Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ:
holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 1, 2007թ.
Հոգեհանգստյան արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան պաշտոն հանգուցյալ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հոգու խաղաղության համար:
Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը: Անդրադառնալով հոգելույս վարչապետի վաստակին` Սրբազան Հայրն իր խոսքում մասնավորաբար նշեց. ՙ...Անդրանիկ Մարգարյան մարդը իր բոլոր պաշտոններով հանդերձ մնաց նույնը` սիրալիր վերաբերմունք ցույց տալով բոլորին: ...Իր կյանքի ամեն հանգրվանին իր հավատը դույզն ինչ չափով չկորցրեց. հավատ, որն առավել զորացրեց իրեն և հույս ու կորով տվեց` շարունակելու իր ծառայությունը հայ ազգին և հայ պետականությանը:
...Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկնել է մեզանից և բռնել այն ճամփան, որ տանում է դեպի հավիտենականություն, դեպի Աստված: Մենք վստահ ենք, որ նա իր արդար գործերով, բարի համբավով և այն սիրով, որով լցված էր իր նմանների նկատմամբ, պիտի վաստակի այն, ինչին արժանի է ամեն մի քրիստոնյա՚:
Սուրբ Պատարագին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, հանգուցյալ վարչապետի ընտանիքը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ Կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, բարեհիշատակ Անդրանիկ Մարգարյանի մերձավորներ և կուսակիցներ:
###