Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ:
holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 27, 2007թ.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից պատվիրակություն չի մասնակցելու
Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու բացմանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունով Վանի նահանգապետ Մեհմետ Նիյազի Տանիլիրից ՀՀ Արտաքին գործերի նախարարության միջոցով ստացվել է հրավեր` սույն թվականի մարտի 29-ին մասնակցելու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը:
Նկատի առնելով, որ Թուրքիայի իշխանությունների կողմից վերանորոգված Սուրբ Խաչ եկեղեցին վերածվելու է թանգարանի և չի շարունակելու գործել որպես եկեղեցի Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության հոգևոր իշխանության ներքո և բացման արարողությունը կատարվելու է զուտ աշխարհիկ արարողակարգով և ոչ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ծեսի համաձայն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մասնակցություն չի բերելու արարողություններին:
Թուրքիայի իշխանությունների կողմից հայ ժողովրդի քրիստոնեական բարեպաշտ զգացումների դեմ ուղղված այս գործողությունը չի կարող ընկալվել որպես դրական քայլ հայ և թուրք ժողովուրդների փոխմերձեցման ճանապարհին` առավել ևս ներկա դարի` ժողովուրդների գործակցության և կրոնների ու մշակույթների երկխոսության համընդհանուր ձգտումի համատեքստում:
###