Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ:
holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 9, 2007թ.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով
Մարտի 7-9-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով: Ողջունելով Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն Հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ժողովականներին` մասնավոր գնահատանք հայտնելով Եկեղեցու առջև ծառացած խնդիրների քննարկմանն ու լուծմանն իրենց բերած ներդրումի համար:
Որպես ատենապետեր` եռօրյա նիստերը վարելու հրավիրվեցին Տ. Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը, Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը, Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը և Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Օրակարգի հաստատումից և նախորդ ժողովի արձանագրության վավերացումից հետո Վեհափառ Հայրապետի կողմից կատարվեցին ծանուցումներ նախորդ ժողովի ընթացքին կայացված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ: Այնուհետև քննության առնվեցին հաստատված օրակարգի հարցերը:
Ժողովականներին ներկայացվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2006 թվականի գործունեության տարեկան զեկույցը և ֆինանսական հաշվետվությունը: Մասնակի անդրադարձումներ կատարվեցին սոցիալական ծառայությունների, եկեղեցաշինության, հոգևորականների պատրաստության, Եկեղեցի-պետություն, Մայր Աթոռ - նվիրապետական Աթոռներ հարաբերությունների, գիտա-կրթական գործունեության ոլորտներին: Գերագույն Հոգևոր խորհուրդը գոհունակությամբ ընդունեց զեկույցը:
Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի զեկույցով ներկայացվեցին Համահայկական երիտասարդական եկեղեցասիրաց կազմակերպության կառույցի ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքները: Սրբազանը տեղեկացրեց, որ մարտի 6-ին Մայր Աթոռում տեղի ունեցավ երիտասարդական ներկայացուցչական հավաք` մասնակցությամբ Հայաստանից և արտերկրից շուրջ 70 երիտասարդների, որն ընտրեց կենտրոնական խորհուրդ` կազմակերպության 2008թ. առաջին պատգամավորական ժողովը նախապատրաստելու համար: Ժողովը գնահատանքով ընդունեց կատարված աշխատանքների մասին ծանուցումները` վստահություն հայտնելով, որ այս կառույցը նոր խթան կդառնա թեմերում եկեղեցասեր երիտասարդաց միությունների գործունեության առավել արդյունավորման համար:
Օրակարգի հաջորդ հարցով անդրադարձ կատարվեց Վիրահայոց թեմի խնդիրներին: Հարցի վերաբերյալ զեկույցով հանդես եկող Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հանգամանորեն անդրադարձավ թեմի առջև ծառացած մարտահրավերներին, թեմի իրավաբանական կարգավիճակի հաստատման ու եկեղեցիների վերադարձման ուղղությամբ կատարվելիք աշխատանքների անհրաժեշտությանը: Խնդրի առնչությամբ տեղի ունեցած քննարկումների արդյունքում Գերագույն Հոգևոր խորհուրդը որոշեց շարունակել աշխատանքները Վրաց պետության և Վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ` մատնանշված խնդիրներին բարվոք լուծում գտնելու համար:
Գերագույն Հոգևոր խորհրդը քննության առավ նաև թեմական կանոնադրության ուղենիշային փաստաթղթի նախագիծը: Զեկուցող Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը նախորդ ժողովի ընթացքին նախագծի վերաբերյալ կատարված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա ժողովականներին ներկայացրեց թեմական կանոնադրության ուղենիշային փաստաթղթի նախագծի` ծուխին վերաբերող բաժնի լրամշակված տարբերակը, որը մասնակի քննարկումներից հետո ընդունվեց որպես հիմք: Ժողովականները քննարկեցին նախագծի մյուս բաժինները, որոնք վերաբերում են առաջնորդի, թեմերի կառավարման մարմինների, դրանց ընտրության և գումարման կարգին, իրավասությունների ու պարտականությունների շրջանակներին և հարակից այլ հարցերի:
Ընթացակարգային առումով թեմական կանոնադրության ուղենիշային փաստաթղթի նախագիծը պիտի առաքվի թեմեր, լրամշակման ենթարկվի թեմերից եկած դիտողությունների և առաջարկների հիման վրա, ապա Գերագույն Հոգևոր խորհրդի և թեմական ներկայացուցչական ժողովի վերջնական քննարկումից հետո ներկայացվի ի հաստատումն Ամենայն Հայոց Հայրապետին:
Ի շարս այլ հարցերի որոշում կայացվեց, որի համաձայն առաջիկա տարի` 2008թ. սեպտեմբերի 28-ին կկատարվի Մյուռոնօրհնության արարողություն:
###