Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Religion
Blogs Members List Social Groups Mark Forums Read Press here to open menubar...


Notices

Religion For Armenians Christianity is like skin color, it can’t be changed or thrown off.

Reply
 

Великий Пост, начинается 19-го февраля 2007г.

LinkBack Thread Tools Display Modes
Old 04 Mar 07, 14:59   #8 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 43
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
www.168.am/am/articles/9468
Պահքի խորհուրդը եվ մեծ պահքի շրջանը
Գարիկ սարկավագ Ասրյան, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան | Փետրվար 25, 2007
Եկեղեցական տոնացույցի համաձայն` տարին բաժանվում է տոնական եւ պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատեւ պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության եւ չարչարանքների) եւ շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող եւ ամենաերկարատեւ պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է, որն այս տարի սկսվեց փետրվարի 19-ից եւ, ներառելով նաեւ Ավագ Շաբաթը, կտեւի մինչեւ ապրիլի 8-ը` Ս. Զատիկ:

Ի՞նչ է պահքը: Առաջին իմաստով` այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) եւ ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաեւ բուսական ծագման, սակայն ճոխ ու համադամ ուտելիքներից` ընդհուպ մինչեւ սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաեւ Աղուհացից շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից եւ անգամ ջրից:

Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաեւ բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Սակայն պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո եւ առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարեւոր է հոգեւոր շնորհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարեւոր է նաեւ մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող մեր եղբայրակցին դատելու. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):

Պահքի կարեւորությունն առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռեւս դրախտում, եւ Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդ.2:16-17):

Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել դրանք, որով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության եւ աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:

Պահքերի (բացառությամբ` օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ եւ երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է եւ պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երեւում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական եւ ճոխ ուտելիքներ գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման եւ խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը եւ Աստծո տեսությունից զրկվելը: Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը եւ Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի եւ մատնանշում է առ Աստված դառնալու եւ կորուսյալ դրախտը գտնելու կարեւորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորրորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատեւ աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ա Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ եւ ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարեւորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը եւ, ի վերջո, հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը:
Copyright © 2005 168 Hours Weekly. All rights reserved.
 
MONK is offline  
Reply With Quote
Old 04 Mar 07, 15:02   #9 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 43
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
Մեկ այլ հատված Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցու <<Խրատի թանգարան>> գրքից:
ԱՂՈԹՔ, ՊԱՀՔ ԵՎ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ

Ա. Երեք տեսակ բարի գործ կա, որ կարևոր է քրիստոնյային մեղքերից մաքրվելու և հավիտենական կյանքին հասնելու համար: Դրանք են աղոթքը, պահքը և ողորմությունը:
Երեք տեսակ են նաև թշնամիները, որոնք ջանում են արգելք լինել բարի գործերին և զրկել հավերժական կենդանությունից: Դրանք են սատանան, մարմինն ու աշխարհը:
Սատանան ներքին թշնամի է, որ բազմատեսակ խաբեական հնարներով դրդում է մարդկանց դադարեցնելու աղոթքը: Աղոթողի մտքի մեջ աղտեղի մտածումներ, սնափառություն, աշխարհային հոգսեր է գցում և կամ միտքը ցրում ու պղտորում սին մտածումներով, տրտմությամբ կամ թերահավատությամբ` այլ չարիքներով հանդերձ:
Մարմինը լծակից թշնամի է, որ հոգուն անդադար ստիպում է կատարել իր քմահաճույքները և ոչ թե Աստծու կամքը, պահքից խորշել տալիս` պատճառ բերելով իր տկարությունը, և հոգուն իրեն կամակից դարձնում` որովայնն ամեն օր ախորժելի կերակուրներով խճողելու:
Աշխարհն արտաքին թշնամի է, որ իր սին վայելչությամբ հրապուրում է միայն երկրավոր բաների մասին մտածել. առաջարկում է հարստություն, փառք, փափկակեցություն, ջանում ողորմածների ձեռքերն աղքատներից ու կարոտյալներից պահել, որպեսզի այս կյանքը ճոխ ունեցվածքով վայելեն ու ոչնչի պակասություն չունենան:
Այս մշտամարտ թշնամիներից ամենքից առավել վնասվում են նրանք, որ բարի գործերի ճանապարհին նորաքայլ ու հողդողդուն են: Իսկ երբ բարի գործերի մեջ հարատևում են, ազատաքայլ ու անսայթաք են դառնում և որպես քաջ զինվոր ոտնատակ տալով զորեղ թշնամուն` իրենց քաջության հաղթանակը տանում:
Եվ քանի որ ամեն ինչ անկատարությունից դեպի կատարելություն է դիմում, և ամեն գործ սկզբում դժվար է թվում, բայց հետզհետե վայելչաբար ու դյուրավ կատարվում, ուստի բարի գործեր կատարելու մեջ չհմտացածները թող չվհատվեն, երբ բարիք գործելու ժամանակ որևէ դժվարություն կամ թերություն է առաջ գալիս, այլ ջանան գործի մեջ հարատևել, մինչև այն իրենց համար սովորություն դառնա:
Նույնը կարելի է տեսնել և արհեստավորների մեջ: Սկզբում անփորձները շատ դժվարություններ են կրում ու շատ սխալներ գործում, բայց երբ անձանձիր աշխատասիրությամբ հմտանում են արհեստին, այդուհետև դյուրավ ու անսխալ են աշխատում:
Բ. Աստված երբեմն մարդու կամքի հոժարությունը, որ հաստատել է բարին գործելու համար, գործի տեղ է ընդունում, ինչպես որ Աբրահամի հոժարությունն իբրև կատարված գործ ընդունեց, երբ զոհում էր իր Իսահակ որդուն (տե’ս Ծննդ. ԻԲ), ինչպես նաև իբրև ավարտված գործ ընդունեց Տեր Հիսուսի մարմինն օծելու գնացող յուղաբեր կանանց հոժարությունը:
Այսպես էլ Աստված որպես գործ է ընդունում եկեղեցում աղոթել փափագող հիվանդների, կարոտյալներին ողորմություն տալ կամեցող չքավորների ու պահք պահել բաղձացող տկարների հոժարությունը:
Բայց երբեմն էլ կամքի հոժարության հետ նաև գործն է պահանջում, ինչպես որ Տերը բավական չհամարեց Զեբեդեոսի որդիների` մահվան բաժակից խմելու հաստատուն փափագը (տե’ս Մատթ. Ի 22-23), այլ կամեցավ, որ իրականում էլ խմեն, ինչպես և եղավ. մեկը վկայական արյամբ, և մյուսը մշտաչարչար ճգնությամբ լեցուն բաժակից խմեցին:
Ուրեմն` ով կարող է գործով կատարել աղոթք, երկրպագություն, պահք ու ողորմություն, թող դրանք զանց չառնի` հույս ունենալով, թե միայն կամքի հոժարությունը բավական կլինի: Իսկ նա, ով գործով կատարել չի կարողանում, թող չվհատվի, թե վարձատրությունից զրկվեց, որովհետև Աստված երբեմն որպես վարձատրության արժանի գործ է ընդունում բարեմիտ կամքի պատրաստությունն ու հոժարությունը, երբ կամքը հաստատուն է:
Գ. Մարդու կատարելությունն Աստծուն սիրելու մեջ է, իսկ Աստծու հանդեպ սիրո նշան են այն բարի գործերը, որ վերաբերում են կա’մ Աստծուն, կա’մ իրեն, կա’մ ընկերոջը:
Աստծուն վերաբերում է աղոթքը, որովհետև աղոթքի առարկան Աստվածն է, իրեն վերաբերում է պահքը, որովհետև պահքի առարկան իր մարմինն է, և ընկերոջը վերաբերում է ողորմությունը, որովհետև սրա առարկան մարդուն ողորմելն է:
Բայց քանի որ աղոթքը, պահքն ու ողորմությունը` որպես ապաշխարության խորհրդի մասեր, կրոնական առաքինություններ են, երեքն էլ վերջին հաշվով վերաբերում են Աստծուն և իրենց զորությունն աստվածային շնորհի ներգործությունից ունեն:
Արդար մարդը մեղքի արատից զգուշանում է, որպեսզի չաղտեղանա ու շնորհից չզրկվի, իսկ մեղքերով արատավորվածն ապաշխարում է, որպեսզի մաքրվելով արդարացվի ու շնորհ ընդունի: Առաջինը գործում է ասես պաշտպանական զենքերով, իսկ մյուսը` վանողական:
Այս զենքերն աղոթքի, պահքի ու ողորմության գործողություններն են, որոնցով Աստծու շնորհը, եթե մեկի մեջ կա, չի կորչում, իսկ եթե կորել է, վերագտնվում է:
Թեպետ այս երեքը մի ակունքից` Աստծու սիրուց են բխում, ինչպես ջերմությունը, լույսն ու ստվերը` մի արեգակից, սակայն միմյանցից զանազանվում են, որովհետև ներգործության տարբեր առարկաներ ունեն: Եվ չնայած սրան` երեքը միասին երանության մի պսակ են հյուսում իրենց գործողի գլխի համար:
Արդ, ով աղոթում է Աստծուն, գիտի, որ ինքն Աստծու առաջ է, և Աստված` իր, ուստի չի կարող չար բան գործելու մասին մտածել, այլ հակառակը` ցանկանում է Նրան հաճելի լինել, իրեն ու իրեն վերաբերող ամեն ինչ հանձնում է Աստծու կամքին, ամեն ինչում ամենուրեք Աստծու փառքը փնտրում և խոնարհ մտքով հնազանդվում Նրա հրամաններին: Այս բոլորն ու սրանց կարգը դասվողները համարվում են աղոթքի գործեր, որոնք սկիզբ են առնում մտքից, բայց կատարվում մարմնի սպասավորությամբ:
Հարկավորաբար սրանց հետևում են մարմինը պահքով ճնշելը, զգայարանները զսպելը, մարմնավոր հաճույքի ախտավոր բաղձանքի անկարգ կիրքը մեռցնելը, բոլոր վշտերին ու ձախողակի պատահարներին համբերելը, մինչև մարմինը կորցնելը, ինչի մեջ է գտնվում հոգու ճշմարիտ կյանքը` ըստ այսմ. ՙՈվ կամենա իր անձը փրկել, այն կկորցնի՚ (Մատթ. ԺԶ 25):
Սրանք և առաքինական սրանց նման այլ գործերը վերաբերում են պահեցողությանը, որովհետև մարմնի մեջ ու մարմնով են կատարվում, սակայն ոչ առանց հոգու ու մտքի սատարության:
Սրանց հետևում են նաև ողորմության գործերը, այսինքն` կարոտյալի կարիքն ամբողջովին կամ մասամբ հոգալու համար ունեցվածքից մատուցելը, ինչի համար հարկավոր են մարմնի` ունեցվածք ձեռք բերելու համար ջանքն ու աշխատանքը և հոգու` սեփական կարողությունն ու կարոտյալի կարիքը կշռելու խոհեմ խորհրդածությունը, որպեսզի տալն արժանապես ու վայելչաբար լինի: Ողորմության գործերի թվին են պատկանում ներումը, խրատը, ուսուցանումը, կարեկցությունը, մխիթարությունը և սրանց նմանները:
Սրանցով են կատարվում զղջումից ու գաղտնի խոստովանությունից հետո մեղքերի վճարման գործերը, որոնք խոստովանահայրը սահմանում է ըստ անձի ու ժամանակի որպիսության` որպես հոգու բոլոր հիվանդությունների ու վերքերի դեղ ու սպեղանի: Սրանք, իրենց ներգործությունը Քրիստոսի չարչարանքների զորությունից ունենալով, արդյունքում այս կյանքում շնորհներ են բերում և հանդերձյալում` փառք:
Դ. Սրանցում են ամփոփված ավետարանական ինը երանիները: Որովհետև հոգով աղքատ, հեզ ու սրտով սուրբ են աղոթասերները, սգավոր, քաղցած, ծարավ, արդարության համար հալածված ու նախատված են պահեցողները, ողորմած ու խաղաղարար են ունեցվածքով կամ խոսքով օգնություն մատուցողները:
Արդ, ովքեր սրանք կատարում են Աստծու հանդեպ սիրով, նրանցն է երկնքի արքայությունը, նրանք են մխիթարվում, երկիրը ժառանգում, հագենում, ողորմություն գտնում, նրանք են Աստծուն տեսնում, Աստծու որդի կոչվում, երկնքում ցնծում և ուրախանում, որովհետև նրանց վարձքը շատ է այս կյանքում ու հանդերձյալում` ըստ մեր Քրիստոս Աստծու անսուտ խոստման (տե’ս Մատթ. Ե 3-12):
Ե. Աղոթքի, պահքի ու ողորմության գերազանցության ու հարկավորության մասին ոչ միայն նախկին իմաստասերները, հայրերն ու վարդապետներն են գրում ու մարդկանց հորդորում դրանք կատարելու, այլև Հին ու Նոր Կտակարանների աստվածաշունչ գրքերն են ամենուր ասես փողի ձայնով հռչակում:
Ուստի թող բավարար համարվեն այստեղ սակավ-ինչ ասածներս, այլ բազում հոգեշահ խրատաբանությունների հետ միասին, որոնք ասես հոգու և մարմնի կարևոր զարդ են իբրև մի սուրբ կույս ու գեղափայլ պճնված անարատ հարս համարձակ մտնելու երկնավոր Փեսայի լուսո առագաստը` վայելելու անվախճան փառքը:


ՙԲարի են աղոթքները` պահեցողություններով,
ողորմություններով և արդարություններով՚ (Տոբիթ ԺԲ 8):

ՙԱյս տեսակ դևը այլ կերպ դուրս չի ելնում,
եթե ոչ աղոթքով ու ծոմապահությամբ՚ (Մատթ. ԺԷ 20):

ՙՉէր հեռանում տաճարից, այլ ծոմապահությամբ և
աղոթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն՚ (Ղուկ. Բ 37):

ՙՔո աղոթքներն ու քո ողորմությունները
հիշատակվելով` Աստծու առաջ ելան՚ (Գործ. Ժ 4):
 
MONK is offline  
Reply With Quote
Reply

Thread Tools
Display Modes

Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 03:38.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89