Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении
՚ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՆՙ
[13:19] 19 Փետրվարի, 2008
Գյումրիում երեկվանից մասսայաբար բաժանվում է ընտրակաշառք: Այս մասին ՚Ա1+ՙ-ին հայտնեցին Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունից, որտեղ երեկվանից սկսած ձայնագրում են բոլոր ահազանգերը: Ի դեպ, դրանց թիվը 100-ից անցնում է, արված ձայնագրությունը մոտ 4 ժամ է:
Այսօր առավոտից հեռախոսազանգերի տարափը եւս չի դադարում: ՚Բոլորը մեզ են զանգահարում, չգիտես ինչու եւ խնդրում են, թե մի բան արեք, քանի որ խայտառակություն է, այսպիսի ընտրություն դեռ չի եղելՙ,- ՚Ա1+ՙ-ին հայտնեց ԳԱԼԱ-ի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը:
Ահազանգերից մեկը վերաբերում էր նրան, որ ընտրատեղամասերից մեկի դիմաց կանգնած են եղել ՚Գազելներՙ, ավտոմեքենաներ, որտեղից ընտրակաշառք են բաժանում բոլոր նրանց , որոնք գալիս մտնում են այդ մեքենանների մեջ եւ ընտակաշառքը վերցնելով՝ մտնում են ընտրատեղամաս: ՚Մենք այդ մեքենաներից շատերի համարները նույնիսկ ունենք: Պատկերացնում եք՝ լկտիությունը հասել է այն գագաթնակետին, որ ոստիկանության մեքենան ընտրակաշառքի մեքնայի կողքին կանգնած ոչ մի կերպ չի արձագանքել այդ ամենին: Ի դեպ, ընտրակաշառքի բաժանման մեխանիզմի մեջ ներքաշված են նաեւ մարզպետարանի, քաղաքապետարանի աշխատակիցներ, որոնք կարգավորում են ընտրակաշառքի բաժանումըՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց ԳԱԼԱ-ի քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը:
Նորավան թաղամասի 18 դպրոցից էլ ահազանգ է ստացվել այն մասին, որ ուսմասվարն ուսուցիչների հետ միասին կազմակերպում է կրկնակի քվեարկություն: Դպրոցի հետեւի մասից մարդկանց հանգիստ ներս են մտցնում, քանի որ հանձնաժողովում իրենց մարդիկ են, ու տեղի է ունենում կրկնակի քվեարկություն: ՚Այսինքն՝ ընտրված մարդիկ, ետեւից մտնելով, նորից քվեարկում են ու առջեւի դռնից դուրս գալիսՙ,- տեղեկացեց Դերենիկ Մալխասյանը:
Սովխոզ թաղամասից էլ ահազանգել են, որ բնակիչներին տներից ստիպողաբար հանում են եւ ուղարկում քվեարկության: Այս պարագայում, սակայն, ընտրակաշառք կամ բաժանում են, կամ՝ ոչ:
Մի շարք թաղային հեղինակություններ 10-րդ դպրոցում բաց քվեարկություն են կազմակերպել՝ գումարը բաժանել են ու հետո ընտրողի գլխի վերեւը կանգնած ստուգել, թե ում օգտին նա քվեարկեց:
Գյումրիի բոլոր բյուջետային հիմնարկներին ղեկավարներ էլ հրահանգել են իրենց աշխատակիցներին՝ ընտրությունը կատարել մինչեւ ժամը 13:00-ն: ՚Այնուհետեւ՝ այդ ժամին աշխատակիցներն իրենց անձնագրերով պարտավոր են ներկայանալ աշխատատեղի: Ընդ որում՝ եղել են նաեւ աշխատանքից ազատվելու սպառնալիքներ, եթե մարդիկ անձնագրերը չհավաքվենՙ,- ՚Ա1+.-ին փխանցեց Կարինե Հարությունյանը: Իսկ ԱԺ Գյումրիի մի շարք պատգամավորներ էլ, որոնք այստեղ ունեն որոշ սեփականություններ, նորից աշխատանքից ազատման սպառնալիքով, աշխատակիցներին պարտադրել են բերել իրենց ու իրենց հարազատների անձնագրերը:
Ի դեպ, հեռուստաընկերության տեսախցիկը հասցնում է ֆիքսել այն ամենը, ինչ տեսնում է: Բայց մարդիկ, տեսնելով տեախցիկը, անմիջապես փախչում են կամ մտնում շենքերի արանքները, մուտքերի մեջ: Իսկ այլ բնույթի խոչընդոտներ չեն եղել:
Ի դեպ, Գյումրիից Երեւան բերող երթուղայիններ մինչեւ ժամը 11:00-ը չեն եղել: Այդ ժամից հետո Երեւանից եկող երթուղայիններն էլ նորից ետ են դարձել: Ինչ վերաբերում է քաղաքային տրանսպորտին, ապա Գյումրիի քաղաքապետարանին ենթակա երթուղայիններն ու մարզպետարանի հաշվեկշռին նստած ավտոբուսները սպասարկում են մարդկանց ընտրատեղամասից շտաբ եւ հետ տանելուն:
|