View Single Post
Old 09 Apr 11, 14:20   #72 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 18 ХичКОК is on a distinguished road
Re: Церемония вручения наград в области армянского шоу-бизнеса «Ташир 2009»

«ՉՈՒՇԿԱՆԵՐԻ» ՏԱՇԻՐ- ՏՈՒՇԻՐԸ ԺԱՆՏԱԽՏԻ ՊԱՀԻՆ

Ապրիլի 3-ից ի վեր «Տաշիր-2011»-ը բոլորի քննարկման թեման է։ Բայց ոչ թե շոուն եւ կատարումները, ոչ թե «Բելաջիոյի» երգիչ Մարտինին «Տարվա հայտնություն» կոչելը եւ դրանով ժամանակակից հայ մարդու ճաշակի մահը գուժելը կամ նույնիսկ տափակ ու նվաստացուցիչ կատակները, այլ մրցանակաբաշխությունը, որից գոհ են մնացել միայն բնակարան ստացածները` Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Սիրուշոն, Արմենչիկը, Լուսինան, Արման Հովհաննիսյանը, Կամո Սեյրանյանը, Արմենչիկը, Վլադիմիր Արզումանյանը (դժգոհ չեն նաեւ շքեղ ավտոմեքենա ստացած Էմմին ու Ռազմիկ Ամյանը)։

Հասարակության վերաբերմունքը արտացոլված է Facebook-յան նախաձեռնության եւ դրա արձագանքների մեջ` հազարավոր մարդիկ գտնում են, որ լավ կլիներ` «աստղերը» այդ տները նվիրեին նրանց, ովքեր այս իշխանությունների մեղքով են դարձել անօթեւան։ Այդ թեմայով երեկ կազմակերպված մամուլի ասուլիսում ռեժիսոր, արվեստի գործիչ Նիկոլայ Ծատուրյանը արձանագրել է, որ արվեստն անկման մեջ է, շոու-բիզնեսի ահավոր մակարդակի է իջել։ « Շոու, միլիոնավոր երգիչներ, էնքան շատ են աստղերը մեր երկնակամարում, որ մեր շունչը կտրվում է։ Այ մարդ, էդքան աստղ կլինի՞»` ասել էր նա։ Բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ աղմուկի պատճառն այն է, որ բնակարանային խնդիրը համահայկական է, մարդիկ չունեն, ստացողներին նախանձում են, եւ եթե նույն գնանոց մեքենաներ տային, աղմուկ չէր բարձրանա։ «Դրա մեջ վատ բան չեմ տեսնում։ Խնդիրն այստեղ հետեւյալն է` Սամվել Կարապետյանը կոպիտ սխալ էր արել բնակարաններ նվիրելով։ Հայ ժողովուրդը կոմպլեքսավորված է բնակարանի վրա, որովհետեւ միշտ ունեցել ենք բնակարանի խնդիր, անընդհատ մեր աչքը բնակարանի վրա է եղել»` ասել է նա եւ ավելացրել` «Պատկերացրեք` Սիրուշոն գար կարկատած շորերով»։ Սիրուշոյին փորձել է Ռոբերտ Քոչարյանի անվան ստվերից փրկել միշտ ջահել-ջիվան «ձյաձյա Ջիվանը». «Ինչո՞ւ եք Սիրուշոյին նայում` որպես Ռոբերտ Քոչարյանի հարս։ Նայեք որպես աղջիկ, որ երգում ա, էլի։ Դե տուն ա, թող տան, ուրախանա, էլի»,- ասել է նա։ Հետո մտքից թռել էին իր ստացած բոլոր նյութական եւ այլ բարիքները բոլոր իշխանությունների ձեռքից. «Սա իմ առաջին նվերն է։ Մինչեւ հիմա ստացել եմ կոչումներ, պարգեւներ, էսպիսի նվեր Հայաստանից...»։ Իսկ վերջում ծերուկն անտանելի էր դարձել եւ ասել` «Եթե որպես օգնություն վերցնենք, գյուղացիների համար էնքան օգնություն ու բան են ստանում... բոլորս գիտենք»` փաստորեն մինչ Սերժ Սարգսյանը կառավարությանը ստիպում է դեմքով շրջվել դեպի գյուղը եւ փրկել գյուղն ու գյուղացուն, «ձյաձյա Ջիվանը» լուրջ կասկածներ ունի, որ հայ գյուղացին տեղով կուլակ է։

Մրցանակաբաշխության վերաբերյալ անկեղծ էին դերասանուհի Լալա Մնացականյանի եւ երգչուհի Լեյլա Սարիբեկյանի գնահատականները։ Լալան ասել էր, որ արդեն «10 տարի` հովանավորչությունը Հայաստանում ահռելի հսկա ոտքերով գնում է առաջ։ Ստեղծված իրավիճակը կա, բայց, օրինակ, Անջելինա Ջոլիի մտքով երբեք չի անցնի հաճոյանալ Բարաք Օբամային»։ Իսկ Լեյլան զարմացել էր զարմացողների վրա. «Իսկ դա ձեզ համար նորությո՞ւն է։ Այս ամենն արվում է` ով ում բարեկամը, ծանոթը եւ այլն։ Միշտ այդպես է եղել` սկսած Ազգային մրցանակաբաշխությունից, վերջացրած տաշիրներով... «։

Բուն «աստղակերպներն» ավելի լավ կանեին` լռեին եւ իրենց նեղ շրջապատով բնակարանամուտ նշեին։ Բայց նրանք մինչեւ «աստղ» դառնալը` «աստղային հիվանդություն» են ձեռք բերել եւ չէին կարող չարտահայտել իրենց աստղային վրդովմունքը։ Առաջինը տեղի տվեցին Սերժ Սարգսյանի իշխանության հողի վրա տարիների թշնամանքը հաղթահարած եւ հաշտված ոխերիմ ընկերուհիների` Նունե Եսայանի ու Շուշան Պետրոսյանի նյարդերը։ «Հայ երգի դեսպան» հորջորջված Նունեն երբեք չի փայլատակել իր մտքերով, սակայն այս անգամ չափը բոլորովին է անցել։ Համարյա ինչպես 2008թ. մարտի 1-ից հետո, երբ Սերժի իշխանությունը կրծքով պաշտպանելու գործի մեջ հասել էր սրբապղծության եւ անամոթության վերջին։ Վստահ ենք, որ այս օրերին շատերը հիշեցին, թե ինչպես էր նա դատապարտում մարտի 1-ի զոհերին։ «Կոտորած չի եղել, իսկ մարդիկ, ովքեր այնտեղ են գտնվել` շատ սխալ են արել։ Նա, ով զոհվել է, պետք է այնտեղ չլիներ»` հայտարարել էր եւ դրանից հետո հանգիստ շարունակել ապրել, համերգներ տալ, երգել բարի եւ գեղեցիկ զգացմունքների մասին։ Հավանաբար, արցախյան պատերազմում զոհվածների մասին էլ նույն կարծիքին է` թող չգնային, չզոհվեին։

«Շատ վատ է, որ ժողովուրդը չի գնահատում մեր արածները եւ մեր նվերները հարամ է անում»` ասել է Նունեն։ Այստեղ մի բան է լավ. նա հասկացել է, որ ոչ թե մեկ-երկու հոգի, այլ ժողովուրդը չի ընդունում ոչ իրենց երգը, ոչ իրենց մուրացկանությունը։ Իսկ հարամ անելու մասով պետք է նկատենք, որ եթե հարամ անող կա, իրենց նմաններն են, որ հարամ են անում բարքեր եւ տիտղոսներ, որոնք չենք թվարկում` բարեկրթությունից ելնելով։ Իրեն երգչուհի եւ կարգին կին համարող Նունեն մինչեւ վերջ ինքնադրսեւորվելով` համարյա հայհոյել է, երբ հիշեցրել են, որ իր հազարավոր հայրենակիցներ անտուն են մնացել. «Սոցիալապես անապահով մարդիկ մեզ...»։ Ներողմիտ լինենք. նա, երեւի, չի հասկանում, որ այդ մարդիկ ոչ թե իրենց մեղքով են չքավոր եւ անտուն դարձել, այլ իր սիրելի իշխանությունների, եւ հենց հասարակ մարդկանցից թալանածով են վեր խոյացել էլիտարները, որոնցից բաժին են հանել իր նմաններին։ «Այս ամբողջ բողոքը պետք է ուղղված լինի ոչ թե մեզ, այլ ուղղվի այլ հասցեով»` համենայն դեպս, ասել է չնայած տների պակասությունից չնեղվող, բայց իր նվերից կառչած Նունեն։ Այ, էդ մեկը չպետք է ասեր, որովհետեւ բոլորս էլ գիտենք, թե որն է իր ասած հասցեն` Բաղրամյան 26։ Բա Սերժ Ազատիչը չի նեղանա, որ հազարավոր անտուն մարդկանց ուղարկում ես երկրում կատարվող ամեն ինչի թիվ մեկ պատասխանատուի մոտ։ Փաստորեն, Նունեն ընդդիմադիր է եղել, ու մենք չենք իմացել։ Ինչ արհամարհանք Սերժ Սարգսյանի նկատմամբ։

Ինչ վերաբերում է Շուշանին, հիշեցնենք, թե ինչ էր ասել նա մարտի 1-ի զոհերի մասին` «բայց էտ զոհվածներն էլ, չէ՞, իրենց մեղքն ունեին»։ Հիշեցինք, որովհետեւ նույն Շուշանը հիմա էլ վրիպում է թույլ տվել անկրթության, չարության եւ այլ թեմաներով, չխորշելով իրենց մարդասիրական քայլի կոչ անող մարդուն «չուշկա» անվանելուց։ Չենք կարծում, թե Շուշանը, Նունեն եւ մյուսները իրականում չեն հասկանում, որ այդ ընծաներն իրենց տվող Տաշիրի Սամոն, նախագահականում տեղավորված իր եղբոր` Կարեն Կարապետյանի բառապաշարով արտահայտված` հոգու խորքում իրենց համարում է «համբալ»։ Եվ Հյուսիսային պողոտայում ապրելու իրենց աստղային իրավունքը կրծքով պաշտպանելու այս մղումը ընդամենը հաստատում է «համբալությունը». միթե որեւէ համբալ կհրաժարվի երկնքից իր գլխին ընկած եւս մի բնակարանից։

Հ.Գ. Մեր տեղեկություններով Սերժ Սարգսյանին վրդովվեցրել է «Տաշիր-2011»-ի շուրջ բարձրացած աղմուկը եւ հատկապես «սոցիալապես անապահով արտիստներին» էլիտար տներ նվիրելու առթիվ առաջացած հասարակական վրդովմունքը, որ ուղղվում է իր դեմ։ Քանի որ տները նվիրել են օլիգարխիայի ներկայացուցիչները, այլ ոչ թե միայն Տաշիրի Սամոն, ըստ մեր տեղեկությունների, Սերժ Սարգսյանը նայել է, թե որ օլիգարխն ում է տուն նվիրել, եւ հետեւություններ արել։ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի, Արա Աբրահամյանի եւ ուրիշների նվերներից յուրաքանչյուրն իր դրդապատճառներն ունի, մեր տեղեկություններով, օլիգարխներին տրվել է ըստ իրենց ճաշակի ազատ ընտրելու իրավունքի։ Հասկանալի է, որ «Մանկական Եվրատեսիլ-2010»-ի հաղթող, մոր հետ Երեւանում վարձով ապրող Վլադիմիրին Ծառուկյանի կողմից բնակարան նվիրելը հազիվ թե որեւէ մեկին զայրացնի։ Բայց «տաշիր-տուշիրի» կողմից Քսենյա Սոբչակին Երեւանում տուն նվիրելու նպատակը շատերը բացատրում են այն հանգամանքով, որ Քսենյան սիրում է հայերեն հայհոյել. կգա, նվիրողի հետ միասին կկատարելագործվի։ Ըստ մեր աղբյուրի, Սերժ Սարգսյանին չի գոհացրել նաեւ Գարիկ Մարտիրոսյանին Մոսկվայում բնակարան նվիրելը. ախր, Գարիկը համը հանեց Մեդվեդեւի, Լարա Ֆաբիանիի եւ Սերժի թեմայով անեկդոտով։ Ճիշտ է` «Արմենիան» իսկույն գովազդով ընդհատեց ուղիղ ռեպորտաժը, բայց բոլորը հասկացան, թե իրականում Գարիկն ինչ է մտածում Սերժ Սարգսյանի մասին։ Ընդհանրապես, անհարմար բան ստացվեց` ով տաշիր-տուշիր արեց, ով պետք է կրի ժանտախտի ժամին տաշիր-տուշիրի պատասխանատվությունը։ Եվ վերջում. Սերժ Սարգսյանն իզուր էլ ջղայնանում է. եթե այսքան աղմուկ չլիներ, ամեն ինչ հենց իր ճաշակով կլիներ։

ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ
 
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
ХичКОК is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 14:26.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89