View Single Post
Old 03 Aug 07, 17:43   #2 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
Re: Անապատականություն և Վանականություն

ԱՆԱՊԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Քրիստոսից հետո 4-րդ դարից սկսած Եգիպտոսի, Պաղեստինի, Սիրիայի և հարակից երկրների անապատներն սկսեցին լցվել առաջին հայացքից տարօրինակ թվացող մարդկանցով: Նրանք թողնում էին հասարակության մեջ ունեցած իրենց դիրքերը, հրաժարվում սեփականությունից, ամուսնական կյանքից, նախկին զբաղմունքներից ու սովորություններից և քաշվում անապատները` ապրելով միայնակ կամ խմբերով, ենթարկում իրենց ամենածայրահեղ զրկանքների, տրվում աղոթքին ու Սուրբ Գրքի ընթերցմանը` կյանքի վերածելով սուրբգրային պատգամները: Այդ մարդիկ քրիստոնյա անապատականներն էին, ովքեր Քրիստոնեական Եկեղեցու պատմության մեջ հիմք դրեցին վանական շարժմանը:
Քրիստոնեական Եկեղեցու համար անապատականների նախատիպերը հինկտակարանյան նահապետներն ու մարգարեներն էին, հատկապես` Եղիա մարգարեն ու Հովհաննես Մկրտիչը: Ինքը` Հիսուս Քրիստոս, Իր երկրային առաքելությունն սկսելուց առաջ քառասուն օր առանձնանում է անապատում` փորձվելու սատանայից և հաղթելու նրան: Եկեղեցու հայրերը քառասնօրյա այս մենությունը բնորոշել են իբրև ՙանձի անապատացում՚: Հիսուս Իր առաքելության ընթացքում ևս հաճախ առանձնանում էր մարդկանցից և մենության մեջ աղոթում Երկնավոր Հորը` սրանով ցույց տալով նաև Իր հետևորդներին միայնության մեջ Աստծո հետ հաղորդակցվելու կարևորությունը հոգևոր կյանքի վերանորոգության մեջ:
Չնայած առաջին երեք դարերում ևս արձանագրվել են քրիստոնյա անապատականների առկայություններ, սակայն անապատականությունը մեծ թափ սկսեց ստանալ 4-րդ դարից: Փրկչական առաջին երեք դարերը Եկեղեցու համար հատկորոշվում են քրիստոնյաների հալածանքներով: Հալածանքները, որ սկիզբ էին առել քրիստոնեության հիմնադրի` Փրկչի նկատմամբ, շարունակվեցին նաև Նրա հետևորդների նկատմամբ` ծայրահեղ դրսևորումներով իրենց գագաթնակետին հասնելով ողջ Հռոմեական կայսրության մեջ: Սակայն այդ հալածանքներն անզոր եղան ընկճել Քրիստոնեական Եկեղեցուն, և բազմաթիվ քրիստոնյա նահատակներ իրենց արյան գնով հաղթանակով պսակեցին քրիստոնեությանը երեքդարյա այդ պայքարում: 313թ. Կոստանդիանոս Մեծ կայսեր միլանյան հրովարտակով քրիստոնեությունը հռչակվեց կայսրության մյուս կրոններին համահավասար թույլատրելի կրոն: Քրիստոնյաներն ազատ կարող էին դավանել ու քարոզել իրենց կրոնը, ինչը մեծապես նպաստեց քրիստոնեության տարածմանն ու Եկեղեցու հզորացմանը: Սակայն այս ազատությունը բազում դրական նշանակությունների հետ ունեցավ նաև խիստ բացասական հետևանքներ: Երբեմնի հալածվող Եկեղեցին, պետական կարգավիճակ ստանալով, աստիճանաբար հայտնվում էր հալածողի դերում` երբեմն իր անհանդուրժողականությունը հասցնելով ծայրահեղության: Քրիստոնյա լինելն այլևս մասնավոր քաջություն չեր պահանջում, կարելի էր դառնալ քրիստոնյա` առանց ոչինչ զոհաբերելու մտահոգության: Սա լայնորեն բացեց Եկեղեցու դռները հեթանոսության մի հոծ զանգվածի առջև, ովքեր իրենց հետ Եկեղեցի էին բերում նաև հեթանոսական աշխարհայացքի, բարքերի, հավատալիքների, սովորույթների ու մտածելակերպի տարրերը: Աստվածաբանական բարդ վիճաբանությունները մի կողմից բյուրեղացնում էին ուղղափառ վարդապետությունը, մյուս կողմից, սակայն, պատճառ էին դառնում Եկեղեցու մասնատման և անգամ հերձվածների: Եկեղեցու և աշխարհի, քրիստոնեության և հեթանոսության միջև եղած տարածությունը որոշ դեպքերում տագնապեցնող մերձավորության էր հասնում: Այս ամենի արդյունքում սկսեց տուժել ամենակարևորը` քրիստոնեական կրոնի բարոյական-գործնական կողմը, քրիստոնեավայել ապրելակերպն ու վարվելակերպը:
Ստեղծված իրավիճակը խորն ընդվզում առաջացրեց բազմաթիվ քրիստոնյաների մեջ: Մնալով հասարակության մեջ` դժվար էր հոգևոր-բարոյական մաքրություն ձեռք բերել կամ պահպանելը, անհնար էր նաև հոսանքին հակառակ թիավարելը և հասարակությանը փոխելը: Ուստի նրանք սկսեցին թողնել մարդկային հասարակությունը, քաշվել անմարդաբնակ վայրեր և վարել պարզ ու խստաշունչ կյանք` հոգեկան սրբության և Աստծո մշտական ներկայությանը հասնելու համար իրենց նվիրելով աղոթքի ու ապաշխարության: Նրանք պատերազմ սկսեցին մեղսալի հաճույքների ձգտող մարմնական ցանկությունների ու կրքերի դեմ, որոնք անապատականների վարքերում պատկերված են դևերի տեսքով, և որոնք հաղթահարելու համար դիմում էին ամենածայրահեղ ինքնազրկանքների, գործադրում գերմարդկային ճիգեր, ինչի համար էլ կոչվեցին նաև ճգնավորներ: Նպատակը պարզապես մարմինը ճնշելը չէր, այլ դրանով կամքի ամրացումը, մտքի պայծառացումը և հոգու կատարելագործումը: Իմիջիայլոց, հետաքրքիր է այն հանգամանքը, որ, չնայած կրած դաժան զրկանքներին, ճգնավորներն աչքի էին ընկնում առողջությամբ ու երկարակեցությամբ: Հասարակությունից այդ մեկուսացումը պայմանավորված չէր ոչ մարդկանց նկատմամբ ունեցած բացասական զգացումներով և ոչ էլ միայն սեփական անձի փրկության եսամոլական ձգտումներով: Անապատականների ապրած կյանքն ու խոսքերն աներկբայելիորեն ցուցադրում են այն անսահման բարությունը, սերը և ծառայելու պատրաստակամությունը, որ ունեին նրանք մարդկության նկատմաբ: Հիմնական նպատակը քրիստոնեական գերակա արժեքներն այլասերված հասարակության ապականող ջանքերից ձերբազատելը և իրական կյանքի ու ապրելակերպի վերածելն էր, մաքրագործմամբ մարդու մեջ Աստծո պատկերի վերականգնումը: Այսպիսով` անապատականները դարձան այն խորհրդանշական ՙտասն արդարները՚, որոնց առկայությամբ դեպքում Աստված խոստանում էր Աբրահամին խնայել ու չկործանել Սոդոմ և Գոմոր քաղաքները: Քրիստոնյա նահատակներից հետո այս երկրորդ սխրանքը Եկեղեցու հայրերը բնորոշեցին իբրև ՙանարյուն նահատակություն՚:
Անապատական շարժման առաջին փուլը բնորոշվում է լիակատար կղզիացմամբ: Սակայն ժամանակի ընթացքում առավել հայտնի միայնակյացների շուրջն սկսում են հավաքվել սկսնակ անապատականներ և ուսանել կրոնական մեծ փորձառություն ձեռք բերած միայնկյացից, ում անվանում են աբբա` հայր: Աբբայի ընտրությունը, նրան հնազանդությունը և նրանից հեռանալը պայմանավորված էր բացառապես կամավոր սկզբունքով: Անապատ հասկացությունը, իր աշխարհագրական բովանդակությունից զատ, աստիճանաբար ձեռք է բերում նաև նոր` կրոնական իմաստ` բնութագրելով ճգնակյացների ապրելավայրերը: Ժամանակի ընթացքում սկսում են ձևավորվել համատեղ կյանքի տարրերը, և անապատականությունն աստիճանաբար սկսում է վերաճել վանականության: Միայնակեցական անապատականությունն իր ծաղկման գագաթնակետին մնում է վաղ միջնադարում` ժամանակի ընթացքում վերջնականապես զիջելով իր տեղը վանականությանը:
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 09:26.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60