AZG Armenian Daily #059, 31/03/2007
Ընթացիկ
ՍԲ. ԽԱՉԻ ԲԱՑՈՒՄԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՉՀԱՋՈՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը երեկ անդրադարձան ՙՈւրբաթ՚ ակումբի հյուրերը` Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը եւ թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Երկու բանախոսներն էլ ՀՀ պատվիրակության մասնակցությունը եկեղեցու բացման արարողությանը ճիշտ համարեցին` նորոգման ընթացքում երկու երկրների մշակույթի նախարարությունները համագործակցել են եւ ճիշտ էր հրավերին փոխնախարարի մակարդակով արձագանքելը:
Հակոբ Չաքրյանի գնահատականով Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու նորոգումը պետք չէ դիտարկել բացասական լույսի ներքո: Չնայած եկեղեցին նորոգվեց եւ բացվեց իբրեւ թանգարան` առանց գմբեթի խաչի, առանց այն քանդակների, որ ծածկում էին եկեղեցու պատերը, այդուամենայնիվ երեւույթը դրական է, բացառիկ` Թուրքիայի պատմության համար:
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին միակն է, որ նորոգվել է Թուրքիայի պետական բյուջեի միջոցներով: Ինչպես տեղեկացրեց Հակոբ Չաքրյանը, ինչպես շատ այլ հայկական հուշարձաններ Թուրքիայի տարածքում, Աղթամարը նույնպես կարող էր չլինել այսօր` 1960 թվականներին Աղթամարը մեծ ջանքերով հաջողվել է փրկել պայթեցումից. թուրքիայի ազգությամբ քուրդ գրող Յաշար Քեմալի եւ Թուրքիայի մշակույթի այդ ժամանակի նախարարի միջամտությամբ:
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը եւս մեկ անգամ հավաստեց, որ Մայր աթոռը միանշանակ բացասական է գնահատում հայկական քրիստոնեական այդ եկեղեցին, որը մինչեւ 1915 թվականը իրականացված ցեղասպանությունը գործել է որպես այդպիսին, թանգարանի վերածելու փաստը: Խաչի տեղադրումը, որ հատուկ կարգ է, եկեղեցու թանգարան մնալու դեպքում նշանակություն չէր ունենա:
Թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ համոզված է, որ Սուրբ Խաչի բացումը Թուրքիայի քրիստոնեական մշակութասիրության դրսեւորում չէ, այլ քաղաքական նպատակների արտահայտություն, որը արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի հռչակած` Թուրքիան պետք է առաջիկա տասը տարիներին ամեն ինչ անի հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կասեցնելու համար, նպատակի համատեքստում է:
Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Լեւոն Մութաֆյանի մասնակցությունը Թուրքիայի օրհներգի կատարմանը Հակոբ Չաքրյանի տեսանկյունից անտեղի էր եւ պատրիարքի Թուրքիայի քաղաքացի լինեն էլ բացատրություն չէ նրա վարմունքի, բայց եւ ողջունելի գտավ բանախոսը պատրիարքի ելույթում արած ընդգծումը եկեղեցու անվան թուրքականացման առնչությամբ: Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքը ճշտել է, որ անվանումը ոչ թե Ագդամար է, որ թարգմանաբար նշանակում է Սպիտակ երակ, այլ ունի հայկական անվանում` Աղթամար:
Եթե Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Սուրբ Խաչի վրա խաչ տեղադրելու հեռանկարը տեսնում է Թուրքիայի ժողովրդավարացման ընթացքի եւ քրիստոնեական աշխարհի միասնականության համատեքստում, ապա Հակոբ Չաքրյանի տեսանկյունից դա կլինի քաղաքական որոշակի փոփոխությունների արդյունքում: Ինչպես տեղեկացրեց թուրքագետ բանախոսը, թուրքական մամուլն, անդրադառնալով բացման արարողությանը, նշել է, որ Աղթամարում բացված Սուրբ Խաչը հայկական եկեղեցի է: Նույն մամուլը նաեւ բացման արարողությունը գնահատել է քաղաքականապես չհաջողված միջոցառում: Հակոբ Չաքրյանը, սակայն, կարծում է, որ թերեւս որոշակի փոփոխությունների արդյունքում Թուրքիան դադարել է կարեւորել միջոցառումը, այլապես ներկա կգտնվեին երկրի վարչապետն ու արտգործնախարարը: Վերջին նկատառումն էլ բացատրում է հայկական կողմի բացթողումների քիչ լինելը, այլապես ավելի ակնառու կլինեին դրանք, ըստ բանախոսի:
ՆԱՆԱ ՊԱՏՐՈՍՅԱՆ
© Copyright AZG
|