Արցախի վերածնունդ»
Ապրիլ 20, 2007 | 13:28
Հայաստան համահայկական հիմնադրամն օրերս Մարտակերտում ավարտեց երեխաների կրթության բարելավմանն ուղղված երկու ծրագիր. Մադաղիս գյուղն ունի նորակառույց դպրոց, Հաթերքը` վերանորոգված մանկապարտեզ: Մինչեւ սեպտեմբեր կավարտվի Կոճողոտ եւ Վերին Հոռաթաղ գյուղերի դպրոցների շինարարությունը: Այս մասին ասվում է հիմնադրամի մամլո հաղորդագրության մեջ:
Մարտակերտի շրջանի Մադաղիս գյուղում առաջնային էր դպրոցի կառուցումը. գյուղի երեխաները դասերն անցկացնում էին տնակային պայմաններում: Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի (Կանադա) ֆինանսական աջակցությամբ (շուրջ 104 մլն դրամ, 264.000 ԱՄՆ դոլար) 120 աշակերտի համար կառուցվեց եռահարկ դպրոց` կից կաթսայատնով ու սանհանգույցով:
Նմանատիպ եռահարկ դպրոցի շենքում նոր ուսումնական տարին կդիմավորեն նաեւ Կոճողոտի երեխաները, որոնք այսօր դասերն անցկացնում են չջեռուցվող, հնամաշ շենքում, որը հարմարեցվել է կրթական նվազագույն պահանջներին: Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսական աջակցության շնորհիվ նոր դպրոցի երկու հարկն ու նկուղային մասն արդեն պատրաստ են, ընթացքի մեջ է ձեղնահարկի կառուցումը:
Վերին Հոռաթաղ գյուղում դպրոցաշինական ծրագիր է իրականացվում Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ֆինանսավորմամբ: Նորակառույց եռահարկ շենքը, որի առաջին հարկն արդեն պատրաստ է, կփոխարինի 30-ականներին կառուցված կիսավեր շենքին:
Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ կահավորման աշխատանքներ են նախատեսվում Կոճողոտի դպրոցում: Հանձնախումբը Սենտ Էտիեն քաղաքի քաղաքապետարանի աջակցությամբ (շուրջ 11,5 մլն դրամ, 29,4 հազար դոլար) արժողությամբ կահույք եւ սպորտային գույք է նվիրել նաեւ Հաթերք գյուղի դպրոցին:
Տորոնտոյի տեղական մարմնի ֆինանսավորմամբ կահավորման աշխատանքներն ավարտվել են Մադաղիսի դպրոցում եւ նախատեսվում են Վերին Հոռաթաղի նորակառույց դպրոցներում: Ֆրանսիական տարբեր ֆինանսական աղբյուրներից կահավորվել է նաեւ Մարտակերտի թիվ 1 դպրոցը:
http://www.168.am/am/news/4920