Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ:
holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 5, 2007թ.
Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Բոմբեյ
Մարտի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բոմբեյ: Վեհափառ Հայրապետին եւ նրան ուղեկից շքախմբին ողջունեց Հնդիկ Մալաբար ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը Բոմբեյի միտրոպոլիտ Մար Կուրիլոսի գլխավորությամբ: Մալանկարա եկեղեցու հոգևորականների ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Բոմբեյի Սուրբ Պետրոսի հայկական եկեղեցի, ուր շարականների և սաղմոսների երգեցողությամբ Նորին Սրբությանը դիմավորեցին Բոմբեյի հայազգի երեք բնակիչները, ինչպես նաև հնդիկ եկեղեցականներ և հնդիկ ուղղափառ հավատացյալներ:
Հայրապետական թափորը ՙՀրաշափառի՚ հանդիսավոր երգեցողության ներքո մուտք գործեց եկեղեցի: Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ու օրհնությունը բաշխեց ներկաներին: Վեհափառ Հայրապետը փառք և գոհություն վերառաքեց առ Աստված Հնդկաստանի հեռավոր ափերը հասնելու և հայ համայնքին ու նրա դարավոր ժառանգությունը տեսնելու հնարավորության համար: Դիմելով հնդիկ քրիստոնյաներին` Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորեց անսասան մնալ քրիստոնեական հավատի մեջ, հավատարիմ` Սբ. Թովմաս առաքյալի հիմնադրած Հնդիկ Մալաբար առաքելական սուրբ եկեղեցուն:
Բոմբեյի միտրոպոլիտ գերաշնորհ Մար Կուրիլոսն իր հերթին բարի գալուստ մաղթեց Ամենայն Հայոց Հովվապետին և նրան փոխանցեց Արևելքի կաթողիկոս և Մալանկարա Պատրիարք Նորին Սրբություն Բազելիոս Մար Թոմա Դիդիմոս Ա եղբայրական ողջույններն ու սերը:
Երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն շքախմբի ուղեկցությամբ մեկնեց Նոր Դելի, որտեղից կվերադառնա Հայաստան:
###