Re: Наши любимые стихи
Պ. Սևակ
ԴՈՒ ՄԻ ՀԱՐՑՐՈՒ
Դու մի հարցրու. -սիրո՞ւմ ես ինձ-
Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում,
Դու էլ հիշիր,
Որ երբ իզուր հարց չեն տալիս,
Սուտ պատասխան չեն ստանում:
ԵՎ դու բնավ իմ այս խոսքից մի վշտանա,
Այլ՝ մտածիր,
Թե ջրհորի մութ խորության չափման համար
Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում...
Դու մի հարցրու, իսկ ես ասեմ
Քո ուզածից շատ ավելին.
ԵՎ ասում եմ ես՝ միօրյա հավատացյալ,
Իսկ դու լսի՛ր, իմ նորօրյա աստվածուհի.
- Պաշտամունքի մի ծե՛ս պիտի տրվի այսօր,
Խոստովանքը էլ ո՞ւմ է պետք:
Դու, անծանոթ մի նոր աշխարհ,
Ես՝ մի հմուտ աշխարհագետ,
Որ վատ գիտեմ, շա՛տ վատ գիտեմ
Բազմախոստում տեղանքը քո
ՈՒ խոսում է մեջս կրկին
Մոլի ոգին հետազոտման:
ՈՒզում եմ քեզ անգիր անել,
Մտքով գծել քարտեզը քո,
Հարց ու փորձը էլ ո՞ւմ է պետք...
ԵՎ առավել լավ չէ՞ արդյոք,
Որ մարդու ոտքը սայթաքի,
Քան թե՝ լեզուն:
ՈՒրեմն արի ոչ թե խոսենք,
Այլ մտովի քայլենք առաջ այս անծանոթ ճանապարհով՝
Մինչև հասնենք հանգրվանի,
Հեքիաթային ինչ-որ մի տեղ,
ՈՒր մենք պիտի լինենք թլվատ,
Ջրի նման
ՈՒ լինենք կույր՝ կրակի պես:
ՈՒր հակառակ մեր իմացած հին օրենքի,
Մարմինները ջերմությունից չե՛ն լայնանում,
Այլ՝ կծկվում:
ԵՎ լուծվում են բոլոր հարցերն աղի նման,
Դառնալով համ մեր բերանում,
Մեր լարաթափ ջղերի մեջ,
Շփոթահար մեր դեմքերին...
...Այնժամ, գուցե ե՛ս քեզ հարցնեմ.
- Սիրո՞ւմ ես ինձ:
Ես քեզ հարցնեմ, պատասխանիդ չսպասելով,
Այլ օգնելով, որ ստանաս
Նախկին տեսքդ աստվածուհու՝
Նախկին տեսքդ ա՛յն աշխարհի,
Որ դեռ չուներ գծված քարտեզ...
ԵՎ իմ հարցին ի պատասխան՝
Այնժամ, գուցե ինքդ ինձ ասես.
- Ասում են, թե դուք օգնում եք
Լոկ... հանվելիս,
Իսկ դու, օգնում ես հագնվել...
Դու ուրիշ ես, սիրո՛ւմ եմ քեզ:
|