![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Armenian Apostolic Church About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church |
![]() |
Pontifcal Visit of His Holiness to USA |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
![]() |
#1 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Պատասխանը: Pontiffcal Visit of His Holiness to USA
Իսկ սա էլ հաղորդագրությունները` ժամանակագրական կարգով: Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Սեպտեմբերի 30, 2007թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով մեկնեց ԱՄՆ Սեպտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Վեհափառ Հայրապետը սեպտեմբեր 30-ից հոկտեմբեր 3-ը կլինի ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմում, ուր կհանդիսապետի ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի 80-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ: Նորին Սրբության ձեռամբ Արևմտյան թեմում նաև կօծվի Փասադինայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Մայր խորանը, կկատարվի Հոլիվուդի հայ համայնքի մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Հոկտեմբեր 3-ից նոյեմբեր 2-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով կլինի ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում: Այդ ընթացքում Վեհափառ Հայրապետը կայցելի հայկական տարբեր համայնքներ ու ծխեր, կունենա պաշտոնական ու միջեկեղեցական հանդիպումներ: Սա Հայոց Հայրապետի երկրորդ հովվապետական այցն է ԱՄՆ Արևելյան թեմ. առաջինը եղել է 2001 թվականին: Այցի ընթացքում ՎԵհափառ Հայրապետին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ուղեկցելու են Մայր Աթոռի դիվանապետ Տ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Տեղեկատվական համակարգի օտարալեզու լրատվության պատասխանատու Տ. Կտրիճ քահանա Դևեջյանը և Տ. Հովնան աբեղա Հակոբյանը` որպես գավազանակիր: ### ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 2, 2007թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցը ԱՄՆ Սեպտեմբերի 30-ին, կեսօրին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր շքախմբով ժամանեց Լոս Անջելես: Նորին Սրբությանն օդանավակայանում դիմավորեցին և ողջունեցին ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Թեմական խորհրդի ատենապետ դր. Բարլոու Տեր-Մկրտչյանը, թեմական խորհրդի փոխատենապետ Ջոզեֆ Քանիմյանը, ԱՄՆ-ում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը և հայ համայնքի այլ ներկայացուցիչներ: Հովվապետական այցի ընթացքում ՎԵհափառ Հայրապետին ուղեկցում են Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Տեղեկատվական համակարգի օտարալեզու լրատվության պատասխանատու Տ. Կտրիճ քահանա Դևեջյանը և Տ. Հովնան աբեղա Հակոբյանը` որպես գավազանակիր: ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 3, 2007թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սուրբ սեղանը Հոկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց Փասադինայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սուրբ սեղանի օծումը: Սբ. Գրիգոր Եկեղեցու բակում Ամենայն Հայոց Կաթողիկոսին ավանդական աղ ու հացով դիմավորեցին ազգային տարազով` Հովսեփյան դպրոցի չորս սաներ: Աղն ու հացն օրհնելուց հետո Վեհափառ Հայրապետը թափորով առաջնորդվեց դեպի եկեղեցի, ուր իրեն սպասում էի հավատավոր հայորդիները: Սեպտեմբերի 9-ին օծված նորակառույց տաճարում կատարվեց “Հրաշափառի” արարողություն: Ապա Նորին Սրբությունը օծեց եկեղեցու սուրբ սեղանը` կառուցված Վահե, Դանիել եւ Վազգեն Իմաստունյանների բարերարությամբ: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխականների անունից Նորին Սրբությանը ողջունեց ծխի հոգևոր հովիվ Տ. Պարետ ծ. վրդ. Երեցյանը և շնորհակալություն հայտնեց Փասադինա կատարած այցի համար: Հյուսիսային Ամերիկայի Հայոց Արևմտյան թեմի անունից Հայրապետին ողջունեց առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Արևմտյան թեմի հաստատման 80-ամյակի տոնակատարությունը նախագահելու, ինչպես նաև նորակառույց եկեղեցու սուրբ սեղանը օծելու համար: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գոհունակությունը հայտնեց թեմակալ առաջնորդին և ծխի հոգևոր հովվին` հորդորելով եկեղեցականներին և հավատացյալներին հավատարիմ մնալու իրենց քրիստոնեական հավատի և Հայ Եկեղեցու հանդեպ իրենց սիրո մեջ: Հայրապետը նաև ընդգծեց կարևորությունը ԱՄՆ Արևմտյան թեմի հիմնադրման 80-ամյակի տոնախմբման և նոր աղոթատան օծման նշանակությունը ծխի կյանքում: Արարողության ավարտին Աղաջանյան սրահում տեղի ունեցավ ընդունելություն ի պատիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: ### ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 3, 2007թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց հայկական դպրոցի սաների հետ Հոկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Լոս Անջելեսի շրջանի ՙՄանուկյան-Դեմիրճյան՚, ՙՀԲԸՄ Պասադինա՚, ՙԱրշակ Տիգրանյան՚, ՙԱլֆրեդ և Մարգարիտա Հովսեփյան՚, ՙԱլեք Փիլիպոս՚, ՙՄեսրոպյան՚, ՙՇամլյան՚, ՙՄետինյան՚ և ՙսբ. Սահակ ու սբ. Մեսրոպ՚ հայկական դպրոցների սաների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև դպրոցների տնօրենները, ուսուցիչները, ինչպես նաև Արևմտյան թեմի եկեղեցականները: Քալաջյան սրահում հավաքված աշակերտները բուռն ծափահարություններով դիմավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Սաները նախապես հարցեր էին պատրաստել, որ պետք է ուղղեին Վեհափառ Հայրապետին: Ամենայն Հայոց Հայրապետը խորապես ազդված էր միջոցառման հարց ու պատասխան հատվածից` սիրով և անկեղծ պատասխանելով զանազան հարցերի: Հանդիպման սկզբում միջոցառման պատասխանատու, Արևմտյան թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Տաճատ ծ. վրդ Յարտըմյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց ուսանողներին և նշեց, թե ինչպիսի եռանդով ու սիրով են սաները սերտում իրենց մայրենի լեզուն և յուրացնում իրենց քրիստոնեական հավատն ու նախնյաց ժառանգությունը: ՙԱլեք Փիլիպոս՚ դպրոցի աշակերտներ Մելինե Համբարձումյանը և Լուսինե Գալստյանը կատարեցին ԱՄՆ-ի և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերը: Ապա Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը շնորհակալության խորին զգացումով ողջունեց Վեհափառին` ընդգծելով, որ Հայոց Հայրապետի այցը մեծ կարեւորություն ունի: Հովնան Սրբազանը հույս հայտնեց, որ Արևմտյան թեմի անդամները կարդարացնեն Նորին Սրբության ակնկալիքները` կապված մեր հավատի և թեմի, Եկեղեցու և համայնքի հանդեպ ունեցած նվիրվածությանը: Սրբազան Հայրը ուրախությամբ նշեց, որ առաջին անգամ է, որ Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպում է դպրոցի սաների հետ, ապա հրավիրեց Նորին Սրբությանը` իր պատգամը փոխանցելու սաներին: Ողջունելով ներկաներին` Նորին Սրբությունն իր օրհնությունը ու շնորհավորանքը բերեց ամենքին Արևմտյան թեմի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ: Այնուհետեւ նա անդրադարձավ երիտասարդությանը և նրանց պատշաճ դաստիարակությանը` նշելով, որ այս հարցում ծնողները մեծ պատասխանատվություն են կրում: Հայրապետը նաև հավելեց, որ Արևմտյան թեմի եկեղեցականները Հովնան Սրբազանի արդյունաշատ և օրինակելի առաջնորդության ներքո իրենց կարևոր կառուցողական դերակատարությունն են ունեցել համայնքի կյանքում, սակայն հարկ է անել ավելին` համայնքի երիտասարդների պայծառ ապագան ապահովելու համար, ովքեր, իբրև ԱՄՆ օրինավոր քաղաքացիներ, իրենց օգտակարությունը կբերեն և' Սփյուռքին, և' Հայրենիքին, և' Լեռնային Ղարաբաղին և' Սուրբ Էջմիածնին: Միջոցառումն ավարտվեց Նորին Սրբության “Պահպանիչ” աղոթքով: ԱՄՆ Արևմտյան թեմի 80-ամյակի կապակցությամբ բոլոր մասնակիցները ստացան աղոթագրքեր: ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 3, 2007թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Կարդինալ Ռոջեր Մահոնիի հետ Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Լոս Անջելեսի Կաթոլիկ թեմի արքեպիսկոպոս Կարդինալ Ռոջեր Մահոնիի հետ: Կարդինալ Մահոնին իր ուրախությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետի երրորդ հովվապետական այցի առիթով` հաջողություն մաղթելով Նորին Սրբությանն իր առաքելության մեջ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Կարդինալ Մահոնիի զրույցից հետո տեղի ունեցավ ընդունելություն: Հարկ է նշել, որ 2007թ. օգոստոսի 26-ին, սբ. Հակոբ կաթոլիկ Եկեղեցում Կարդինալ Մահոնին կազմակերպել էր միջոցառում` նվիրված ԱՄՆ Արևմտյան թեմի 80-ամյակին ի վկայություն Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունների: ### ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 3, 2007թ. Հանդիպում ԱՄՆ Արևմտյան թեմի հոգևորականների հետ Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանում, ՙԱրմեն և Գլորիա Համբար՚ սրահում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ թեմի հոգևոր սպասավորների հետ: Վերստին ողջունելով Նորին Սրբությանը` Գերաշնորհ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը շնորհակալություն հայտնեց Հայոց Հայրապետին` իր հրավերին ընդառաջելու և մինչ ԱՄՆ Արևելյան թեմ կատարելիք Հովվապետական այցը ԱՄՆ Արևմտյան թեմ այցելելու համար, ինչն եզակի հնարավորություն ընձեռեց ամենքին վայելելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությունը: Ապա Սրբազանը հնարավորություն տվեց եկեղեցականներին հարցումներ ուղղելու Վեհափառ Հայրապետին: Հարցերը հիմնականում վերաբերում էին աստվածաբանական զանազան խնդիրների: Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը անդրադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր առաքելությանը, ներկայացրեց Մայր Աթոռի կողմից իրագործվող նոր ծրագրերը: Վեհափառը կարևորեց համագործակցությունը Հայոց Եկեղեցու և քույր Եկեղեցիների միջև` միևնույն ժամանակ շեշտելով հայոց ուղղափառ հավատը, ծեսերն ու ավանդույթները կենդանի պահելու անհրաժեշտությունը: Վերջում Նորին Սրբությունը եկեղեցականներին նվերներ փոխանցեց` ի գնահատություն իրենց նվիրյալ ծառայության: ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 3, 2007թ. Հանդիպում ՙԷջմիածնի մանուկներ՚ հիմնադրամի հանձնախմբի հետ Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հանդիպում ունեցավ ՙԷջմիածնի մանուկներ՚ հիմնադրամի հանձնախմբի հետ` ղեկավարությամբ հանձնախմբի ատենապետ Գայանե Թաթուլյանի: ՙԷջմիածնի մանուկներ՚ հիմնադրամը հոգում է Էջմիածնում մանկատան կառուցման ծախսերը: Հանձնախմբի անդամների ջանքերի շնորհիվ հիմնադրամը տարեկան 250 ԱՄՆ դոլար գումար է ապահովում 500 որբերի համար: Հանդիպման սկզբում թեմակալ առաջնորդը Նորին Սրբությանը ներկայացրեց հանձնախմբի անդամներին` անդրադառնալով մարդասիրական այս առաքելության հանդեպ նրանց քրիստոնեկան սիրուն, անձնդիր ծառայությանն ու նվիրումին: Ապա իր օրհնությունն ու գնահատանքը հանձնախմբի անդամներին բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրենիքի բարօրությանն ուղղված` ՙԷջմիածնի մանուկներ՚ հիմնադրամի ծառայության համար: Վերջում հանձնախումբը ի նպաստ Մայր Աթոռի որբախնամ գործունեության քսանհինգ հազար ԱՄՆ դոլար գումարի հատկացում կատարեց: Հանդիպումն ավարտվեց Նորին Սրբության աղոթքով: ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 3, 2007թ. Հանդիպում ՀԲԸՄ տարածքային կոմիտեի անդամների հետ Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց ՀԲԸՄ Հարավային Կալիֆորնիայի մարզային հանձնախմբի հետ` գլխավորությամբ տիար Սինան Սինանյանի: Առաջնորդի ողջույնի խոսքից հետո ՀԲԸՄ Կենտրոնական կոմիտեի անդամ տիար Սինան Սինանյանը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին հակառակ ծանրաբեռնված ժամանակացույցի ՀԲԸՄ հանձնախմբի անդամներին ընդունելու համար: Պրն. Սինանյանը նաև իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը, ում նախաձեռնությամբ ՙՄանուկյան-Դեմիրճյան՚ դպրոցում ներկայիս Արևմտյան թեմի հաստատման 80-ամյակի առիթով մատուռ է կառուցվում: Իր հերթին ՀԲԸՄ տարածքայի կոմիտեի նախագահ Վահե Իմաստունյանը վստահեցրեց Հայոց Հայրապետին, որ ՀԲԸՄ-ը պատրաստակամ է ծառայելուՀայրենիքին և Հայոց Եկեղեցուն իր հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով: Նորին Սրբությունն իր խոսքում օրհնությամբ ու գնահատանքով անդրադարձավ ՀԲԸՄ-ի բազում տարիների նվիրյալ ծառայությանը Հայրենիքին, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Նա վստահություն հայտնեց, որ ՀԲԸՄ-ն միշտ էլ աջակից կլինի Մայր Աթոռին: Հայրապետը տեղեկացրեց նաև ՀԲԸՄ բարերաներ տեր և տիկին Ալեք և Մարի Մանուկայնների մարմինների Մայր Աթոռ փոխադրության և Սուրբ Էջմիածնում ամփոփման մասին: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց խաչքարի օծում, որը տեղադրվելու է ՙՄանուկյան-Դեմիրճյան՚ դպրոցում կառուցվող մատուռում: Հանդիպումն ավարտվեց ՙՊահպանիչ՚ աղոթքով: |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
![]() |
![]() |
![]() |
#2 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Պատասխանը: Pontiffcal Visit of His Holiness to USA
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 5, 2007թ. ՊԱՏՄԱԿԱՆ ՕՐԵՐ ՀԱՅՑ. ԵԿԵՂԵՑՒՈՅ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԹԵՄԷՆ ՆԵՐՍ Ամենայն Հայոց Սրբազնագոյն Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. ժամանեց Արեւելեան Թեմ Չորեքշաբթի Հոկտեմբեր 3, 2007 – Ժամանում Հայաստանեայց Եկեղեցւոյ Ծայրագոյն Պատրիարք եւ Կաթողիկոս Ամենայն Հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Իր շքախումբով Նիւ Ճըրզիի Թիթըրպորօ օդանաւակայանը ժամանեց Չորեքշաբթի Հոկտեմբեր 3, 2007, յետ միջօրէի ժամը 6:10-ին: Նորին Սրբութիւնը կու գար Գալիֆորնիայէն, ուր ժամանած էր Կիրակի Սեպտեմբեր 30-ին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գալիֆորնիոյ օդանաւակայանին մէջ դիմաւորողներուն մաս կը կազմէր նաեւ Արեւելեան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան: Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցած է Լոս Անճէլըսի շրջանի Հայ Դպրոցներու աշակերտներուն հետ, Լոս Անճէլըսի Կաթոլիկ Թեմի Արքեպիսկոպոս Կարտինալ Ռաճըր Սահոնիի հետ, ՙՀրաշափառ՚ի արարողութիւն կատարուած է Փասատինայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ եւ Վեհափառ Հայրապետը օծումը կատարած է նորակառոյց Եկեղեցւոյ Ս. Խորանի ինչպէս նաեւ Արեւմտեան Թեմի Մայր Տաճարի հողի օրհնութիւնը եւ նախագահած է Արեւմտեան Թեմի հաստատման 80-ամեակի հանդիսաւոր ճաշկերոյթին: * * * Ամերիկայի Առաջնորդական Թեմը հաստատուած է Ամենայն Հայոց Կաթողիկոս երջանկայիշատակ Մկրտիչ Խրիմեան Հայրապետի 1898 թուակիր սրբատառ Կոնդակով: Մօտ երեսուն տարի ետք` 1927 թուակիր սրբատառ Կոնդակով երջանկայիշատակ Գէորգ Ե. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գալիֆորնիոյ Թեմը որպէս առանձին առաջնորդական վիճակը հաստատած է: * * * Նիւ Ճըրզիի Թիթըրպորօ օդանաւակայանին մէջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմաւորեցին եւ ողջունեցին Ամերիկայի Արեւելեան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան, Թեմական Պատուիրակ եւ Միջ-Եկեղեցական Յարաբերութեան Վարիչ Տնօրէն Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեան, Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Արեւելեան Թեմի Առաջնորդական Փոխանորդ Հոգշ. Տ. Հայկազուն Ծ. Վրդ. Նաճարեան, ՄԱԿ-ի մօտ Հայաստանի Հանրապետութեան մնայուն եւ լիազօր դեսպան Տիար Արմէն Մարտիրոսեան, շրջանի հոգեւորականները, Թեմական Խորհուրդի անդամներ, Հայ Օգնութեան Ֆոնտի Տնօրէններու Մարմնի անդամներ, ինչպէս նաեւ Սրբոց Նահատակաց (Նիւ Եորք) եւ Յովնանեան (Նիւ Ճըրզի) Հայկական Վարժարաններու աշակերտներ` իրենց տնօրէններով եւ շրջանի Ծխական Խորհուրդներու անդամներ ու հաւատացեալներ: Ամենայն Հայոց Սրբազնագոյն Կաթողիկոսի շքախումբին մաս կը կազմեն` Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Եզրաս Եպս. Ներսիսեան, Մայր Աթոռի դիւանապետ Գերշ. Տ. Արշակ Եպս. Խաչատրեան, գաւազանկիր Հոգշ. Տ. Յովնան Աբղ. Յակոբեան, Մայր Աթոռի տեղեկատուական համակարգի օտարլեզու լրատուութեան պատասխանատու Արժշ. Տ. Կտրիճ Քհնյ. Տէվէճեան, ինչպէս նաեւ Մայր Աթոռի ՙՇողակաթ՚ հեռուստատեսութեան գլխաւոր պատկերահան Տիար Սուրէն Տէր Գրիգորեան: Նորին Սրբութեան շքախումբին կ’ընկերակցէր Ամերիկայի Արեւմտեան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեան: ՙԱղ ու հաց՚ի աւանդական օրհնութենէն ետք, ներկաները տեղ գրաւեցին օդանաւակայանի սրահին մէջ: Բացման խօսքը ըրաւ Հովուապետական Այցելութեան Նիւ Եորքի Յանձնախումբի ատենապետ Տիար Ռօյ Ստեփանեան: Բարի գալուստի խօսքին մէջ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան ըսաւ. ՙՎեհափառ Տէր, Ձեր գալուստը օրհնութիւն կը բերէ մեզի, կը խանդավառէ մեր ժողովուրդը, եւ Ձեր զաւակները ամէն շրջանի մէջ անհամբերութեամբ կը սպասեն Ձեր այցելութեան. այցելութիւն` որ հաւատքը տուն պիտի բերէ եւ հաւատացեալներու հոգիները աւելի պիտի զօրացնէ. պիտի զօրացնէ նաեւ հոգեւոր կապը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ մեր Մայր Հայրենիքին հետ: Կ’աղօթենք որ Տէրը Ձեզի առաւել քաջառողջ եւ արեւշատ տարիներ շնորհէ` որպէս զի արժանի ըլլանք Ձեր այցելութեանց եւ օրհնութիւններուն՚: Վեհափառ Հայրապետը պատասխանելով Իրեն ուղղուած բարի գալստեան խօսքերուն, ըսաւ. ՙԱնակնկալ էր. Մեզ համար դիմաւորումի այս արարողութիւնը անակնկալ էր, որ պատրաստուած էր ձեր կողմէ` Հովուապետական Մեր այցելութեան առաջին իսկ պահին` երբ ոտք դրեցինք Արեւելեան Թեմի տարածքից ներս: Հաճելի է մասնաւորապէս որ Մեզ դիմաւորեցին պայծառ դէմքերը, ժպտուն դէմքերը, անմեղ հայեացքով մեր սիրելի ու անուշիկ զաւակները: Մենք Մեր գնահատանքն ենք բերում ձեզ` սիրելի Սրբազան` այսպիսի անակնկալ ուրախութիւն Մեզ մատուցելու համար: Մեր գնահատանքը Թեմական Խորհուրդին, եկեղեցու սպասաւորներին եւ Մեր բարեպաշտ հաւատաւոր զաւակներին, որ այս պահին այստեղ էք` բերելու Հայոց Հայրապետին ձեր սիրոյ, ձեր հաւատարմութեան վստահեցումը՚: Ապա տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որուն աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի շքախումբը, ուղեկցութեամբ ոստիկանական չորս ինքնաշարժներու, առաջնորդուեցաւ Կրանտ Հայեաթ պանդոկը: Ամենայն Հայոց Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. հովուապետական այցելութեամբ Արեւելեան Թեմին մէջ պիտի գտնուի մինչեւ Նոյեմբեր 1: Ան պիտի այցելէ հետեւեալ շրջանները. Նիւ Եորք, Նիւ Եորք (Հոկտեմբեր 3-5) Պոսթոն, Մասսաչուսէց (Հոկտեմբեր 5-8) Ուաշինկթըն Տի. Սի. (Հոկտեմբեր 9-11) Շարլօթ, Նորթ Գարոլայնա (Հոկտեմբեր 11-13) Սէյնթ Փիթըրզպըրկ, Ֆլորիտա (Հոկտեմբեր 13-14) Հարաւային Ֆլորիտա (Հոկտեմբեր 15-16) Նիւ Օրլինզ, Լուիզիանա (Հոկտեմբեր 17) Պաթոն Ռուժ, Լուիզիանա (Հոկտեմբեր 17-18) Տալլաս, Թէքսաս (Հոկտեմբեր 18-19) Հիւսթըն, Թէքսաս (Հոկտեմբեր 20-21) Գլիվլընտ, Օհայօ (Հոկտեմբեր 22-23) Ռէյսին, Ուիսքանսըն (Հոկտեմբեր 23) Շիգակօ, Իլլինոյս ( Հոկտեմբեր 24-25) Միննէափոլիս/Սէյնթ Փօլ, Միննիսոթա (Հոկտեմբեր 25-26) Նիւ Եորք, Նիւ Եորք (Հոկտեմբեր 26) Ֆէրլոն, Հիւսիսային Նիւ Ճըրզի (Հոկտեմբեր 27) Նիւ Եորք, Նիւ Եորք (Հոկտեմբեր 28) Էլպըրոն, Կեդրոնական Նիւ Ճըրզի (Հոկտեմբեր 29) Նիւ Եորք, Նիւ Եորք (Հոկտեմբեր 30) Տիթրոյթ, Միշիկըն (Հոկտեմբեր 31 – Նոյեմբեր 1) Առաջնորդարանի www.pontificalvisit.org կայքէջը Առաջնորդարանի վերոյիշեալ կայքէջին միջոցաւ օրը օրին կարելի պիտի ըլլայ հետեւիլ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցելութեան յայտագիրներու ձայներիզներուն: ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՄՆ ԱՐԵՒԵԼԵԱՆ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ Հոկտեմբեր 4, 2004 Նիւ Եորք, Ն.Ե. ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 6, 2007թ. ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ՆԻՒ ԵՈՐՔԻ ՄԷՋ Հինգշաբթի, Հոկտեմբեր 4, 2007 Հանդիպում Առաջնորդարանի անձնակազմին հետ Ամենայն Հայոց Սրբազնագոյն Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Իր շքախումբով Նիւ Եորքի Առաջնորդարանը ժամանեց Հինգշաբթի Հոկտեմբեր 4, յետ միջօրէի ժամը 12:15-ին` Առաջնորդարանի, Հայ Օգնութեան Ֆոնտի եւ Հայ Եկեղեցւոյ Հիմնադրամի անձնակազմին հետ կէսօրուան ճաշին նախագահելու համար: Առաջնորդարանի համալիրի ՙՃի՚ սրահի մուտքին ներկաները խմբական լուսանկար առին Նորին Սրբութեան հետ, ապա սրահին մէջ իրենց տեղերը գրաւեցին: Վեհափառ Հայրապետի սեղանի օրհնութենէն ետք` Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան բաժակ բարձրացուց Ամենայն Հայոց Հայրապետի քաջառողջութեան եւ կենացը եւ իր բացման խօսքին մէջ ըսաւ. ՙՈւրախ ենք որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ամերիկայի Արեւելեան Թեմին տուած Իր հովապետական այցելութեան առաջին օրերուն իսկ կը մասնակցի Առաջնորդարանի ընտանիքի անդամներուն կէսօրուան ճաշին: Երջանիկ ենք որ մեր ընտանիքին հայրը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեզի հետ է այսօր: Այսօր Դուք, Վեհափառ Տէր, մօտէն պիտի ծանօթանաք այս ընտանիքի անդամներուն եւ Ձեր օրհնութիւնները պիտի տաք անոնցմէ իւրաքանչիւրին՚: Իր խօսքէն ետք` Սրբազան Հայրը ներկայացուց Նորին Սրբութեան շքախումբը. Ամերիկայի Արեւմտեան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեան, Նոր Նախիջեւանի եւ Ռուսիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Եզրաս Եպս. Ներսիսեան, Թեմական Պատուիրակ եւ Միջ-Եկեղեցական Յարաբերութեանց Վարիչ Տնօրէն Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեան, Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Մայր Աթոռի դիւանապետ Գերշ. Տ. Արշակ Եպս. Խաչատրեան, գաւազանակիր Հոգշ. Տ. Յովնան Աբղ. Յակոբեան, Մայր Աթիռի լրատուութեան պատասխանատու Արժշ. Տ. Կտրիճ Քհնյ. Տէվէճեան: Առաջնորդ Սրբազան Հայրը իր ուրախութիւնը յայտնեց որ ներկայ է նաեւ Առաջնորդարանի Թեմական Խորհուրդի գանձապահ, Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի անդամ եւ ատենապետը Հովուապետական Այցելութեան Կեդրոնական Յանձնախումբի Տիար Ճէյմս Գալուստեանը: Սրբազան Հայրը արտայայտուեցաւ Առաջնորդարանի զանազան բաժանմունքներուն մասին եւ խնդրեց որ իւրաքանչիւր պաշտօնեայ առանձնապէս ներկայացնէ ինքզինք` տալով իր անունը եւ արտայայտուի իր պաշտօնին մասին: Վեհափառ Հայրապետը իր խօսքին մէջ ըսաւ թէ ուրախ է որ Իր հովուապետական այս այցելութեան ընթացքին առիթը ունեցաւ ծանօթանալու Առաջնորդարանի պաշտօնէութեան ամբողջական կազմին: Անպաշտօն այցելութիւններու ընթացքին ծանօթացած էր կարգ մը պաշտօնեաներու հետ, սակայն առաջին անգամն էր որ կը հանդիպէր բոլոր պաշտօնեաներուն: Այս հանդիպումով Ինք պատեհութիւնը կ’ունենար ծանօթանալու Առաջնորդարանի ամբողջական կառոյցին: ՙ. . . Ելլելով այն իրողութիւնից թէ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Ամերիկայի Արեւելեան Թեմի Առաջնորդարանը կազմակերպուած լաւագոյն Թեմերից է, անվերապահօրէն հաստատում եմ որ ձեր ծառայութիւնները արդիւնաւէտ են եղել: Հաճելի էր ինծի համար ձեզմէ իւրաքնաչիւրէն լսել որ այս ընտանիքի անդամ է, եւ դուք ձեր կարելիութիւնների եւ կարողութիւնների առաւելագոյնը կը ներդրէք ձեր պաշտօններին մէջ: Ձեր ծառայութեան որակից պայմանաւորուած է նաեւ ձեր թեմի որակը: Իմ գնահատանքն են յայտնում Մեր սիրելի Սրբազանին` Խաժակ Սրբազանին որ ձեռնհասութեամբ վարում է առաջնորդական պարտականութիւններ Արեւելեան թեմում: Յոյս ունեմ որ տակաւին Աստուած երկար տարիներ կը շնորհի Սրբազանին` որպէս զի կարողանայ իր ծառայութիւնը շարունակել մեր եկեղեցուն, եւ մեր եկեղեցուն միջոցաւ մեր ժողովուրդին: Թող Սրբազանի նախանձախնդրութեան ոգին վարակի բոլորիդ: Ընտանեկան մթնոլորտի ստեղծումը պայմանաւորուած է Առաջնորդի վերաբերմունքով, կեցուածքով եւ կարգապահական ոգով: Շարունակեցէք ձեր ծառայութիւնը ի սպաս դնել ձեր եկեղեցուն, ձեր հայրենիքին ու ձեր համայնքին: . . . Եւ քանի որ այս սեղանին շուրջ համախմբուած է ողջ պաշտօնէութիւնը, եւ հովուապետական Մեր երկրորդ այցն է որ Մենք կը կատարենք, այստեղ պատշաճ է որ մեր գնահատանքը պաշտօնէութեան նկատմամբ որոշակի, շօշափելի դրսեւորում ունենայ, եւ նաեւ նկատի ունենալով որ այս սեղանի շուրջ միայն մէկ անձ էր որ վեր կացաւ եւ ասաւ որ այս հաստատութեան մայրն է, պատշաճ կը նկատեմ որ Մեր գնահատանքը պաշտօնէութեան արտայայտենք ի դէմս ձեր մօր` Տիկին Ճագլինին, որ մայրն է այս հաստատութեան եւ այցելու եկեղեցկաններին` այնքան համեղ հիւրասիրութիւններ է մատուցում եւ առաջին տպաւորութիւններու շարքում հաստատւում ճշմարտութիւնը բարեհամբոյր բնաւորութեամբ եւ սպասարկութեամբ, եւ որպէս շնորհակալութիւն` սիրով տիկին Ճագլինի երկարմեայ ծառայութիւնը գնահատելեով Առաջնորդարանէս ներս ցանկանում եմ Հայրապետական սրբատառ Կոնդակով Տիկին Ճագլինին կուրծք զարդարել Ս. Ներսէս Շնորհալի շքանշանով՚: Բոլոր ներկաներու բուռն եւ երկարատեւ ծափահարութիւններուն ներքեւ Առաջնորդարանի մայրախնամ հոգատար Տիկին Ճագլին Տշխունեան մօտեցաւ Վեհափառ Հայրապետին ստանալու իր շքանշանը: Սրբատառ Կոնդակը կարդաց Գերշ. Տ. Արշակ Եպս. Խաչատրեան: Վեհափառ Հայրապետի թելադրութեամբ` Մայր Աթոռի դիւանապետ Գերշ. Տ. Արշակ Եպս. Խաչատրեան բացատրութիւններ տուաւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բաժանմունքներուն, կազմակերպչական, եկեղեցաշինական եւ ճարտարապետական աշխատանքներուն, Հոգեւոր Ճեմարաններուն, Մայր Աթոռի եւ այլ թեմերու յարաբերութեանց, Հայորդեաց Տուներուն եւ ՙՇողակաթ՚ հեռուստատեսութեան կայանին մասին: Ամենայն Հայոց Սրբազանգոյն Կաթողիկոսի փակման աղօթքով վերջ գտաւ Առաջնորդարանի պաշտօնէութեան համար հոգեպարար այս հանդիպումը, որուն աւարտին ներկաները առիթ ունեցան առանձնապէս լուսանկարուելի Նորին Սրբութեան հետ: Ցուցահանդէս Միացեալ Ազգերու կազմակերպութեան կեդրոնի սրահին մէջ Յետ միջօրէի ժամը 4:30-ին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իր շքախումբով մեկնեցաւ Միացեալ Ազգերու Կազմակերպութեան կեդրոնը` ուր ռուսական ՙԻթար-Թաս՚ լրատուական կեդրոնի կազմակերպութեամբ տեղի ուեցաւ ցուցահանդէս ՙՌուս Ուղղափառ Եկեղեցի եւ Միջ-Կրօնական Երկխօսութիւն եւ Ռուսիոյ Հոգեւոր Վերազարթօնքը՚ նիւթին շուրջ: Այս ձեռնարկը կը հովանաւորուէր ՄԱԿ-ի մօտ Ռուսիոյ մնայուն ներկայացուցիչ Ն.Վ. Վիթալի Չըրքինի, Ծայրագոյն Պատրիարք եւ Կաթողիկոս Ամենայն Հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.ի, Ամերիկայի Արեւելեան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանի, Նոր Նախիջեւանի եւ Ռուսիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Եզրաս Եպս. Ներսիսեանի եւ Մոսկուայի Պատրիարքարանի ներկայացուցչութեան քարտուղար Արժշ. Տ. Ալեքսանտր Ա. Քհնյ. Ապրամովի: Ընթրիք Միջ-Եկեղեցական կազմակերպութիւններու ղեկավարներուն հետ Յետ միջօրէի ժամը 6:00-ին` Առաջնորդարանի դահլիճին մէջ Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանի հրաւէրով` ընթրիքի հրաւիրուած էին ՙՀրաշափառ՚ի արարողութեան մասնակցող Հայ հոգեւորականներ եւ Միջ-Եկեղեցական կազմակերպութիւններու ղեկավարներ` նախագահութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: ՙՀրաշափառ՚ի արարողութիւն Երեկոյեան ժամը 7:30-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. ամպհովաննիի ներքեւ թափօրով Ս. Վարդան Մայր Տաճար առաջնորդուեցաւ: Ամպհովանին կը կրէին Առաջնորդարանի Թեմական Խորհուրդի անդամներ: Թափօրը կ’առաջնորդէր Ս. Վարդան Մայր տաճարի լուսարարապետ Արժշ. Տ. Մարտիրոս Քհնյ. Չեւփան: Թափօրին մաս կը կազմէին Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան, Գերշ. Տ. Եղիշէ Արք. Կիզիրեան, Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեան, Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեան, Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյեան, Գերշ. Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Գերշ. Տ. Արշակ Եպս. Խաչատրեան, ինչպէս նաեւ հոծ թիւով հայ վարդապետներ, քահանաներ եւ այլ յարանուանութեանց ներկայացուցիչ եկեղեցականներ: Ս. Վարդան Մայր Տաճարին մէջ հաւատացեալներու յոգնախուռն բազմութիւն մը ներկայ էր: Մինչեւ Ս. Խորան բարձրանալը Ամենայն Հայոց Հայրապետը Իր օրհնութիւնները բաշխեց ներկաներուն` մինչ երգչախումբը` ղեկավարութեամբ խմբավար Խորէն Մէյխանէճեանի եւ ընկերակցութեամբ ծանօթ երգեհոնահար Հոգշ. Տ. Մամիկոն Վրդ. Քիլէճեանի ՙՀրաշափառ՚ շարականը կ’երգէր: Մայր Տաճարի Ս. Խորանին վրայ տեղ գրաւելէ ետք` Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան հետեւեալ խօսքը արտասանեց. ՙ Վեհափառ Տէր, Հոգեկան անխառն ուրախութեամբ եւ յանուն Հայց. Առաքելական Եկեղեցւոյ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Թեմի հոգեւորականաց դասուն, Թեմական Խորհուրդին եւ համայն հաւատացեալ ժողովուրդին` բարի գալուստ կը մաղթենք Ձերդ Սրբութեան` այս շնորհաբեր հովուապետական այցելութեան առիթով: Ձերդ Սրբութեան Ամերիկայի Արեւելեան Թեմին տուած հովուապետական այս այցելութեան կարգախօսն է ՙՀովուական այցելութիւն` հաւատքը տուն բերող՚, եւ ո°վ կրնար հաւատքը տուն բերել` եթէ ոչ Ամենայն Հայոց Սրբազնագոյն եւ Ընդհանրական Կաթողիկոսը: Մենք փառք կու տանք Ամենակալ Աստուծոյ` որ Հայ Ժողովուրդի հաւատքի եւ խղճի ազատութեան մեծագոյն հերոսներէն զօրավար Վարդան Մամիկոնեանի անմոռաց յիշատակին նուիրուած այս Սուրբ Տաճարին մէջ մենք բախտաւորութիւնը ունինք ողջունելու Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետի 132-րդ յաջորդը` Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Երկրորդը: Այս Տաճարը 1968 թուականին օծեց երջանկայիշտական Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը. եւ մենք այսօր նոյն Տաճարին մէջ բարի գալուստ կը մաղթենք Անոր աշակերտին եւ յաջորդներէն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին: Մեր Թեմի եւ կամ որեւէ Թեմի, հաւատացեալներուն համար խիստ կարեւոր են Հովուապետական այցելութիւնները, որոնք կը նպաստեն հոգեւոր վերազարթօնքի եւ կը զօրացնեն յարաբերութեան կապը Ամենայն Հայոց Կաթողիկոսական Աթոռին եւ գահակալող Հայրապետին հետ: ՙՀաւատքը տուն բերող հովուական այցելութեան՚ ընթացքին Ձեր աչքերով պիտի տեսնէք ու վկայէք այս Թեմին մէջ կատարուած աշխատանքները եւ ապագայի ծրագիրները: Աւելի մօտէն պիտի ծանօթանաք Արեւելեան Թեմի Ձեր զաւակներուն, պիտի լսէք անոնց կազմած ծրագիրներուն, սնուցած յոյսերուն եւ ունեցած մտահոգութիւններուն մասին: Եւ ես վստահ եմ որ հաւատացեալներն ալ իրենց կարգին ուշադրութեամբ պիտի ուկնդրեն Ձերդ Սրբութեան կենդանի պատգամները եւ պիտի հետեւին անոնց: Նոյն ատեն անոնք պիտի տեղեկանան` Ձերդ Սրբութեան անմիջական հսկողութեան եւ առաջնորդութեան ներքեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կատարած գործունէութեանց մասին. հոգեւոր վերազարթօնք Մայր Հայրենիքի մէջ, եկեղեցաշինութիւն, հին տաճարներու վերանորոգում, հոգեւոր ճեմարաններու արձանագրած յաջողութիւններ, քրիստոնէական դաստիարակութեան տարածում, եկեղեցիի եւ պետութեան յարաբերութեանց բարելաւում, ձեռնադրուած երիտասարդ եկեղեցականներու փաղանգ եւ արտասահմանեան թեմերուն պատրաստուած հոգեւորականներ տրամադրելու կարողութիւն, բարեսիրական եւ առողջապահան հաստատութիւններ, եւ կարելի է յաւելեալ թուումներ եւս ընել: Այս բոլոր գործունէութեանց եւ իրագործումներուն շնորհիւ` այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, փառք Աստուծոյ, մեր օրերու ընձեռած պայմաններուն ներքեւ եւ ազատ ու անկախ Մայր հայրենիքի մէջ առաւել եւս կը բարգաւաճի շնորիւ Ձերդ Սրբութեան հեռատես, իմաստուն եւ աշխոյժ առաջնորդութեան ու ղեկավարութեան: Դարձեալ բարի գալուստ կը մաղթենք Ձեզի, Վեհափառ Տէր: Աղօթող ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի անսասանութեան եւ անոր Գահակալի արեւշատութեան համար` որպէս զի Ս. Գրիգոր Լուսաւորիչի օրհնութիւնները անպակաս ըլլան մեր բոլորին վրայէն: Այժմ կը հրաւիրեմ Ձեզ` որպէս զի Ձեր պատգամով խանդավառէք ու մխիթարէք ներկայ հաւատացեալները՚: Ամենայն Հայրապետը պատախանելով Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանի բարեգալստեան խօսքին` Իր գոհունասկութիւնը յայտնեց որ այսքան հոծ թիւով Հայ եւ քոյր եկեղեցիներու հոգեւորականներ եւ հաւատացեալներ ներկայ են բարի գալուստ մաղթելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Ս. Էջմիածնի եւ ազատ ու վերածնած Մայր հայրենիքի ողջոյնները փոեանցելով բոլորին` ի մէջ այլոց ըսաւ. ՙ. . . Սիրելիներ, ձեր ընտանիքների կեանքին պատմութիւնն է մեր պատմութիւնը. այն սկիզբ է առնում պանդխտութեան մէջ ձեր հայրերի տքնաջան աշխատանքով, արդար վաստակով եւ այդ վաստակի արդիւնքը Հայ Եկեղեցու, Հայ դպրոցին, ազգային խնամատար ու մշակութային հաստատութիւններին ընծայաբերումով, զոհողութեամբ ու անմնացորդ ծառայութեամբ ազգային մեր կեանքին: Միացեալ Նահանգների մէջ գտնելով ազատ ու խաղաղ կեանք, մեր ժողովուրդին զաւակները ստեղծեցին ու ձեռք բերեցին բարեկեցութիւն, հասան յաջողութիւնների, դարձան ազնիւ ու վստահելի քաղաքացիները Ամերիկայի, նաեւ ճանաչուած մասնագէտներ, մշակոյթի անուանի գործիչներ` վաստակ բերելով իրենց նոր հայրենիքի առաջընթացին եւ միաժամանակ մնալով հարազատ որդիները հինաւուրց Հայ ժողովուրդին, շառաւիղները առաջին քրիստոնեայ պետութեան՚: Երգչախումբը, որ կազմուած էր Նիւ Եորքի, Նիւ Ճըրզիի եւ Թրամպըլի (Գընէթիքէթ) դպրաց դասերու անդամներով, ներդաշնակօրէն երգեց ՙՈւրախ Լեր՚ը, ՙՀայր Մեր՚ը, ՙԷջմիածին ի Հօրէ՚ն եւ ՙՀայրապետական Օրհներգը՚: Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխաւորած հոգեւորականներու թափօրը Մայր Տաճարէն դուրս ելլելէ ետք` բոլորը մասնակցեցան ճոխ հիւրասիրութեան, որ տեղի ունեցաւ Հայկ եւ Ալիս Գավուքճեան շքեղ հանդիսասրահին մէջ: Այս առիթով ներկաները պատեհութիւնը ունեցան մօտէն հանդիպելու Ամենայն Հայոց Հայրապետին, խօսելու Անոր հետ եւ լուսանկարուելու: Հիւրասիրութենէն ետք` Ամենայն Հայոց Կաթողիկոսը` Իր շքախումբով եւ ներկայ Հայ եկեղեցականներով ճամբայ ելաւ դէպի Մանհասէթի շրջանին մէջ գտնուող Սէյնթ Իկնիշըս Առանձնացման Կեդրոնը: Ուրբաթ, Հոկտեմբեր 5 - Առանձնացում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.ի նախագահութեամբ` Արեւելեան Թեմի զանազան շրջաններէն եկած հոգեւորականներ առանձնացումի յայտագիրին պիտի մասնակցին Սէյնթ Իկնիշըս Առանձնացման Կեդրոնին մէջ: Օրուան օրակարգը հետեւեալը պիտի ըլլայ. Առաւօտեան ժամը` 8:00 – 9:00 Նախաճաշ 9:00 Ամենանյն Հայոց Կաթողիկոսի ժամանում 9:00 – 10:00 Արեւագալի Ժամերգութիւն 10:00 – 12:00 - Առաջնորդ Սրբազան Հօր բարի գալստեան խօսքը - Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը - Զրոյց Նորին Սրբութեան հետ Յետ միջօրէի ժամը` 12:00 – 1:00 Կէսօրուան ճաշ 1:00 – 1:05 Խմբային նկար 1:05 – 1:30 Դադար 1:30 – 2:15 ՙՊետութեան եւ Եկեղեցիի Յարաբերութիւնը՚ Գերշ. Տ. Արշակ Եպս. Խաչատրեան Դիւանապետ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ներկայացուած նիւթին մասին հարց-պատասխան 2:15 – 2:30 Դադար 2:30 – 3:15 ՙՌուսիոյ Հայոց Առաջնորդական Թեմը՚ Գերշ. Տ. Եզրաս Եպս. Ներսիսեան Առաջնորդ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմի Ներկայացուած նիւթին մասին հարց-պատասխան Նոյն երեկոյեան Նորին Սրբութիւնը, Իր շքախումբին հետ, Լոնկ Այլընտի օդանաւակայանէն պիտի մեկնի դէպի Պոսթոն: ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՄՆ ՀԱՅՈՑ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԹԵՄԻ Հոկտեմբեր 5, 2007 Նիւ Եորք, Ն. Ե. |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
![]() |
![]() |
![]() |
#3 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Պատասխանը: Pontiffcal Visit of His Holiness to USA
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 8, 2007թ. Հանդիպում 300 երիտասարդների հետ Հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբով ժամանեց Բոսթոն, ուր երեք օրերի ընթացքին մասնակցեց մի շարք միջոցառումների և արարողությունների: Վեհափառ Հայրապետը Վոթերթաունի Սուրբ Հակոբ եկեղեցում հանդիպում ունեցավ մանուկների հետ: Կիրակի Քեմբրիջի Սուրբ Երրոդություն եկեղեցում մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ: Նորին Սրբությունն այցելեց նաև Քենեդու գրադարան, եղավ Ամերիկայի թանգարանում: Այս օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոսը կկատարի նաև Բոսթոնից հյուսիս գտնվող Հայ Փոյնթեում կառուցվող հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, կայցելի Հոլոքոսթի հուշահամալիր: Ուրբաթ երեկոյան Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ 18-45 տարեկան բոստոնաբնակ երեք հարյուր հայորդիների հետ: Հայոց Հայրապետի այցի առիթով կազմակերպվել էր հանդիսություն, որի ընթացքին երիտասարդները հանդես եկան երաժշտական կատարումներով և ասմունքով: Մի քանի գեղեցիկ համարներ ներկայացրեց Բոսթոնի ՙՍայաթ-Նովա՚ պարային համույթը: Հանդիսության ընթացքին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը երեկույթի մասնակիցներին ներկայացրեց Ամենայն Հայոց Հայրապետին, ապա շնորհակալություն հայտնեց հայորդիներին իրենց մասնակցության համար այս կարևոր հանդիպմանը. ՙԴուք ճշմարտապես վկայում եք ձեր հավատի մասին` կատարելով ձեր ընտրությունը և ձեր մասնակցությամբ արտահայտելով ձեր սերն ու հարգանքը ձեր հավատի, Եկեղեցու և մեր սիրեցյալ Հայրապետի հանդեպ՚: ՙՆորին Սրբության Հովվապետական այցն անց է կացվում ՙՀովվական ճամփորդություն - հավատը` մեր հարկերին՚ կարգախոսի ներքո: Ինչպես տեսնում եք, Նորրին Սրբությունը սիրում է իր զավակներին և ցանկանում է լսել ձեր մտահոգությունների, կարիքների և ակնկալիքների մասին: Ձեր ներկայությունն այստեղ հնարավորություն է ընձեռում Վեհափառ Հայրապետին լսելու ձեզ, ավելին ճանաչելու և սիրելու ձեզ՚,- նշեց Սրբազան Հայրն իր խոսքում: Հանդիսության ավարտին իր պատգամը ներկաներին փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` իր գնահատանքն ու օրհնությունը հայտնելով նրանց խանդավառության ու բացառիկ ընդունելության համար: ՙՁեր խանդավառությունը մեծապես ներշնչել է մեզ և մեծ բերկրանք պարգևել մեր հոգուն: Սա պտուղն է ձեր ծնողների և ձեր հոգևոր հովիվների, ովքեր ջանացել են կրթելու ձեզ իբրև հավատարիմ զավակներ մեր Մայր Եկեղեցու՚, - նշեց Նորին Սրբությունը` կարևոր նկատելով հայոց քրիստոնեական հավատի առկայությունն իրենց կյանքում և հրավիրելով բոլոր հայորդիներին` իրենց հավատին հավատարիմ ապրել: ՙԿիրակի, երբ ձեզ հետ միասին մասնակցում ենք Սուրբ Պատարագի, մենք վկայում քրիստոնեական մեր հավատն ու ժառանգությունը, որ 1700 տարի շարունակ մեզ են փոխանցել մեր հայրերը և մայրերը: Մոտեցեք Աստծուն, սիրեցեք ձեր Եկեղեցին, եղեք հավատավոր ամերիկացիներ և երբեք մի մոռացեք ձեր հայ քրիստոնեական ինքնությունը` այն բելերով ձեր հարկերից ներս իբրև անբաժանելի մաս ձեր ամենօրյա կյանքի՚, - ասաց Հայոց Հայրապետը: 30-օրյա Հովվապետական այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելելու է ԱՄՆ 13 նահանգների 18 քաղաքներ: ### ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 8, 2007թ. Ճաշկերույթ ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հոկտեմբերի 6-ին Բոսթոնի Ֆեյրմոնթ Քոփլի հյուրանցում տեղի ունեցավ ճաշկերույթ ի պատիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, որին մասնակցում էին շուրջ 350 հյուրեր: Երեկույթի ընթացքին Նորին Սրբությանը ողջունեցին Բոսթոնի Հույն Ուղղափառ Եկեղեցու Մետրոպոլիտ Մեթոդիոսը, Հռոմեակաթոլիկ Եկեղեցու Բոսթոնի թեմի կարդինալ Շոն Օ’ Մելլին և Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ, ԱՄՆ Արևելյան թեմի թեմական խորհրդի գանձապահ պրն. Ջեյմս Գալուստյանը, ով հանդիսանում է հովվապետական այցի կոմիտեի նախագահը, Նյու Ինգլանդ նահանգի` հովվապետական այցի կազմակերպիչ տարածքային կոմիտեի նախագահ պրն. Հայկ Դերանյանը: Իր խոսքում Պրն. Գալուստյանը նշեց. ՙՀայ քրիստոնեական ոգին և հոգին կենդանի են Ամերիկայի հայորդիների մեջ: Մենք ողջունում ենք Ձեզ և աղոթում, որ Տերը շարունակ ձեզ շնորհի ուժ, իմաստություն և քաջառողջություն, որպեսզի իրականացնեք Տիրոջ կամքը հանուն մեր սիրեցյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայ Առաքելական Եկեղեցու և Ձեր սիրելի զավակների՚: Բոսթոնի Հույն Ուղղափառ Եկեղեցու Մետրոպոլիտ Մեթոդիոսն իր հերթին գնահատանքի խոսքեր ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին և հորդորեց ներկաներին հավատարիմ մնալ սեփական ժառանգությանը, ավանդույթներին ու մշակույթին: ՙՀույն և հայ համայնքներն իրենց մեծ ներդրումն ունեն աշխարհի պատմության մեջ: Ես կցանկանայի, որ դուք մաս չդառնայիք ամերիկյան խառնարանի, այլ շարունակեիք մնալ իբրև հայկական խճանկարի մաս, ուր մենք նպաստում ենք այդ ազգի մեծությանը` առանց զոհաբերելու մեր ինքնությունը՚: Կարդինալ Շոն Օ’Մելլին ևս իր բարեմաղթանքներն ուղղեց Նորին Սրբությանը` մասնավորապես ասելով. ՙՁեր Կաթողիկոսը ոչ միայն ձեր հոգևոր առաջնորդն է, այլև ճանաչված է որպես հզոր կրոնապետ ողջ աշխարհում՚: Իր խոսքում նա անդրադարձավ նաև միջեկեղեցական հարաբերություններին` հորդորելով հավաքվածներին հանուն միասնականության աղոթելու անհրաժեշտության մասին: Այնուհետև ներկաներին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը. ՙԳարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ուսերին է հայոց պատմության, քրիստոնեական ժառանգության և ինքնության ողջ ծանրությունը: Սակայն փոխարեն լծի, Վեհափառ Հայրապետը ուրախ և խոնարհ սրտով կրում է այդ պատասխանատվությունը` բոլորիս կոչելով Քրիստոսակենտրոն կյանքի՚: Սրբազանը նշեց, որ Հայրենիքը և ողջ Սփյուռքը Հայոց Հայրապետի առաջնորդությամբ կարող են զորության, հոգևոր առաջնորդության և խոստումնալի ապագայի վստահություն ունենալ՚: Այնուհետեւ ներկաներին իր պատգամն ուղղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը: ՙՄեր երկիրը և պատմությունը կրում են վկայությունը Աստծո խնմաքի և հոգածության մասին: Մեծ ջրհեղեղից հետո Աստված Արարատ լեռան ստորոտում վերահաստատեց մարդկության կյանքը, և այդ նույն սրբազան վայրում Նա ուխտ կապեց արդար Նոյ նահապետի հետ` Աստծո և մարդու միջև առաջին ուխտը: Հետագային Աստված մեր ժողովրդին մեկ անգամ ևս շնորհեց Միածին Որդու Էջքը, և հայոց հողի վրա Իր ընտրյալ ազգի` առաջին քրիստոնյա ազգի համար հաստատեց աղոթքի Իր տունը՚, - նշեց Նորին Սրբությունը: ### ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 9, 2007թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բոստոնում ծաղկեպսակ դրեց Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին Հոկտեմբերի 8-ին Բոսթոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձան` իր հարգանքի տուրքը մատուցելու Հոլոքոստի զոհերի հիշատակին: Ամենայն Հայոց Հայրապետին ուղեկցում էին Բրուքլինի Բեթ Զիոն տաճարի հովիվ Ռաբբի Մոշե Ուոլդոկսը, Նյու Ինգլանդի լիգայի տարածքային ղեկավար Էնդրյու Տերսեյը և ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը ծաղկեպսակ զետեղեց, ապա Նորին Սրբությունը և Ռաբբի Մոշե Ուոլդոկսը աղոթեցին նահատակների համար` աղերսելով Աստծուն, որ նման ոճրագործություններ այլևս տեղի չունենան ոչ մի ազգի կյանքում: Երկու հոգևոր առաջնորդները մտահոգություն հայտնեցին, որ այսպիսի դաժանությունների ճանաչումը, դատապարտումը և կանխումը լինի հաստատուն, հատկապես Դարֆուրի ժողովրդի համար, որոնց հանդեպ այժմ ցեղասպանություն է իրականցվում: Ռաբբի Ուոլդոկսին Վեհափառ Հայրապետին ներկայացրեց նաև հուշարձանի յուրաքանչյուր տարրի բացատրությունը` վերհիշելով, որ հրեաներն ունեն իրենց նշանակալի ներդրումը մարդկության պատմության և մշակույթի մեջ և որքան հաճախ են նրանք արյունահեղության և անհանդուրժողականության ենթարկվել: Հոլոքոստի հուշարձանի տարածքում շրջելուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունը հայտնեց պրն. Էնդրյու Տերսեյին` դատապարտելու համար բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են ընդունել Հայոց ցեղասպանությունը` բարոյապես աններելի նկատելով այդ մոտեցումը: Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց նաև Ամերիկայի հրեական համայնքի նախկին նախագահ պրն. Ջեյմս Կոֆմենին` մարդկության բարօրությանն ուղղված նրա ներդրումների համար: ՙՄեզ համար մեծ պատիվ է, որ Նորին Սրբությունը եկել է հարգանքի տուրք մատուցելու Հոլոքոստի անմեղ զոհերի հիշատակին: Մենք բարձր ենք գնահատում Հայոց Հայրապետի միասնականության դրսևորումը և ցանականում ենք, որ նա գիտենա, որ մենք նրան և հայ ժողովրդի հետ ենք. մի ժողովուրդ, որ տառապել է և 1915-1918 թթ. դաժան Ցեղասպանության ընթացում 1,5 միլիոն զոհ է տվել՚- ասաց պրն. Կոֆմենը: Այցի ընթացում ներկա էր նաև Ամերիկայի Հայկական Համագումարից պրն. Էնթոնի Պարսամյանը: ### ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 9, 2007թ. Կարդինալ Շոն Օ’Մելլին և Մասաչուսեթս նահանգի Եկեղեցիների խորհուրդը ճանաչում են Հայոց ցեղասպանությունը և խրախուսում Բոսթոնում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կառուցումը Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին հյուրընկալվեց Հռոմեակաթոլիկ Եկեղեցու Բոսթոնի թեմի արքեպիսկոպոս կարդինալ Շոն Օ’Մելլիի կողմից: Հանդիպմանը ներկա էին նաև այլ հոգևոր առաջնորդներ և Մասաչուսեթսի Եկեղեցիների խորհուրդի անդամներ: Մասաչուսեթսի Եկեղեցիների խորհուրդը բաղկացած է 17 Ուղղափառ և Բողոքական Եկեղեցիներից: Դիտորդի կարգավիճակով Խորհուրդի աշխատանքներում մասնակցություն ունի նաև Հռոմի Կաթոլիկ Եկեղեցին: Հանդիպմանը Խորհուրդի գործադիր տնօրեն Հայր Ջեք Ջոնսոնը ընթերցեց հետևյալ բանաձևը` ՙՄասաչուսեթս նահանգի Եկեղեցիների խորհուրդը հաստատապես ճանաչում է 1915թ. ապրիլի 24-ից մինչև 1923թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում Օսմանյան Կայսրությունում 1.5 միլիոն հայեր բնաջնջման ենթարկվեցին, և Փոքր Ասիայում իրենց նախնյաց երկրից վտարվեց գրեթե ողջ հայ բնակչությունը: Հայոց Եղեռնը ցեղասպանության ժամանակակից առաջին դեպքն էր, որը պետության քաղաքականությունն էր... Մասաչուսեթսի Եկեղեցիների խորհուրդը վճռում է` 1. Դիմադրել և կշտամբել Ցեղասպանությունը հերքողներին ¥անկախ այն հանգամանքից` դա արվում է ոճրագործությանը մասնակից լինելու, քաղաքական կամ կեղծ կրթաթոշակ ստանալու նպատակներով, թե զուտ անտարբեր լինելու պատճառով¤ այն գիտակցությամբ, որ ցեղասպանության ցանկացած հերքում միայն կխրախուսի ապագայում ցեղասպանության փորձերը. 2. Հիշել Հայոց ցեղասպանության զոհ դարձածների մասին և աղոթել վերապրածների խաղաղության համար, աղոթել մշտապես, որպեսզի այս նոր դարում Աստված մարդկությանը մեկընդմիշտ ազատի ցեղասպանության արհավիրքից՚: Այնուհետև Կարդինալ Շոն Օ’Մելլին ողջունեց Նորին Սրբությանը` անդրադառնալով Հռոմի Կաթոլիկ և Հայ Առաքելական Եկեղեցիների եղբայրական սիրուն, վերհիշեց մի քանի հայ հոգևորականների այցը իր նստավայր, երբ ինքը նշանակվեց Բոսթոնի արքեպիսկոպոս: Ապա կարդինալը իր խոսքն ուղղեց Հայոց Հայրապետին և Հայոց թեմի առաջնորդին. ՙԵս ցանկանում եմ ևս մեկ անգամ փաստել, որ ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը և այն տառապանքը, որ այն պատճառել է հայ ժողովրդին, ինչպես նաև ցանկանում եմ հայտնել, որ խրախուսում եմ Բոստոնում Հայոց ցեղասպանության հուշարձան կառուցելու ձեր ջանքերը՚: Հարկ է նշել, որ Մասաչուսեթսի իշխանությունները թույլատրել էին Բոսթոնի Գրինվեյում կառուցել Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան, սակայն 11 ժամ անց ընդունվեց առաջարկ, որը խափանեց հայերի ջանքերը: ### |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
![]() |
![]() |
![]() |
Thread Tools | |
Display Modes | |
|
|
|