Մեր ԱՅԲՈւԲԵՆԸ
Այբուբեն չէ սա
Բերդ է անմատույց,
Գանձ է աննվաճ:
Դուռ է փրկության,
Ելք, երբ հույս չկա,
Զարթոնքի նվագ:
Էությունն է մեր,
Ընթացքն ու ուղին,
Թագ ու զորավար.
Ժողովող մի կանչ,
Իմաստուն խորհուրդ,
Լինելու համար:
Խունկը խորանի
Ծնողը բանի,
Կնիքն ինքնության.
Հացն հանապազօր հայի սեղանի,
Ձիրքերի հնձան:
Ղողանջը երգի, ղեկը ընթացքի,
Ճեմարան ճառի,
Մարզարան մտքի,մատյան հավատքի,
Յուղ անմար ջահի:
Նախահիմքն է մեր,
Շողը մեր հույսի,
Ոգին մեր ճարտար.
Չինարին այգու,
Պարիսպը մեր տան,
Ջրաղացն արդար:
Ռումբն է մեր ռազմի,
ռունգը բնազդի,
ռահվիրան կյանքի,
Սերն ու սիրտն է մեր,
սերմը միշտ ծլող,
Վեմ ու վիմագիր:
Տունը՝ ցամաքում,
տապանը ջրում,
Րոպեն սլացքում,
Ցորյանը արտում,
ՈՒղին անհայտում,
Փառքը սխրանքում:
Քիստն է ու քաղն է մեր,
քանքար ու քնար,
քարավան ու ափ,
ԵՎ
Օջախն անմար,
օժիտն անհատնում
Ֆե-ից մինչև Այբ:
|