Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ:
holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 1, 2007թ.
Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը: Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նաև հռչակված է որպես մանուկների օրհնության օր:
Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում առավոտյան կատարվեց հանդիսավոր ժամերգություն, որի ավարտին Մայր Տաճարի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ բազում մեծահասակ ու մանուկ հայորդիների, կատարվեց անդաստանի արարողություն, որի ընթացքին օրհնվեցին աշխարհի չորս կողմերը, ապա ուռենու ճյուղերը:
Անդաստանի արարողության ավարտին ներկա բոլոր մանուկները խմբվեցին Վեհափառ Հայրապետի շուրջը. կատարվեց մանուկների օրհնության հատուկ կարգ, ապա Նորին Սրբությունը, շնորհավորելով ու իր օրհնությունը բաշխելով ամենքին, մանուկներին տոնի առիթով հանձնեց նվերներ:
Այնուհետև շուրջ 250 մանուկներ մասնակցեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կամարի առջև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանավորությամբ գործող հայորդյաց տների հոգևոր տեսուչ Տ. Խադ քահանա Ղազարյանի և հայորդյաց տների տնօրենությունների ջանքերով կազմակերպված կավճանկարի մրցույթին: Ազգային երաժշտության հնչյունների ներքո երեխաները կամարի առջև գտնվող հարթակն ամբողջությամբ ծածկեցին ազգային, եկեղեցական տարբեր թեմաներով իրենց գունագեղ ստեղծագործություններով: Նման մի մրցույթ նույն օրը, հավարտ Սուրբ Պատարագի, տեղի ունեցավ նաև Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հարևանությամբ:
Տոնին Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը, ով տոնի խորհրդին անդրադարձավ իր քարոզում:
Հավարտ Սբ. Պատարագի Նորին Սրբության հանդիսապետությամբ վերստին կատարվեց մանուկների օրհնության կարգ:
###
1.