ՓԱԿԱԳԻԾՆ ԷԼԻ ՉԻ ՏՊԱԳՐՎԵԼ
14:40 Yerevan | 10:40 GMT | Saturday 31 March
«Փակագիծ» թերթն այսօր դարձյալ լույս չի տեսնելու եւ դարձյալ պատճառը ԺԱԿ կուսակցության ղեկավար Սպարտակ Մելիքյանն է: Նա ամեն հնարավորն ու անհնարն անում է, որպեսզի «Փակագիծը» փակվի: Դատական քաշքշուկներից հետո, որոնք Սպարտակ Մելիքյանի համար ցանկալի արդյունք չտվեցին, այսինքն` «Փակագիծը» շարունակեց տպագրվել, հիմա էլ ԺԱԿ ղեկավարը գնել է Տիգրան մեծ 65 ա հասցեում գտնվող շենքի մի քանի հարկերը եւ «Փակագծին» երեկ ստիպում էր ազատել տարածքը: ԺԱԿ ներկայացուցիչները անգամ թույլ չէին տալիս, որ խմբագրության գույքը շենքից դուրս հանվի: Երեկ «Փակագիծ» ակումբում պետք է կայանար Արամ Գ.Սարգսյանի մամլո ասուլիսը, սակայն ԺԱԿ-ի հաստավիզ տղաները լրագրողներին ու օպերատորներին ուղղակի դուրս շպրտեցին ակումբից, իսկ ակումբի հյուրը շվարած էր մնացել կատարվածից: ԺԱԿ ներկայացուցիչները շեշտում էին, որ մրցույթի արդյունքում Սպարտակ Մելիքյանն է հաղթել ու 72 մլն դրամով գնել է շենքի մի քանի հարկերը, իսկ «Փակագծի» գլխավոր խմբագիր Ագապի Հայկազունին պնդում էր, որ իրեն պետք է նախապես տեղյակ պահեին տարածքն ազատելու մասին: Բացի այդ, «Փակագիծը» պայմանագիր ուներ, որով մինչեւ 2007-ի դեկտեմբերի 30-ը իրավունք ունի զբաղեցնել տարածքը: Թերթի խմբագիրը ստիպված էր ոստիկանություն դիմել, շուտով ժամանեցին Էրեբունու ոստիկանության բաժնի աշխատակիցները` ոստիկանապետի գլխավորությամբ եւ ընդունեցին հայտարարությունը: Նույն տարածքում է տեղավորված նաեւ «Իսկական իրավունքը», որին Սպարտակ Մելիքյանն առայժմ ձեռք չի տալիս: Մենք տեղեկացանք, որ «Փակագծին» նոր տարածք է տրամադրվել:
|