Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ:
holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 5, 2007թ.
Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Չինսուրա
Մարտի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբի, Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանի և եկեղեցական վարչության անդամների ուղեկցությամբ Կալկաթայից մեկնեց Արևմտյան Բենգալի ամենավաղ հայկական գաղթօջախը` Չինսուրա:
Չինսուրայում Հայրապետական պատվիրակությունն այցելեց Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, որը կառուցվել է 1697 թվականին և Արևմտյան Բենգալի երկրորդ հնագույն եկեղեցին է:
Եկեղեցում Նորին Սրբությունն աղոթք վերառաքեց առ Բարձրյալն Աստված բոլոր այն հայորդիների հոգիների հանգստության համար, որոնք ժամանակին Հեռավոր Արևելքում կենդանություն էին տվել հայոց կյանքի նշանավոր այս կենտրոնին: Այսօր Չինսուրայում որևէ հայ չի բնակվում:
Կեսօրին Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերադարձավ Կալկաթա, ուր վերստին այցելեց Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան և որոշ ժամանակ անցկացրեց ճեմարանի սաների հետ` հայրական իր հորդորները, սերն ու օրհնությունը փոխանցելով նրանց:
Երեկոյան Գարեգին Բ Հայրապետն իր շքախմբով մեկնեց Մադրաս:
###