Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ:
holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 25, 2007թ.
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԻԹՈՎ
Խորը ցավով սգում ենք անսպասելի մահը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի: Մեծ է կորուստը հայրենի մեր պետության, ժողովրդի և Մարգարյան ողբացյալ ընտանիքի:
Վաղաժամ ավարտվեց երկրային կյանքը մեր ժողովրդի նվիրյալ զավակ, հայրենասեր ու ազգանվեր պետական-քաղաքական գործիչ հոգելույս Անդրանիկ Մարգարյանի: Բարեհիշատակ վարչապետը առանձնակի նախանձախնդրությամբ իր կարևոր ներդրումը բերեց Հայրենի պետականության զորացման, հայոց նոր կյանքի կերտման և մեր ժողովրդի վաղվա լուսավոր օրը կառուցելու շնորհակալ գործին:
Երախտարժան է վաստակը հանգուցյալ վարչապետի նաև Եկեղեցի-պետություն հարաբերությունների ամրապնդման ու արդյունավորման գործում:
Վշտալի այս պահին հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության` աղոթքով սրտակից ենք հանգուցյալի սգակիր այրուն և զավակներին, ՀՀ նախագահին, հայոց պետական ավագանուն, ննջեցյալի մերձավորներին ու կուսակիցներին և համայն մեր ժողովրդին:
Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ երկնից երանավետ հանգրվաններում լույսերի և խաղաղության մեջ ընդունի հանգուցյալի հոգին և Իր Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը պարգևի վշտացյալ բոլոր սրտերին:
Խունկ, աղոթք և օրհնություն հոգելույս Անդրանիկ Մարգարյանի բարի հիշատակին:
ՙԶննջեցեալս մեր արժանի արա, Տէ’ր, ընդունիլ ի կեանսդ յաւիտենից. Ամէն՚:
Վշտակից սիրով և օրհնությամբ`
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ