Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ:
holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 28, 2007թ.
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ՙՍգակիր Նախագահ, հանգուցյալ Վարչապետի սգացյալ այրի և զավակներ, բարեպաշտ ժողովուրդ.
Մեծ վիշտ ենք ապրում ամենքս: Կորստի ցավն ու տխրությունը մեր սրտերում` հրաժեշտ ենք տալիս պետական-քաղաքական սիրված գործիչ, Հայաստանի Հանրապետության Վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, ով երկրային կյանքից անժամանակ հեռացավ` թողնելով բարի հիշատակ, հայրենաշեն և ազգանվեր գործեր:
Բոլորիս աչքի առջև է գործերով արժևորված և արժեքներով ներշնչված նրա կյանքը: Հայրենիքի սերը հոգում` դեռ երիտասարդ հասակից անկեղծ նվիրումով մասնակից դարձավ Հայաստանի անկախության համար պայքարին, հայության արդար դատի պաշտպանությանը և ազգային իղձերի մարմնավորմանը: Տեսավ իրականացած հայրենի անկախ պետականության վերականգնման իր երազը և առանձնակի նախանձախնդրությամբ իր կարողությունները ծառայեցրեց Հայաստանի նոր կյանքի կառուցմանը: Ազգային արժեքներով բարօր ու շեն, օրինահարգ և զարգացող Հայրենիք ունենալու տեսիլքը իր հոգում` նա կոչվեց գործադիր բարձր իշխանության: Իշխանությունն ու պաշտոնը ճշմարտապես ընկալեց որպես ժողովրդին մատուցվող ծառայություն և իր վարչապետության տարիները արդյունավորեց անձնվեր աշխատանքով ու մնայուն ձեռբերումներով` ի խնդիր մեր երկրի առաջընթացի և մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի: Հայրենիքը սիրելու, ազգը սիրելու վառ օրինակը թողեց մեզ և սերունդներին, օրինակը` նվիրյալ գործունեությամբ համազգային իղձերի տերը լինելու և դրանք կյանքի կոչելու պատասխանատվության և վճռականության:
Մենք սիրով ենք հիշում հոգելույս Անդրանիկ Մարգարյանի հետ ունեցած հանդիպումները, որոնց ընթացքում զգացել ենք նաև նրա խորին հարգանքը` հանդեպ համայն հայության նվիրական Սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Հանգուցյալ Վարչապետը նույնպես իր գնահատելի նպաստը բերեց Հայ Եկեղեցու առաքելությանը` անվարան հավատով, որ Աստծուն ապավինած, Հայ Եկեղեցու օրհնության ներքո պիտի շարունակի ապրել հայ ժողովուրդը:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը միշտ ապրելու է մեր հոգիներում իր անմիջական ու բարի, մարդասեր և հայրենասեր նկարագրով, ծառայության իր վաստակով Հայրենիքին ու ժողովրդին:
Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր անբավ ողորմությամբ երկնից հավիտենական հանգրվաններում լույսերի և երանավետ խաղաղության մեջ ընդունի հոգին հանգուցյալ Վարչապետի և Սուրբ Հոգու շնորհով սփոփանք և մխիթարություն պարգևի ննջեցյալի սգակիր այրուն և զավակներին, մերձավորներին և մեզ ամենքիս:
Թող Տերը խաղաղության Իր շնորհի ներքո պահպանի հայրենի մեր պետությունը և ազգս հայոց և օրհնի մեր ժողովրդին` իրականության առաջնորդելու այն իղձերը, որոնք կրում էր իր հոգում նաև լուսահոգի Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Խունկ, աղոթք և օրհնություն ի Տեր հանգյալ Անդրանիկ Մարգարյանի բարի հիշատակին ու շիրիմին: Ամէն՚:
###