Re: Անապատականություն և Վանականություն
Անապատականության հայրենիքը Եգիպտոսն է: Որոշ աստվածաբաններ դա համարում են պարգևաշնորհ Հերովդեսի հալածանքներից մանուկ Հիսուսին ապաստան տված այդ երկրին, որ ապաստան դարձավ նաև ՙմանուկ՚ անապատականության համար: Աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի այս օրրանը ճգնակեցական` ասկետիկ կյանքի որոշակի ավանդույթներ արդեն ուներ, ինչին նպաստում էր միստիկ մտածելակերպին հակվածության առկայությունը: Բարենպաստ նախադրյալներից էր նաև երկրի բնությունը. տաք ու չոր օդը, մեծ քանակությամբ խորշերն ու այրերը, ձկնառատ Նեղոսը, պտղատու ծառերի զգալի քանակությունը դյուրացնում էին անապատականների կեցության համեստ պահանջների բավարարումը և հնարավորություն տալիս նվիրվել հոգու զորացմանը:
Անպատականության հայրը պաշտոնապես համարվում է Ս. Անտոն Անապատականը (251-356 թթ.): Ղպտի բարեկեցիկ ընտանիքի քսանամյա զավակը, Եկեղեցում լսելով կատարելության ձգտող հարուստ երիտասարդին Հիսուսի տված ավետարանական պատգամը. ՙԵթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի’ր քո ունեցուածքը ու տո’ւր աղքատներին. և երկնքում գանձեր կþունենաս. և դու արի’ իմ յետևից՚ (Մատթ. 19.21), վաճառում է իր ունեցվածքը, բաժանում աղքատներին, հեռանում հայրենի Կոմա գյուղից և նախ 15 տարի բնակվում մոտակա քարայրաձև մի գերեզմանում, իսկ այնուհետև բոլորովին հեռանում անապատի խորքում գտնվող մի լքված բերդ, ուր 20 տարի մարդու երես չի տեսնում: Նրա սրբության և հոգևոր զորության համբավը մեծ տարածում է գտնում, և աստիճանաբար նրա ապաստանի շուրջն սկսում են բնակություն հաստատել անապատական կյանքի ծարավ ունեցող բազմաթիվ մարդիկ: Տեղի տալով նրանց երկարատև թախանձանքներին` Ս. Անտոնն ի վերջո համաձայնում է դուրս գալ իր բերդից և դառնալ նրանց առաջնորդն ու դաստիարակը` իր բազմամյա փարձառությամբ բացատրելով ճգնողական կյանքի կանոները: Այսպիսով նա Պիսպիրում` Նեղոսի դելտայից հարավ ընկած շրջանում, հիմք է դնում ճգնակեցական մի կազմակերպված համակարգի և, պատմականորեն առաջին ճգնավորը չլինելով, դառնում անպատական կյանքի վրա մեծագույն դրոշմը դրած առաջին անձը և արժանանում ՙանապատականության հայր՚ կոչմանը: Անտոնին այցելող բազմաթիվ մարդկանց թվում էր անգամ Կոստանդիանոս կայսրը, սակայն ինքն Անտոնը մերժում է անապատը թողնելու և մայրաքաղաք գնալու կայսեր հրավերը: Մի քանի տարի ուսուցանելով իր հետևորդներին` Անտոնը քաշվում է անապատի ավելի ամայի խորքերը: Միայն երկու անգամ է Անտոնը թողնում անապատը և հայտնվում Ալեքսանդրիայում, առաջին անգամ 311թ.` Մաքսիմիանոս կայսեր դաժան հալածանքների ժամանակ` քաջալերելու քրիստոնյաներին, իսկ երկրորդ անգամ 351թ.` սատարելու ուղղափառ քրիստոնյաներին արիոսականների դեմ մղված պայքարում: Ս. Անտոնը վախճանվում է 105 տարեկան հասակում` մինչ այդ խնդրելով իր երկու աշակերտներին, որ իրեն թաղելուց հետո գաղտնի պահեն գերեզմանի տեղը: Անտոն Անապատականի կյանքը հետագա բազմաթիվ ճգնակյացների համար ուղեցույց էր ծառայում Ս. Աթանաս Ալեքսանդրացի հայրապետի գրած ՙԱնտոնի վարքը՚ երկի շնորհիվ, որը սրբի կյանքի պատմության հիմնական աղբյուրն է: Պահպանվել են նաև Անտոնին վերագրվող կանոներ անապատական կյանքի վերաբերյալ:
ՙԱնտոնի վարքը՚ երկի շնորհիվ հայտնի է նաև մեկ այլ մեծագույն միայնակյացի` Պողոս Թեբայիդացու անունը, ում աստվածային տեսիլքով գտել էր Անտոնը, երբ 113-ամյա ծերունին բազմամյա ճգնակեցությունից հետո իր կյանքի վերջին պահերն էր ապրում:
|