ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 13, 2007թ.
Իրաքի թեմակալ առաջնորդի այցը Հյուսիսային Իրաքի քաղաքներ
Մարտի 2-4-ը Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը թեմի երկու հոգևորականների և թեմական խորհրդի երեք անդամների ուղեկցությամբ այցելեց Հյուսիսային Իրաքի մի շարք քաղաքներ, ուր հանդիպումներ ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Մարտի 2-ին Գերաշնորհ Ավագ Սրբազանը ժամանեց Էրբիլ քաղաք, ուր նրան միացան Կիրկուկ, Մոսուլ, Զախո և Ավզրուգ քաղաքների հոգևոր սպասավորները և ծխական խորհուրդների անդամները: Էրբիլ քաղաքի հայկական եկեղեցում հայ համայնքի մասնակցությամբ կատարվեցին Խաղաղական և Հանգստյան ժամերգություններ, ապա ներկաներին քարոզեց Ավագ Սրբազանը: Արարողությունից հետո տեղի ունեցավ հանդիպում Էրբիլի հայկական եկեղեցու անդամների հետ:
Մարտի 3-ի առավոտյան Սրբազանն իր շքախմբով ուղևորվեց Դուհոկ քաղաք, ուր տեղի ունեցավ տարածաշրջանային ժողով մասնակցությամբ բոլոր հոգևորականների և ծխական խորհրդի անդամների: Ժողովի ընթացքում քննարկվեցին Իրաքի հայոց թեմին առնչվող խնդիրներ:
Մարտի 4-ին տեղի ունեցավ Դուհոկի նոր եկեղեցու հիմանարկեքի արարողությունը: Ավագ Սրբազանի ձեռամբ օծվեցին եկեղեցու տասնվեց վեմ քարերը` համաձայն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու սուրբ ավանդության: Հիմանրկեքի արարողությանը ներկա էին Դուհոկի հայերը, ինչպես նաև քույր եկեղեցիների եպիսկոպոսներն եւ հոգևորականները: Արարողության ավարտին ներկաներին խոսքով դիմեց Իրաքի հայոց թեմի առաջնորդը: Ավագ Սրբազանը հորդորեց հայորդիներին, որպես Հայաստանի իսկական զավակներ, հավատարիմ մնալ քրիստոնեական հավատին և սուրբ ավանդույթներին, հակառակ, որ անցյալի անարդարությունների պատճառով, որ պետք է սրբագրվեն, այժմ հեռու են իրենց հայրենիքից:
###
|