View Single Post
Old 21 Mar 07, 16:24   #5 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ

Ազգային ժողովի կողմից ընդունված վերջին օրենքներից էր ՙՀայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին՚ օրենքը: Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ արդեն իսկ հասցրել են իրենց բացասական վերաբերմունքն արտահայտել օրենքի նկատմամբ` վերջինիս ընդունումը համարելով խտրականություն մյուս կրոնական կազմակերպությունների համար:
Իսկ ինչպիսին է Հայ Եկեղեցու մոտեցումը? Այս մասին է հարցազրույցը Մայր Աթոռ Սբ Էջմիածնի դիվանապետ Տ.ԱՐՇԱԿ եպիսկոպոս ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

-Սրբազան, ինչպես եք գնահատում օրենքի նշանակությունը եկեղեցու համար?

-Երկու տեսանկյունից կարելի է դիտարկել այն` բարոյական եւ իրավական: Բարոյական առումով վաղուց էր հասունացել անհրաժեշտությունը, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք էր տարբերակել կրոնական մյուս կազմակերպություններից: ՙԽղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին՚ օրենքը, որ կոչված է կարգավորելու կրոնական դաշտը Հայաստանում, առանձահատուկ մոտեցում է դրսեւորում Հայ Եկեղեցու նկատմամբ:
Սակայն այս առավելությամբ հանդերձ, այն կարեւոր ու ակնառու բաց ունի: Դա այն է, որ այս օրենքով Հայ Եկեղեցին համահավասարեցված է կրոնական կազմակերպությունների հետ: Այսինքն, եթե կրոնական դաշտում գործում է գրանցված շուրջ 55 կրոնական կազմակերպություն, ապա նրանց շարքն է դասվում նաեւ Հայ Եկեղեցին: Մինչդեռ անթույլատրելի է ազգի պատմության եւ մշակույթի հետ միաշաղախված 2000-ամյա մի հաստատություն բերել ու հավասարեցնել նորօրյա կրոնական կազմակերպությունների հետ: Այլ երկրների օրենսդրական պրակտիկան եւս հուշում է, որ անհրաժեշտ է ձեւավորել որոշակի սանդղակ եկեղեցիների եւ կրոնական կազմակերպությունների համար:
Նոր ընդունված օրենքով Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին տարբերակվում է կրոնական մյուս կազմակերպություններից եւ դրվում սանդղակի վերին աստիճանի վրա: Այս առումով է, որ օրենքի ընդունումը բարոյական արժեք ունի մեր եկեղեցու եւ ժողովրդի համար: Միաժամանակ, այս տարանջատումը չի հակասում միջազգային պահանջներին: Որեւէ միջազգային փաստաթուղթ, այդ թվում ՄԱԿ-ի կողմից ընդունված փաստաթղթերը որեւէ արգելք չեն դնում, որպեսզի ազգի եւ պետության կայացման կամ ժողովրդի ինքնության ձեւավորման մեջ առաքելություն ունեցած եկեղեցիներին որոշ առանձնաշնորհումներ ու արտոնություններ տրվեն: Իմպերատիվ պահանջը միայն այն է, որ որեւէ մեկը չի կարող հետապնդվել իր կրոնական պատկանելության համար:
Երկրորդ գնահատականը իրավական հարթության վրա է, ինչը եւս կարեւոր է: Նախորդ տարիների ընթացքում փորձեր արվել են պետության եւ եկեղեցու հարաբերությունները օրենսդրական կարգավորման առաջնորդելու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ այդ ջանքերը բավարար կարելի է գնահատել` նկատի ունենալով այն դժվարությունները, որոնք ծառացել են այդ դաշտում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ:
Այդ լուծումների շրջանակում էր, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն վերադարձվեցին մի շարք կալվածքներ, եկեղեցապատկան գույք: Կարեւոր ձեռքբերումներից էր զինված ուժերում հոգեւոր սպասավորների ինստիտուտի ձեւավորումը, որ ի դեպ ԱՊՀ երկրներում առաջին փորձն էր: Եկեղեցու եւ կառավարության միջեւ ստորագրված համաձայնագրով էր նաեւ, որ հանրակրթական դպրոցներում ներդրվեց ՙՀայ Եկեղեցու պատմություն՚ առարկան: ՙՀայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին՚ օրենքը գալիս է ամրապնդելու, ընդլայնելու ու առավել արդյունավորելու եկեղեցի-պետություն հարաբերությունները:

-Ինչպիսին է եղել Հայ Եկեղեցու մասնակցությունը օրենքի մշակմանը?

-Եղել են համատեղ քննարկումներ, եւ օրենքն ընդունվել է եկեղեցու եւ Վեհափառ Հայրապետի հետ լիակատար համաձայնության պայմաններում: Ասեմ, որ ֆիքսված են եղել մի շարք հարցեր, որոնք օրենսդրական լուծումների անհրաժեշտություն ունեին: Նախ` օրենքի մեջ համախմբվել ու ի մի են բերվել եկեղեցի-պետություն հարաբերություններին վերաբերող մի շարք դրույթներ, որոնք արդեն իսկ ամրագրված են առանձին օրենքներով ու համաձայնագրերով:
Նորություն է այն, որ օրենսդրորեն հաստատվում են Մայր Աթոռ Սբ Էջմիածինը իբրեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կենտրոն եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի` Հայ Եկեղեցու գլուխ լինելու պարագաները: Կարեւոր է նաեւ եկեղեցական պսակի ճանաչման վերաբերյալ դրույթը:
Բայց հեռու պետք է լինել այն մտքից, որ եկեղեցու եւ պետության միջեւ առկա բոլոր խնդիրներն օրենսդրական լուծումներ գտել են: Օրենքի մեջ արտացոլվել է մեզ մտահոգող խնդիրների որոշ մասը: Կան խնդիրներ, որոնք այս փաստաթղթով դեռ լուծում չեն գտել: Օրինակ` զանգվածային լրատվական միջոցներով, գովազդների, տարաբնույթ միջոցառումների ժամանակ` իրենց բնույթին անհամատեղելի միջավայրերում, եկեղեցական խորհրդանիշերի, սրբերի անունների կիրառման խնդիրը:
Օրենսդրական լուծում են պահանջում նաեւ տոնացուցային որոշ խնդիրներ: ՙՊետական տոների եւ հիշատակի օրերի մասին՚ օրենքով որոշ կարգավորումներ կան: Հիշատակումներ կան Սբ Ծնունդի, Վարդանանց, Ավետման եւ Թարգմանչաց տոների մասին: Բայց, ենթադրում եմ, մի քանի հավելումներ եւս պետք է արվեն` կապված մեռելոցների, կիրակիների, եկեղեցական նշանավոր տոների հետ: Ակնկալում ենք, որ որոշակի վերաբերմունք պետք է արտահայտվի տաղավար տոների նկատմամբ: Որոշակի խնդիր են հարուցում նաեւ արարողակարգային հարցերը: Կան այլ հարցեր եւս: Սակայն այս ամենը հետագայի խնդիր է:

- Սրբազան, օրենսդրական նորությունների շարքում նշեցիք եկեղեցական պսակի ճանաչումը պետության կողմից: Այն անմիջականորեն առնչվում է հասարակական կյանքին: Ինչ ընթացակարգով է կատարվելու այն?

-Նախ նշեմ, որ օրենքի այս հատվածը վերաբերելու է միայն այն անձանց, ովքեր Հայ Եկեղեցու անդամ են եւ պսակը կատարում են Հայ Առաքելական Եկեղեցում: Օրենքով պետությունը ճանաչում է ոչ միայն եկեղեցական պսակը, այլեւ եկեղեցու կողմից հռչակած ամուսնալուծությունները: Օրենքի այս դրույթը կարեւոր է ընտանիքի ամրության, անսասանության, ամուսինների փոխադարձ հասկացողության համար: Ինչպես ամրագրված է օրենքում, այս դրույթը գործառության մեջ կդրվի կառավարության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջեւ ստորագրված համաձայնագրի սահմանած կարգին համապատասխան:

-Օրենքով բավական ընդլայնվում են Հայ Եկեղեցու իրավասության սահմանները կրթական ոլորտում: Մասնավորապես, Հայ Եկեղեցուն իրավունք է տրվում մասնակցելու հանրակրթական հաստատություններում ՙՀայ Եկեղեցու պատմություն՚ առարկայի ուսումնական ծրագրի եւ դասագրքի մշակմանը, դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը, եկեղեցին ինքը կարող է դպրոցներին ներկայացնել այդ ուսուցիչների թեկնածությունները: Արդյոք սա չի կարող դիտարկվել իբրեւ կրոնական քարոզչություն հանրակրթական դպրոցում?

- Միշտ հնարավոր են նման մեկնաբանություններ: Սակայն առարկայի անվանումն ինքնին եւ ներդրման շարժառիթը փակում է այդ խոսակցությունների դուռը: Հայ Եկեղեցու պատմությունը ժողովրդի պատմության անքակտելի մասն է, իսկ առարկայի մուտքը դպրոց կարեւոր ներդրում էր մեր եկեղեցու առաքելության, ժողովրդի կյանքում նրա դերակատարության լուսաբանման գործում: Այն հանրակրթական առարկա է, եւ եկեղեցու սպասավորների մասնակցությունը դասընթացների մշակմանն ընդամենը պետք է պայմանավորված լինի նրանով, որ դասագրքերում տեղ չգտնեն Հայ Եկեղեցու պատմությանը չհամապատասխանող տեղեկություններ:
Ինչ վերաբերում է ուսուցիչների որակավորմանը եկեղեցու մասնակցությանը, դա նշանակում է, որ եկեղեցին իրավունք ունի անմիջականորեն մասնակցություն ունենալու առարկայի դասընթացների մշակմանը, թեմաների ընտրությանը, մատուցման ձեւերին թե’ մեթոդական եւ թե’ բովանդակային իմաստով: Տարօրինակ կլիներ նաեւ, որ Հայ Եկեղեցու պատմությունը դասավանդեր աղանդավոր ուսուցիչը: Որովհետեւ ծանոթ են դեպքեր, երբ կրոնական որոշ կազմակերպություններ իրենց շարքերը ներգրավելով ուսուցիչների, փորձում են հակաօրինական կերպով սեփական քարոզչությունը տանել աշակերտների շրջանում:

-Օրենքի մեկ այլ դրույթ վերաբերում է Հայ Եկեղեցու ժառանգությանը: Վերջերս կարծիք հնչեց, որ դժվար է տարբերակել, թե հատկապես ինչը կարելի է համարել եկեղեցական ժառանգություն: Ինչպիսին է եկեղեցու մոտեցումը այս հարցին: Եւ որքանով է արդարացված օրենքի այն պահանջը, ըստ որի պետական սեփականություն հանդիսացող եկեղեցական ժառանգության հատվածը կարող է օտարվել եկեղեցու իմացությամբ միայն?

-Օրենքում ասված է, որ եկեղեցական արժեքների ցանկը սահմանում է Հայաստանի կառավարությունը` խորհրդակցելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ: Միանշանակ է, որ եկեղեցական արժեք է դարերի ընթացքում ստեղծված հոգեւոր-մշակութային այն ժառանգությունը, որ ստեղծվել եւ ծառայել է եկեղեցական առաքելության իրականացման համար` դառնալով այդ առաքելության բաղադրիչը:
Ինչ վերաբերում է օրենքի պահանջին, ապա այն պայմանավորված է նախադեպերով: Վերջին տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ մի շարք պատմամշակութային արժեքներ` կոնկրետ եկեղեցապատկան կալվածքներ, օտարվել կամ վարձակալության են տրվել մասնավոր անձերի: Օրինակ, այսօր Էջմիածնում գտնվող Շողակաթ եկեղեցու ավերակներն ընդգրկող տարածքը մասնավորի տնօրինության տակ է: Ժամանակ առաջ Սինոդի շենք անվամբ հայտնի պատմական շենքը, որ Մայր Աթոռ Սբ Էջմիածնից բռնազավթվել էր խորհրդային տարիներին եւ ծառայեցվել տարբեր նպատակների, եւս վարձակալության էր տրված մասնավոր անձի: Շենքը Մայր Աթոռ Սբ Էջմիածինը կարողացավ վերադարձնել միայն դատական ճանապարհով:

-Երբեմն վիճահարույց է նկատվում նաեւ Հայ Եկեղեցին ազգային կոչելու հանգամանքը, այն պատճառաբանությամբ, որ Հայ Եկեղեցու հետեւորդների շարքում հանդիպում են նաեւ էթնիկ այլ խմբեր:

-Ազգային ասելով` չպետք է հասկանալ եկեղեցու առաքելություն զուտ էթնիկ շրջանակներում: Մեր եկեղեցու ազգային բնույթի առնչությամբ տակավին 19-րդ դարի վերջերից եւ 20-րդ դարի սկզբներից կիրառվում են մի քանի չափանիշներ, որոնցից միայն մեկն է արտահայտում կոնկրետ էթնիկ միջավայրում` հայերի շրջանակում եկեղեցու առաքելության իրականացումը:
Կան խիստ կարեւոր այլ չափանիշներ եւս: Առաջին` Հայ Եկեղեցու ծիսական լեզուն մնայուն կերպով հայերենն է, երկրորդ` Հայ Եկեղեցու հոգեւոր պաշտոնյաները հայեր են: Եւ, ի վերջո, եկեղեցական ծեսը իր մեջ կրում է ազգային-ժողովրդական, անգամ նախաքրիստոնեական շրջանի հավատալիքներ ու պատկերացումներ, որոնք միահյուսվում են քրիստոնեական բուն խորհրդին: Այսինքն` ազգային ասելով` նկատի պետք է ունենալ Հայ Եկեղեցու առաքելության կերպը, եկեղեցական ավանդությունը, լեզուն եւ իհարկե նրա պատմական դերակատարությունը:
Այն, որ Հայ Եկեղեցու հետեւորդների շարքում հանդիպում են նաեւ այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ, ճիշտ է: Սակայն այլ էթնիկ խմբերի առկայությունը ոչ թե օրինաչափություն է, եկեղեցու առջեւ դրված խնդրի իրագործում, այլ բացառություն է եւ ստեղծված կացության մեջ կայացված որոշում: Հայ Եկեղեցին երբեք այլ էթնիկ խմբերի մեջ միսիոներություն չի իրականացրել: Այնպես որ, մեր Եկեղեցին ազգային Եկեղեցի է:

-Որոշակի պարզաբանում է պահանջում օրենքի այն դրույթը, ըստ որի Հայ Եկեղեցու պաշտոնական հաղորդագրությունները զանգվածային լրատվության միջոցների կողմից պետք է հրապարակվեն անփոփոխ: Արդյոք սա ենթադրում է, որ այսուհետեւ պետք է բացառել հատվածական հղումները պաշտոնական հաղորդագրությանը եւ կամ որեւէ վերաշարադրանք?

-Այս դրույթը պետք է դիտարկել զուտ ՙԶանգվածային լրատվության մասին օրենքի՚ պահանջների շրջանակում:

ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

http://www.hayashkharh.am/index.php#...id=47637&lang=
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 15:42.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60