Մրցակիցներն քնած չեն, արդեն շոշափում են ֆիբերնետին
13:39 03/04/2007
ՆՈՐ ՊՐՈՎԱՅԴԵՐ
Ապրիլի 1-ից ինտերնետ կապի շուկայում իրեն «Արմենտել»-ի մրցակից հայտարարած «FiberNet Communications» ընկերությունը ինտերնետ ծառայություններ մատուցելու է մրցակցից ավելի ցածր սակագնով: Հասարակությանն անհայտ այս ընկերությունը կապի շուկայում հայտնվել է այս տարվա փետրվարին, երբ ինտերնետ կապի ոլորտում փաստացի ավարտվեց «Արմենտել»-ի մենաշնորհը:
Տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ փորձեցինք պարզել, թե որքանո՞վ է վստահելի ինտերնետ կապ մատուցող այդ ընկերությունը, որին հատկացվել է «Հայկական երկաթուղու» մալուխային ցանցի որոշ հատվածը` 25 տարի ժամանակով: Կամ` ինչո՞վ է այն մինչ այժմ աչքի ընկել: «Հարցրեք այդ կազմակերպության տնօրենին, թող ինքն այդ մասին ասի,- չոր պատասխանեց նախարար Մանուկյանը և շարունակեց,- ես ժամանակ չունեմ այդ հարցերին պատասխանելու:
Ինձ այդ հարցերը չեն հետաքրքրում, զանգեք և ուրիշին հարցրեք այդ մասին»: Հարցրեցինք նաև, թե որքանո՞վ է նպատակահարմար ռազմավարական նշանակության մալուխային ցանցը տրամադրել անհայտ մի ընկերության: «Նպատակահարմար եղել է, տրամադրել ենք»,- կարճ պատասխանեց Անդրանիկ Մանուկյանը: «Ես շատ քչախոս եմ, և այդ հարցերին չեմ կարող պատասխանել»,- իրեն ուղղված նույն հարցերին այսպես պատասխանեց «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Արարատ ԽՐԻՄՅԱՆԸ, նշելով, որ մալուխային ցանցն օրինական ձևով է այդ ընկերությանը վարձակալության տրվել:
Աղբյուր` «Իմ իրավունքը»-Panorama.am
|