիստի կոչում է ստացել, այնինչ Հայաստանում իրեն այդքան չեն գնահատում։ Նա ընդգծեց, որ երազում է հայերեն երգերով ալբոմ թողարկել. արդեն 3-4 երգ պատրաստ է։ Նա պարտրաստվում է Երևանում բնակարան գնել։
2006թ.-ին իր դեմ կատարված մահափորձից հետո երգիչն զբաղվել է սեփական առողջության վերականգնմամբ։ «Առողջությունս շատ լավ է, փառք Աստծո։ Դժվարությունները մնացին անցյալում։ Աստված մեծ է, անշուշտ։ Մենք հավատացյալ ժողովուրդ ենք, դրա համար գիտենք մեր կյանքի մեջ Աստծո գինը, դրա համար հավատքը մեզ փրկում է։ Դրա համար էլ այսօր ողջ եմ և առողջ եմ, կարողանում եմ և քայլել, և ցատկել»։
Երգիչը նաև ընդգծեց, որ մեկ տարուց ավելի է՝ դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, սակայն դեռևս պատասխան չի ստացել։ «Վկայականներս, ծննդականս որպես փաստ ներկայացրել եմ, որ հայ եմ։ Ուրեմն արժանի չեմ, որ հայ եմ։ Ես ծառայել եմ այս ազգին, սակայն ինձ ոչինչ պետք չէ»,- ընդգծեց նա՝ միաժամանակ հավելելով, որ վիրավորված չէ հայրենիքից։
Ռուսոն նշեց, որ անպայման կգնա Ղարաբաղ։ «Ես ուրախ, զվարթ կգնամ Ղարաբաղ, բայց հրավիրող չկա։ Վաղը ինձ հրավիրեն, կգնամ։ Իմ ազգս է, ո՞նց ես կարող եմ «ոչ» ասել։ Ադրբեջանում 2 անգամ եղել եմ։ Կգնամ Ղարաբաղ, էլ թող 10 հազար անգամ չընդունեն Ադրբեջանում»,- ընդգծեց նա։
Անդրադառանալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ընդունման վերաբերյալ հարցին՝ երգիչը նշեց. «Նրանց համար սա ցավալի հարց է, քանի որ իրենց բարբարոս լինելն է ցույց տալիս։ Թուրքիան բարբարոս ազգ է, արյունով և սրով գրաված ազգ է։ Դրա համար ինչպե՞ս կարող է այդ ազգն ընդունել իր անցյալը, եթե ուզում է Եվրոպա մուտք գործել»։
Հանրահայտ երգիչը Հայաստանի բնակչությանը խաղաղություն, սեր, միություն ու հզորություն է ցանկանում. «Մեր թաղի մեջ էլ մի օր ուրախություն կգա»։
Աբրահամ Ռուսոն վաղը կմեկնի Էջմիածին՝ մասնակցելու Սուրբ պատարագի։
|